«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Ազգն» արդեն տեղեկացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի Վանաձոր քաղաքում կայացած արտագնա նիստից որոշ մանրամասներ, այժմ ներկայացնենք նիստից հետո կայացած լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած խորհրդի կողմից հաստատված նյութերը։

Լոռու մարզպետարանում ստուգումներ են անցկացվել երեք ծրագրերի կատարողական փաստաթղթերում, դրանք են` քաղաքաշինական, սոցիալական ծառայության եւ մարզպետարանի ենթակայությամբ գտնվող վարձակալված հողերը։ Մարզի շինարարության ընդհանուր ծավալը եղել է 3 միլիարդ 170 միլիոն դրամ (2 տարվա) 1,5 միլիարդի աշխատանքներ ուսումնասիրվել են եւ հայտնաբերվել են 43 միլիոն 858 հազար դրամի ծավալային հավելագրումներ, որոնք ենթակա են վերականգնման` պետբյուջե։ 1 միլիոն 167 հազար դրամը եղել է փաստացի աշխատանքների գնային տարբերությունը եւ ընդհանուր գումարը կազմել է 45 միլ. 026 հազար դրամՙ վերականգման համար։

Սոցիալական ծառայությունների մասով ստուգումներից պարզվել է, որ «աջ ձեռքը չգիտի, թե ի՞նչ է անում ձախը», նշեց պրն Զաքարյանն ու պարզաբանեց, որ այդ գործառույթով պետք է զբաղվի մեկ կազմակերպություն, այլ ոչ թե երեք։ Նա նշեց նաեւ, որ սխալ տրված տեղեկանքների հիման վրա մարդկանց (մոտ 32 տոկոս) հատկացվել է նպաստային գումար, որը չպետք է ստանային։ «Այդ գումարները հետ պահանջել քաղաքացիներից հնարավոր չէ, մինչեւ արմատապես չփոխվի համակարգը», նշեց պրն Զաքարյանը եւ տեղեկացրեց, որ այդ երեւույթը կա նաեւ մի քանի մարզերում։ Իսկ թվային տվյալներով, մոտ 30 միլիարդից ավել գումար 52 սոցծառայողների միջոցով բաշխվում է բնակիչներին, որից մոտ 5-6 միլիարդ դրամՙ սխալ տրված փաստաթղթերի հիման վրա, կորուստ է եղել։ Քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների 90-95 տոկոսն արդեն վերականգնվել է` հատկապես շինարարության գծով։

Վանաձորի քաղաքապետարանի մասով արձանագրվել են 197 միլիոն 360 հազար դրամի խախտումներ տարբեր բնագավառներում։ Ստեփանավանում հայտնաբերվել են 31 միլիոն 439 հազար դրամի խախտումներ միայն քաղաքապետարանի մասով։ Ստուգումներից պարզվել է եւ պարտավորեցրել են «Թեղուտ» ՓԲԸ-ին, որ 245 միլիոն 476 հազար դրամ պետք է վճարվի Շնողի գյուղապետարանին եւ 76 միլիոն 852 հազար դրամ պետք է վճարվի Թեղուտի գյուղապետարանին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստուգումներից պարզվել է, որ «Զբոսաշրջության զարգացման պետական գոյծակալություն» ՓԲԸ-ին չորս տարի պետտուրք չի վճարվել, որը կազմել է 15 միլ. 500 հազար դրամ (տարեկան 600.000) եւ այն արդեն իսկ վերականգնվել է։ Հայ եւ Հայաստան բառերն օգտագործելու համար շուրջ 100 կազմակերպություններ խախտել են օրենքը եւ շուրջ 700 միլիոն դրամ գումար պետբյուջե մուտք չի արվել։ ՊՈՒԱԿ-ների գործունեությունների ուսումնասիրություններից պարզվել է, որ «Ալիխանյանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈՒԱԿ-ը 20 միլիոն դրամ է տրամադրել «Հայբուսակ» ինստիտուտին 675 քմ տարածք վերանորոգելու համար։ Այնուհետեւ, այդ նույն տարածքը վաճառվել է «Հայբուսակ» ինստիտուտին 25 միլիոնով, որից 5 միլիոնըՙ տուրք։ Պարզվել է, որ «Հայբուսակը» պետական միջոցներով վերանորոգել է 675 քմ տարածք ու առանց մի կոպեկ վճարելու, այդ նույն տարածքը գնել է։ Իսկ այժմ 20 միլիոն դրամը պետք է վերականգնվի պետբյուջե։

Ստուգումներից պարզվել է նաեւ, որ 70-91 տարեկան 183 գիտաշխատողներ ձեւակերպված են (անգամ 5 անձ մեկ ընտանիքից) ու աշխատանքի չեն գնում։ Արդյունքում Վերահսկիչ պալատը 50 միլիոն դրամ է որակել որպես անարդյունավետ ծախս։ «Գիտատեխնիկական» կենտրոն ՊՈՒԱԿ-ն այլ երկրներից գրականություն ձեռք բերելու համար վճարել է գումարներ։ Իսկ ստուգումից պարզվել է, որ 6 միլ. դրամի գրականություն չի ստացվել, որը պետք է վերականգնվի։ Մի քանի կազմակերպություններում էլ հայտնաբերվել են խախտումներ եւ նրանց պարտադրվել է վերականգնել գումարները։ Լուրջ խախտումներ են հայտնաբերվել չափագրումների եւ ստանդարտացման, փոքր եւ միջին բիզնեսի լիցենզիաների, սերտիֆիկատների տրամադրման եւ շատ այլ ուրիշ գործառույթներում։ Կան դեպքեր, որ ապրանքներին տրվել է սերտիֆիկատ (8 ժամ հետո) 41-ի փոխարեն, բայց ապրանքները չեն ներկրվել, կամ էլՙ օրինակ, առանց պիտանելիության կտրոնի (գինի, կոնյակ, շոկոլադ, օծանելիք եւ այլն) ներմուծվել են։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում ստուգումներից պարզվել է, որ Արփա-Սեւան թունելի հետ կապված 1 միլ. 890 միլ. դրամի խնդիր է առկա։ Վերանորոգման աշխատանքներին հատկացված գումարներում արձանագրվել է 31 միլ. 151 միլ. դրամի խախտում, որից 8,4 միլիոնը հավելագրում է, 22,7 միլիոնըՙ սարքավորումներ էին, որոնք չկային ու պետք է վերականգնվեն։ Մեկ այլ կազմակերպությունում հայտնաբերվել է 9,5 միլիոնի խախտում եւ պետք է վերականգնվի պետբյուջե։

Շիրակի եւ Լոռու մարզերում ջրահեռացման եւ ջրամատակարարման համար «Գերմանիայի զարգացման վարկերի բանկի» տրամադրած գումարներում ստուգումներից արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։ 689 ջրաչափ փաստացի չի եղել պահեստում (7,5 միլ. դրամ), եւ այդ փաստով հարուցվել է քրեական գործ։ Գերազանցվել է 1,6 միլիոն դրամ ջրաչափերի կանխավճարից, որը ստուգումների ընթացքում վերականգնվել է։ Իսկ ամենահետաքրքրական պահն այն էր, որ ստուգման ընթացքում 5 000 հատ ջրաչափ չի եղել, իսկ հետո ինչ-ինչ ճանապարհով հայտնվել է պահեստում։ Քանի որ բազմաթիվ ու բազմաբնույթ են խախտումները. Վերահսկիչ պալատի նախագահը խոստացավ 10 օրից ամբողջական չարաշահումների գումարները եւ պետբյուջե վերականգնվող գումարների չափերը հրապարակել, քանի որ հնարավոր են նոր մուտքեր չարաշահողների կողմից։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4