«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ՆՎԻՐՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

Հայը հավերժ է իր ազգային մշակույթով, ինքնատիպ արվեստով: 140 տարի առաջ ծնվեց նա, ով պիտի դառնար հայության հույսի ավետաբերը, ազգային նկարագրի խտացումն ու հայ բարձրարժեք մշակույթի տաղանդավոր մշակը: Նրա մեղեդին անզուգական է ու ինքնատիպ, մշտապես հուզող ու գրավիչ: Դա Կոմիտաս վարդապետն էր, որի նվագը այսօր էլ շարունակում է մնալ խորհրդավոր ու անքննելի, նրանով է սնվում ճշմարիտ արվեստագետի հոգին:

Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում անմահ Կոմիտասի 140-ամյա հոբելյանին նվիրված համերգների շարքը մարզերում ամփոփվեց գալա համերգով, նպատակ ունենալով հաղորդակից դարձնել կոմիտասյան մեղեդու հմայքներին, մեկ անգամ եւս արժեւորել հայ հանճարի վաստակը: Համերգին մասնակցում էր «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակըՙ Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վահան Գեւորգյան (թավջութակ), Վաչե Հովեյան (ալտ եւ քառյակի գեղարվեստական ղեկավար): Քառյակը ներկաներին պարգեւեց բարձրարժեք կատարողականով կոմիտասյան մեղեդիներ, որոնք առաջին անգամ էին հնչեցվում լարային քառյակովՙ «Ալ այլուխս», «Քելեր-ցոլեր», «Հաբրբան», «Վաղարշապատի պար» եւ շատ ուրիշ գործեր, որոնց կատարմամբ իր հրաշալի երգեցողությամբ քառյակին միացավ ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մայիլյանը: Ուշագրավ էր նաեւ Աննա Մայիլյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանի անդրանիկ համարըՙ Մակար Եկմալյանի «Ամեն Հայր Սուրբ» գործը, որի փոխադրումը դուդուկի եւ լարային քառյակի համար կատարել էր կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Վարդ Մանուկյանը: Համերգը եզրափակվեց պրեմիերայովՙ հնչեցվեց կոմպոզիտոր Վ. Մանուկյանի «Մանրանվագներ լարային քառյակի համար» ստեղծագործությունը, որը կոմպոզիտորը նվիրել է Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակին:

Համերգից հետո «Ազգը» շնորհավորելով կոմպոզիտորին, խնդրեց նշել, թե առաջիկայում ի՞նչ սպասելիքներ ունի քառյակից: «Այս կատարումները լսելով ես հասկացա, որ պետք է աշխատել այնպես, որպեսզի մեր ազգային երաժշտությունը նույնպես մտնի պրոֆեսիոնալ դաշտ ու ժողովրդական նվագարաններն ընդգրկվեն լարային քառյակի դասական երաժշտության ծրագրում, որը շատ ուսանելի ու նոր մատուցման, նոր ընկալման ձեւով սերունդներին փոխանցի այսպիսի մատուցումովՙ կոմիտասյան գոհարները»:

Պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի գնահատմամբ «Շատ կարեւոր իրադարձություն էր, որ վերականգնվեց Ա. Խաչատրյանի լարային քառյակը, որն իր ծրագրում ունենալով Կոմիտաս-Ասլամազյան, նաեւ Սայաթ-Նովա նորովի է մեզ մատուցում մեր արժեքները, դրանք համադրելով նոր մշակումների հետ: Կարծում եմ այս կերպ մատուցելը եզակի երեւույթ էր մեր երաժշտաշխարհում եւ շատ ողջունելի»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4