Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում նախորդ ամսվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով եւ տարին եզրափակել է 100-րդ տեղում: Եթե համեմատենք հավաքականի ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի հետ, ապա մեր ընտրանին դասակարգման ցուցակում 13 հորիզոնականով առաջադիմել է: 2009-ի հունվարին մեր հավաքականը 112-րդ տեղում էր, հետո նահանջեց 121-րդ հորիզոնական: Մարտին մեկ տեղով բարձրացավ, սակայն հետո սկսվեց նահանջըՙ 124-րդ, 125-րդ եւ 131-րդ հորիզոնական հունիսի դրությամբ: Հուլիսին հավաքականը տեղափոխվեց 122-րդ տեղ, ապա կրկին նահանջեցՙ 123-րդ եւ 125-րդ հորիզոնական: Հոկտեմբերին մեր ընտրանին միանգամից 25 հորիզոնականով առաջընթաց ունեցավ եւ եզրափակեց լավագույն հարյուրյակը: Ամենաբարձր ցուցանիշն այս տարի գրանցվեց նոյեմբերինՙ 99-րդ տեղ:
Նախորդ ամսվա համեմատ դասակարգման ցուցակում փոփոխություններն աննշան են: Ամբողջությամբ իրենց դիրքերը պահպանել են լավագույն տասնյակում տեղ զբաղեցնող հավաքականները: Ցուցակը գլխավորում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Բրազիլիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Անգլիայի եւ Խորվաթիայի ընտրանիները:
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից լավագույնը Ռուսաստանի ընտրանին է, որը 12-րդ տեղում է: Ուկրաինացիները 22-րդ հորիզոնականում են: Ադրբեջանի հավաքականը 114-րդ տեղում է, իսկ վրացիներն ընթանում են 124-րդ հորիզոնականում: Ամենացածր ցուցանիշն ունի Տաջիկստանի հավաքականը, որը 165-րդ տեղում է:
Իսկ այժմ անդրադառնանք մրցաշրջան-2009-ում Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին: Հավաքականն իր ցուցադրած խաղով եւ ցույց տված արդյունքներով հերթական անգամ հիասթափեցրեց ֆուտբոլասերներինՙ 2010-ի աշխարհի առաջնության ընտրական 5-րդ խմբում եզրափակելով մրցաշարային աղյուսակը:
Հավաքականը մրցաշրջանը սկսեց փետրվարի 11-ին Կիպրոսում Լատվիայի ընտրանու հետ ընկերական մրցախաղով: Յան Պոուլսենի սաներին չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալինՙ սեփականն էլ պահելով անառիկ: Մարտի 28-ին հայ ֆուտբոլիստները Երեւանում հյուրընկալեցին Էստոնիայի հավաքականին: Ֆուտբոլասերներն այդ խաղում մեր հավաքականից հաղթանակ էին ակնկալում, սակայն մերոնք հրաշքով խուսափեցին պարտությունից: Հաշիվը 33-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանըՙ բացելով իր գոլերի թիվը հավաքականում: Բայց ընդամենը 5 րոպե անց Վասիլեւը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 2-րդ խաղակեսում Զենյովն առաջ մղեց էստոնացիներին: Միայն խաղավարտից 3 րոպե առաջ Գեւորգ Ղազարյանին հաջողվեց հավաքականին փրկել խայտառակ պարտությունից:
Այդ խաղից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը պաշտոնանկ արվեց: 4 օր անց արդեն Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս ցավալի պարտություն կրեցին էստոնացիներից: Խաղավերջում Ռոբերտ Արզումանյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Նախապատրաստվելով աշնանը կայանալիք ընտրական մրցախաղերին, հավաքականը օգոստոսի 12-ին Երեւանում ընկերական խաղում ուժերը չափեց Մոլդովայի հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստները խայտառակ պարտություն կրեցին
1-4 հաշվով: Միակ գոլը խփեց Արարատ Առաքելյանը, իսկ Հովհաննես Գոհարյանն ու Սարգիս Հովսեփյանը չիրացրին 11 մ հարվածները:
Սեպտեմբերի 5-ին Երեւանում Բոսնիայի հավաքականի հետ խաղում հայ ֆուտբոլասերները վերջապես ընդվզեցին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրին: 0-2 հաշվի ժամանակ տրիբունայում «Հերիք է մեզ խայտառակեք» մակագրությամբ ցուցապաստառ հայտնվեց, իսկ ֆուտբոլասերները բացականչում էին. «Ամո՛թ, Մինասյան հեռացիր, Հայրապետյան հեռացիր»:
Դժվար է ասել, թե դա ինչ ազդեցություն ունեցավ, սակայն 4 օր անց մեր հավաքականն ընտրական մրցաշարում իր առաջին հաղթանակը տոնեցՙ 2-1 հաշվով հաղթելով բելգիացիներին: Հաղթանակն ապահովեցին Հովհաննես Գոհարյանի եւ Սարգիս Հովսեփյանի խփած գոլերը: Վերջին երկու հանդիպումներում մեր հավաքականը զիջեց մրցակիցներին: Երեւանում իսպանացիների հետ խաղն ավարտվեց 1-2 հաշվով (գոլըՙ Ռոբերտ Արզումանյան), իսկ Թուրքիայում հայերը կրկին պարտվեցին 0-2 հաշվով:
Ընտրական հերթական մրցափուլի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կրկին առանց գլխավոր մարզչի է մնացել: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում էր հրավիրել ուրուգվահայ Սերխիո Մարգարյանին, սակայն վերջինս հրաժարվել է գլխավորել ՀՀ հավաքականը: Ամենայն հավանականությամբ, հավաքականում աշխատանքը կշարունակի Վարդան Մինասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ