Երեւանի «Հատիսը» հաջողությամբ հաղթահարեց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության նախնական փուլի արգելքը եւ մտավ 1/16 եզրափակիչ: Երեկ մեր բասկետբոլիստուհիները «F» խմբի ընտրական մրցաշարի վերջին խաղում 78-74 հաշվով հաղթեցին թուրքական «Բեշիքթաշին»ՙ խմբում գրավելով 2-րդ տեղը:
Ստացվել էր այնպես, որ մինչեւ հանդիպումը երկու թիմերն էլ արդեն իրավունք էին ստացել շարունակելու պայքարը Եվրոգավաթի խաղարկությունում: Հանդիպման նախօրեին նրանց համար հաջորդ փուլի ուղեգիր էր ապահովել «F» խմբի առաջատար հունական «Աթինաիկոսը», որը Վոլոգդայում 80-79 հաշվով պարտության էր մատնել «Չեւակատային»: Այնպես որ «Հատիսն» ու «Բեշիքթաշը» երեկվա խաղում միայն պետք է վիճարկեին 2-րդ տեղը, ինչը հնարավորություն կտար 1/16 եզրափակիչում ավելի թույլ մրցակցի հետ մրցելու:
Սակայն անկախ ամեն ինչից, երեկվա հանդիպումը սկզբունքային բնույթ էր կրում եւ «Հատիսը» գործադրեց բոլոր ջանքերը Երեւանում էլ թուրքերին հաղթելու համար:
Առաջին խաղափուլը «Հատիսը» շահեց 24-17 հաշվով, երկրորդի ավարտից հետո մեր թիմն առջեւում էր 8 միավորի տարբերությամբ (39-31): 3-րդ եւ 4-րդ խաղափուլերում էլ պատկերը չփոխվեց ու «Հատիսը» խաղը հասցրեց հաղթական ավարտի` 78-74:
Շնորհավորում ենք «Հատիսին» եւ հաջողություններ մաղթում հետագա հանդիպումներում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ