Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, դեկտեմբերի 17-ին պատասխանել է ամերիկյան CBS հեռուստաընկերության հարցերին: 60 րոպեանոց հարցազրույցի ընթացքում նա մեղադրել է Թուրքիային, ընդգծելով, որ իրենք չեն կարողանում օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնք սահմանադրությամբ տրամադրված են երկրի քաղաքացիներին:
Ի պատասխան հարցազրույցը վարող Բոբ Սիմոնի «Դուք հույն եք: Ինչո՞ւ Հունաստան չեք տեղափոխվում» հարցին, տիեզերական պատրիարքն ասել է. «Որովհետեւ սիրում ենք մեր երկիրը: Այստեղ ենք ծնվել: Այստեղ էլ պետք է մահանանք: Մեր պատրիարքարանը 17 դար շարունակ այստեղ է գործել: Զարմանում եմ, թե Թուրքիայի ղեկավարությունը պատրիարքարանի պատմության նկատմամբ ինչո՞ւ հարգանք չի տածում»:
Բարդուղիմեոս պատրիարքը միաժամանակ նշել է, որ այն քաղաքը, որտեղ պատրիարքարանն է գործում, քրիստոնյաների համար Երուսաղեմի շարունակությունն է, եւ ավելացրել. «Նա մեզ համար սրբավայր է: Թեեւ այստեղ մեզ երբեմն Քրիստոսի նման խաչում են, սակայն մենք նախընտրում ենք այս քաղաքում ապրել, որովհետեւ Հիսուս Քրիստոսին ոչ միայն պետք է հավատալ, այլեւ հարկավոր է նրա նման զրկանքներ կրել»:
CBS հեռուստաընկերության հարցազրույցն ամբողջությամբ հեռարձակվելու է կիրակի օրը:
Հ. Չ.