«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ 2009 թ. դեկտեմբերի 8-ի խորհրդի նիստի

2009 թ. դեկտեմբերի 8-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Գրիգոր Ղոնջեյանը, Ահարոն Չիլինգարյանը եւ Անդրանիկ Նորեկյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ, առկա նոր տեղեկատվության հիման վրա, գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական եւ դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումների վերաբերյալ: Համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումներն ընթացիկ ժամանակահատվածում ուժգնացել են` պայմանավորվելով հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Այս զարգացումները, զուգորդվելով տնտեսական ակտիվության վերականգնման շարունակվող միտումներով, ավելացրել են գնաճային ճնշումները ներքին շուկայում:

2009 թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4.6%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1.1 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային ապրանքների գները աճել են 1.8%-ով (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 1.4%-ով (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով (նպաստումը գնաճին` 0.03 տոկոսային կետ): Նոյեմբերի գնաճը հիմնականում պայմանավորված է ներմուծվող ապրանքների, հատկապես շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի գների աճով, ինչպես նաեւ բանջարեղենի, ձկնամթերքի, մրգի գների սեզոնային աճով: Ոչ պարենային ապրանքների կազմում գնաճ է տեղի ունեցել գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով, ընդ որում առավել նշանակալի է եղել բենզինի գնի աճը, որը կազմել է 4.5%` նպաստելով ընդհանուր գնաճին 0.1 տոկոսային կետով:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո Խորհուրդը սկսեց իր քննարկումները արտաքին եւ ներքին փաստացի եւ ակնկալվող զարգացումների վերաբերյալ: Խորհրդի անդամները համաձայնեցին, որ տնտեսական զարգացումները բնութագրող ավելի շատ ցուցանիշներ են սկսում վկայել համաշխարհային տնտեսության վերականգնման մասին, մասնավորապես 2009 թ. երրորդ եռամսյակում գրեթե բոլոր առաջատար երկրները արձանագրել են տնտեսական աճ: Համաշխարհային տնտեսության վերականգնման նման ընթացքն իր ազդեցությունն է ունեցել նաեւ հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների վրաՙ աճի ուղղությամբ: Գնաճի արագացում է նկատվում ամբողջ աշխարհում, որի հետեւանքով ավելի ու ավելի երկրներ են հայտարարում խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություններից աստիճանական հրաժարման մասին: Այսպես, գերակշռում են այն գնահատականները, որ զարգացած երկրները, հատկապես Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն, քանակական խթանման ծրագրերը կրճատելուց հետո արդեն 2010 թ. առաջին կիսամյակում կանցնեն տոկոսադրույքների բարձրացմանը: Ինչ վերաբերում է զարգացող երկրներին, ապա նրանք ստիպված կլինեն ավելի շուտ անցում կատարել զսպողական քաղաքականության իրականացման` պայմանավորված այս երկրներում կապիտալ ներհոսքի արագացման, համախառն պահանջարկի եւ տնտեսական ակտիվության ավելի արագ վերականգնման սպասումներով: Վերոնշյալ գնահատականների պայմաններում գերակշռում են հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների հետագա աճի կանխատեսումները` ավելացնելով գնաճային սպասումներն ապագայի համար:

Անդրադառնալով ներքին միջավայրի զարգացումներին, Խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՆԱ կայունացման միտումները պահպանվել են` պայմանավորվելով օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում արձանագրված աճերով: Այս պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի անկման տեմպերը շարունակել են դանդաղել` հունվար-հոկտեմբերին կազմելով տ/տ 17.5%` հունվար-հուլիսին արձանագրված 18.5% նվազման դիմաց: Քննարկելով 2010 թ. ընթացքում ակնկալվող զարգացումները` Խորհուրդը փաստեց նաեւ, որ չնայած 2010 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված (ներկա պահին հաստատված) պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ որոշակիորեն կրճատվելու է, սակայն դեռեւս պահպանվելու է բարձր մակարդակի վրա, ինչը շարունակելու է նշանակալի ընդլայնող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա:

Խորհուրդը քննարկեց նաեւ ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Խորհուրդը փաստեց, որ նոյեմբերին տնտեսության դոլարայնացման տեմպերը շարունակել են արագանալ` հանգեցնելով դրամային շուկաներում տոկոսադրույքների հետագա աճի եւ տատանողականության պահպանման: Մասնավորապես, պետական արժեթղթերի շուկայի եկամտաբերության կորի հատկապես կարճաժամկետ հատվածում նկատվել է տոկոսադրույքների շուրջ 1.5% աճ: Ինչ վերաբերում է եկամտաբերության կորի ավելի երկարաժամկետ հատվածին, ապա մասնավորապես 3-ից 5 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի տոկոսադրույքն աճել է ընդամենը 0.1-0.4 տոկոսային կետով` կազմելով 12.6-13.2%: Միաժամանակ, շարունակել է պահպանվել վարկային շուկայի ակտիվությունը` պայմանավորված նաեւ ՀՀ ԿԲ եւ Կառավարության համատեղ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շրջանակներում բանկային համակարգի միջոցով տնտեսության վարկավորման ծրագրերի իրականացմամբ, իսկ վարկերի տրամադրման պայմաններն ընթացիկ ժամանակահատվածում էապես չեն փոփոխվել:

Մակրոտնտեսական արտաքին եւ ներքին միջավայրի, ֆինանսական շուկայի զարգացումների քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների քննարկմանը: Խորհուրդը համաձայնեց, որ կանխատեսվող 12-ամսյա հորիզոնում համաշխարհային տնտեսության աճի ներքո սպասվող գնաճային ճնշումների ավելացման, ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության, ներքին տնտեսական ակտիվության վերականգնման եւ համախառն պահանջարկի աստիճանական աճի գնահատականների պայմաններում գերակշռելու են գնաճի տեմպի հետագա ավելացման ռիսկերը: Միաժամանակ, շրջանառվող տեղեկատվության համաձայն, բարձր է նաեւ 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների աճի եւ վերջինիս հետեւանքով ուղղակի եւ անուղղակի գործոններով պայմանավորված լրացուցիչ գնաճային ռիսկերի դրսեւորման հավանականությունը: Միաժամանակ, Խորհուրդը փաստեց, որ չնայած արձանագրվող դրական միտումներին, տնտեսության վերականգնման տեմպերը դեռեւս բավարար չեն եւ պահպանվում է տնտեսական ակտիվության հնարավորինս խթանման արդիականությունը: Վերոնշյալ գնահատականների պայմաններում Խորհրդի քննարկումները կենտրոնացան դրամավարկային քաղաքականության երկու սցենարների շուրջՙ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.50 տոկոսային կետով բարձրացման կամ տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանման: Կարծիքների փոխանակման արդյունքում, Խորհուրդը որոշեց դեռեւս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%: Ներգրավված ավանդների եւ լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբարՙ 2.00% եւ 8.00%:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4