«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ՀԱՅԻ ՄԵՋ ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅԻՆ

Կա մի թեմա, որն ինձ հուզում է արդեն երեսուն տարուց ավելի: Հասկանում եմ, դա նուրբ, վիճելի, գուցե նաեւ վտանգավոր թեմա է: Դա Սփյուռքն է եւ մայրենի լեզուն, հայոց մայրենի լեզուն: Ամենից հաճախ դրա շուրջը ոչ թե վիճում են, այլ պարզապես հայտարարում իբր հայտնի այն ճշմարտությունը, թե տատիկների ու պապիկների հեռանալուց հետո օջախում մահանում է նախ եւ առաջ լեզուն, եւ նոր սերունդն իբր չի տիրապետում հայերենին: Իսկ առանց մայրենի լեզվիՙ վերջ ամեն ինչին: Նույնիսկ դպրոցների առկայության դեպքում երեխաների մեծ մասը չգիտե լեզուն: Դա կյանքի իրողություն է: Բայց դատողություններ անելն անհրաժեշտ է, մանավանդ որ մեր գիտաժողովը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը, որը մեր ժողովրդին փաստորեն փրկեց հենց այդ խնդրի լուծման շնորհիվ:

Մոնտեվիդեոյի նավամատույցից «Արմենիայի» հեռանալու օրը մենք որոշեցինք քաղաքում ձեռք բերել զուտ ուրուգվայական հուշանվերներ: Անձնակազմի 6 անդամներով քայլում էինք կենտրոնական փողոցով, իսկ մեր շապիկների վրա լատինատառ գրված էրՙ ARMENIA: Մեզ մոտեցավ ամրակազմ մի պատանի եւ ուրախությունից ճառագելով փորձեց մեզ իսպաներեն բացատրել, որ ինքը հայ է: Արիկը (Արմեն Նազարյանը) խոսեց անգլերեն, եւ գործը փոքր-ինչ հեշտացավ: Առհասարակ Իսպանիայում եւ իսպանախոս երկրներում չեն խոսում անգլերեն. տպավորությունն այնպիսին է, ասես սկզբունքորեն չեն ուզում խոսել: Պարզվեց, որ պատանին երկու օր առաջ իմացել է «Արմենիայի» ժամանելու մասին, եկել է նավահանգիստՙ ամեն ինչ անձամբ տեսնելու, երկու գիշեր չի քնել, մտածելով, որ ինքը հայ է: Նրա ծնողները հայերեն չեն խոսում: Ինքը հայերի չորրորդ կամ հինգերորդ սերնդից է: Ազգանունը պահպանվել է. նրան կոչում են Մարսելլո Էլմասյան: Միասին լուսանկարվեցինք: Հրաժեշտի պահին նրա աչքերում արցունքներ նկատեցի:

Ավա՜ղ, մայրենի լեզվի կորուստը կյանքի դաժան իրողություն է: Նախանցյալ դարի վերջին առաջին քաղաքական կուսակցությունների աշխատանքային լեզուն ռուսերենն էր, բայց խոսողները իսկական հայեր էին, որոնք գնում էին մեռնելու հանուն հայրենիքի փրկության: Իմաստնագույն Մխիթար Սեբաստացու ժամանակներումՙ 17-18-րդ դարերում հայերի հսկայական զանգվածներ հայրենի հողի վրա այլեւս չէին տիրապետում մայրենի լեզվին (ահա թե որտեղ էր ցեղասպանության սկիզբը, եւ ոչ թե միայն 1915-ին): Եվ Սեբաստացին ստիպված էր թուրքերենով հայոց լեզվի քերականության դասագիրք ստեղծել:

Ժամանակին ես այցելել եմ սինագոգներ, զրուցել հրեա ռաբբիների հետ: Ամբողջ երկու հազար տարի իսրայելցիները, տեսնելով, որ օտարության մեջ անհնար է պահպանել լեզուն, ջանացել են հրեային հրեա պահել: Այդ նպատակով սինագոգներում հենվում էին ներգործուն լուսավորչականության, ամուսնության եւ ընտանիքի խնդրի լուծման հարցերի վրա: Ըստ էության, նույնը եղել է մեզ մոտ: Ժամը եկավ, խոսեցինք եւ ստեղծագործեցինք մայրենի լեզվով:

Ուզում եմ ասել, որ պետք չէ խուճապի մատնվել: Հարկավոր է միայն թեւաթափ չլինել: Ուրուգվայում (եւ ամենուրեք) հայկական դպրոցներում մեծամասնությունը փաստորեն չի խոսում հայերեն, բայց բոլորը հանգիստ ասում են «Հայր մերը», երգում հայկական երգեր, պարում հայկական պարեր, թեկուզ օտար լեզվով ուսումնասիրում հայոց պատմություն: Լիբանանում, Սիրիայում եւ այլուր տվյալ հարցը սրությամբ չի դրված, բայց այնտեղ իրավիճակն ուրիշ է: Գրեթե ամենուրեք այդ հարցի լուծման մեջ վիթխարի դեր են խաղում կուսակցությունների եւ բարեգործական կազմակերպությունների բազմաթիվ կառույցներ եւ, իհարկե, եկեղեցին, որն օտար ափերում հայի մեջ հային պահպանելու երկար շղթայի ամենագլխավոր օղակն է:

Մարսելլո Էլմասյանը հետաքրքրվում է իր ժողովրդի պատմությամբ, տեսնում հայկական երազներ եւ առանց գովազդի զբաղվում բարեգործությամբ: Իհարկե, անհնար է Սփյուռքում որեւէ բան կազմակերպել առանց բարեգործության եւ գործարարության: Պարտադիր չէ, որ բոլորը լինեն Գյուլբենկյաններ, Մանուկյաններ, Քըրքորյաններ, Էռնեկյաններ: Առօրյա կյանքում հսկայական դեր են խաղում այսպես կոչված միջակ գործարարները: Եվ որքան շատ են նրանք, այնքան բարգավաճ է համայնքը:

Րաֆֆի Իսագուլյանը ծնվել է Իրանում: Դպրոցական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Դպրոցն ավարտել է Մասիսում, ծառայել խորհրդային բանակում: Ամուսնացել է: Ունի երկու զավակ: Հայաստանի համար ծանր տարիներին ընտանյոք տեղափոխվել է Ռուսաստան, այնտեղիցՙ Բարսելոն եւ ի վերջո Ուրուգվայ: Ասում է, ինքը վստահ է եղել, որ անգործ չի մնա եւ կպահի ընտանիքը: Դիմել է Ուրուգվայի հայոց թեմի առաջնորդ Հակոբ սրբազանին, ասելով, որ պատրաստ է անել ամեն տեսակ աշխատանք: Սկսել է որպես սեւագործ բանվոր, իսկ հիմա ունի ռեստորան եւ խանութներ: Եվ դրանք բոլորը կոչվում են «Րաֆֆի»: Ինձ հետ զրուցելիս Րաֆֆին նաեւ ասաց. «Հաճախ համոզում եմ հայրենակիցներիս, որ եթե ոչինչ չի ստացվում, ուրեմն հարկավոր է վերադառնալ տուն, այլապես կդառնաս մուրացկան կամ կսողոսկես քաղաքականություն»:

Մեկ ուրիշ օրինակ է Կարո Հեքիմյանը: Վաթսուներեք տարեկան է: Ծնվել է Երուսաղեմում: Քսան տարի առաջ տեղափոխվել է Արգենտինա: Ունի փոքր բիզնես, բայց ամբողջովին նվիրված է հայ համայնքին: «Ռադիո-Կոմիտաս» ստուդիայի գլխավոր խմբագիրն է: Քաղաքում ավտոխցանումների ժամանակ երկու անգամ լսել եմ նրա հաղորդումները: Դրանցում ամեն ինչ կաՙ լուրեր, մեկնաբանություններ, դպրոցի, բարեգործության, պատմության մասին, հանգուցյալ հայրենակիցների ռադիոհոգեհանգիստՙ նրանց կյանքի համառոտ պատմությամբ, ինչպես նաեւ երաժշտություն, երգեր: Թերեւս ամեն ավտոմեքենայում կա «Կոմիտաս» (այդպես են անվանում ստուդիան): Ամեն նախադասություն, ամեն բառ թարգմանվում է իսպաներեն: Դա դյուրացնում է հայերին եւ Հայաստանին վերաբերող տեղեկատվության ընկալումը:

Շատերն ասում էին, որ իրենք մտածում են հայ երիտասարդության հանդիպումները հաճախակի դարձնելու մասին: Քանզի մեծ սրությամբ ծառացած է (քրիստոնեական երկրներում) խառը ամուսնությունների խնդիրը:

Ուշ երեկոյան «Արմենիան» մեկնեց դեպի Բուենոս Այրես: Նավահանգստում մեզ սպասում էր Կարոն իր որդուՙ Անդրանիկի հետ: Կարոն իր «Պատագոնիա» զբոսանավով մեզ ուղեկցելու էր մինչեւ Բուենոս Այրես: Երբ տեսանելի դարձան քաղաքի ուրվագծերը, Հայկը տեղափոխվեց «Պատագոնիա» եւ սկսեց նկարահանել «Արմենիան»:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա» նավ, Ատլանտյան օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4