«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2009-12-17 | #232, 2009-12-18 | #233, 2009-12-19


ՄԱՐԻԱ ԿԱԼԼԱՍԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԻԱԿԱՆ 2 ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ

Ամռանը, երբ Կաննի կինոփառատոնի հյուրերը հավաքվել էին «Մարտինեզ» հյուրանոցում նշելու Պիեր Պաոլո Պազոլինիի աղմկահարույց «Մեդեա» ֆիլմի 40-ամյակը, հանդիսությունների դահլիճում ցուցադրվում էին Կալլասի անձնական ոսկյա զարդերըՙ նույնիսկ «Տրավիատայի» դերակատարման ժամանակ կրած ադամանդյա վզնոցը: Ցուցադրության մեջ տեղ էին գտել նաեւ բազմաթիվ մինչ այդ անհայտ լուսանկարներ Մերիլին Մոնրոյի, Էլիզաբեթ Թեյլորի եւ Գրեյս Քելլիի հետ: Այդ ցուցանմուշներով տարված հրավիրյալներն այդպես էլ չիմացան, որ կուլիսների ետեւում պրոդյուսերները ծրագրում էին «Լա Դիվինա» անունով ճանաչված երգչուհու կյանքի սիրո պատմությունը դարձյալ էկրան բարձրացնել:

«Օբզերվըր» թերթը տեղեկացնում է, որ բրիտանացի հեղինակների գրած 2 սցենարները մրցակցության մեջ են, թե դրանցից ո՞րն առաջինը կպատմի օպերային հռչակավոր երգչուհի Մարիա Կալլասի սիրո պատմությունը: Գաղտնիքն այս շաբաթ բացահայտվեց. բրիտանական «Ֆյուչըր ֆիլմզ» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել իտալացի գրող Ալֆոնսո Սինյորինիի հայտնի «Այնքան հպարտ, բայց նաեւ այնքան փխրուն» գրքի հիման վրա: «Կալլաս» վերնագրով բրիտանա-իտալական արտադրության ֆիլմը կպատմի Արիստոտել Օնասիսի հետ երգչուհու փոթորկալից հարաբերությունների մասին: Գլխավոր դերի հավակնորդներ են Աննա Հաթաուեյն ու Պենելոպե Կրուզը: Սցենարը գրել է Նայալ Ջոնսոնը:

«Առհասարակ այդպիսի կենսագրական ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը չափազանց մեծ է: Մարդիկ ցանկանում են բացահայտել տաղանդավոր մարդկանց կյանքի թաքուն «ծալքերը»: Եթե Կալլասի երկնային ձայնն օրհնություն էր նրա համար, ապա տաղանդըՙ մեծ բեմ էր, քանի որ նա ստիպված էր պայքարել բեմի վրա ոչ միայն կարճատեսության, այլեւ իր մեծագույն մրցակցիՙ Ռենատա Տիբալդիի դեմ», ասել է պրոդյուսեր Սթիվն Մարգոլիսը:

Մյուս սցենարը գրել է օսկարակիր Ջուլիան Ֆելոուեսը, ըստ Նիկոլաս Գեյջի կենսագրական գրքի: «Հունական կրակ» նախնական վերնագիրը կրող ֆիլմում նկարահանվելու է ամերիկացի դերասանուհի Էվա Մենդեսը: Ֆիլմի հիմքում դարձյալ ընկած է Օնասիսի եւ Կալլասի ռոմանտիկ սիրո պատմությունը, Օնասիսի դավաճանությունը եւ 1968-ին այրիացած Ժակլին Քենեդիի հետ ամուսնությունը:

Հանրահայտ սոպրանոյի սիրո պատմության մասին 2002-ին ֆիլմ էր նկարահանել իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին, իսկ դրանից առաջՙ ամերիկացի դրամատուրգ Թերենս Մքնալլին գրել էր «Մաստեր կլաս» պիեսը, որը 1996-ին արժանացել էր «Թոնի» մրցանակինՙ «լավագույն պիես» անվանակարգում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4