Այս մասին, ինչպես դեկտեմբերի 20-ի համարում գրել է «Հյուրիեթը», անձամբ հայտարարել է Վանի նահանգապետ Մունիր Քարալօղլուն , ասելով. «Պաշտոնական գրությամբ դիմել ենք մշակույթի նախարարություն, որ Աղթամարի հայկական եկեղեցին դառնա գործող: Անկարայում ես անձամբ հանդիպեցի նախարարության վարչության պետին, ասացի, որ համապատասխան գրություն եմ ուղարկել նաեւ թանգարանների գլխավոր գերատեսչություն: Ինքն անձամբ հեռախոսով կարգադրեց: Առաջիկա սեպտեմբերի 12-ին մեր բոլոր հայ քաղաքացիներին ժամերգության ենք սպասում Վանի Աղթամար եկեղեցում: Նրանց ցույց ենք տալու այն հյուրասիրությունը, ինչն արժանավայել է Վանի բնակիչներին»:
Նահանգապետը միաժամանակ ասել է, որ եկեղեցին գործող դարձնելու դեպքում Հայաստանից եւ Իրանից դեպի Վան զբոսաշրջիկների ներհոսք կկատարվի, ապա եւ ավելացրել է. «Մարդիկ կարող են մեկօրյա այցով ժամանել Վան կամ շաբաթվա ազատ օրերն անցկացնել Վանում ու վերադառնալ: Հայաստանի հետ սահմանի բացման ուղղությամբ մեր կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում: Վանն այն քաղաքներից է, որն առավելագույնս կօգտվի Հայաստանի հետ սահմանի բացումից: Մենք դա գիտենք եւ զգում ենք»:
«Հյուրիեթը» նշում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման համար հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններով շրջանառության մեջ դրված «Հայկական նախաձեռնությանն» աջակցող տուրիստական ընկերությունները դիմել են Էրդողանի կառավարությանը, պահանջելով գործող դարձնել Վանա լճի Աղթամար կղզու Ս. Խաչ հայկական եկեղեցին:
Հ. Չ.