Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն
Նախորդ համարում «Ազգն» անդրադարձել էր Կ. Պոլսո հույն-ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքի ՙ ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, նշելով, որ հարցազրույցն ամբողջությամբ հեռարձակվելու է կիրակի օրը: Հարցազրույցում տիեզերական պատրիարքն ասել է. «Մենք Թուրքիայում երկրորդ կարգի քաղաքացիներ ենք, երբ պահանջում ենք մեր սահմանադրական իրավունքները, մեզ ասում են. «Ինչո՞ւ Աթենքում մզկիթ չկա»: Կարծես մենք ենք դրա պատասխանատուն: Թուրքիայում ես ինձ Քրիստոսի պես խաչված եմ զգում»:
Բարդուղիմեոս պատրիարքի այս խոսքերը լայն արձագանք են գտել Թուրքիայում: Արձագանքները հակասական են, մեծապեսՙ դատապարտող: «Հյուրիեթի» դեկտեմբերի 20-ի համարում «Կեցցե՜ պատրիարքը» վերնագրով հոդվածում նրան ողջունել է Ահմեդ Հաքանը, գրելով. «Սիրտս մղկտում է, երբ մեր երկրի ազգային փոքրամասնություններն իրենց իրավունքները պաշտպանելիս զիջողական ոճով են հանդես գալիս: Բայց ի՞նչ անեն, զիջողական ոճն անգամ նրանց չի փրկում ատելության թիրախ դառնալուց: Չհարուցված մեղադրա՞նք են թողել հունաց պատրիարքի դեմ, թե՞ Ստամբուլը Բյուզանդիոն է դարձնելու, եթե պատրիարքը «տիեզերական» կոչվի, ապա քարուքանդ կլինենք, հույն հոգեւոր ճեմարանի հետ կապված հազար ու մեկ ծրագրեր ունեմ... Հենց դրա համար էլ Հույն ուղղափառ եկեղեցու Բարդուղիմեոս պատրիարքի հարցազրույցը մեծ գոհունակություն պատճառեց ինձ: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրիարքի հայտարարություններին արձագանքել է հետեւյալ խոսքերով. «Կհուսամՙ լեզվի սայթաքում է կատարվել»: Նրա խոսքերի սպառնալից» ոճն անգամ բավական է պատրիարքի իրավացիությունը հաստատելու համար»:
Հիրավի, Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես դեկտեմբերի 20-ին վկայել է «Ենի շաֆաքը», բուռն հակազդեցություն է ցույց տվել Բարդուղիմեոս պատրիարքի. «Թուրքիայում ես ինձ Քրիստոսի պես խաչված եմ զգում» խոսքերին: Նա մասնավորապես ասել է. «Նրա «խաչվելու» համեմատությունը համարում ենք վերին աստիճանի անփառունակ արտահայտություն: Մեր պատմության մեջ, ինչպես նաեւ ավանդույթում, երբեւէ խաչ չի եղել եւ չի լինելու... Կուզենայի ընդգծել, որ այդ արտահայտությունը ոչ մի կերպ չեմ կարողանում համադրել պատրիարքի հասուն ինքնության հետ: Թուրքիայի եւ թուրք ազգի պատմությունը խարխսված է հանդուրժողականության վրա: Դրա լուռ վկաները դարերն են, պատմությունը եւ պատմական եկեղեցիները: Կհուսամ, որ այդ արտահայտությունը լեզվի ավելորդ սայթաքում է: Մեր բոլոր քաղաքացիներն էլ իրավահավասար են: Երկրում չի կարող խնդրո առարկա լինել դրական կամ բացասական իմաստով խտրականությունՙ հատկապես կրոնի հարցերում: Դա անհարիր է մեր ավանդույթներին: Եթե մեծարգո Բարդուղիմեոսը դժգոհություններ ունի, ապա կարող է մեզ դիմել, մենք պատրաստ ենք նրան լսելու եւ ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Սակայն չենք կարող ընդունել հանիրավի համեմատությունը»:
Ըստ «Ենի շաֆաքի», այս շաբաթ Բարդուղիմեոս պատրիարքը թյուրիմացությունների տեղիք չտալու համար հանդես է գալու հայտարարությամբ, որի մասին մամուլին իրազեկել է պատրիարքի փաստաբան Քեզբան Հաթեմին, որը նաեւ անձնական խորհրդականն է:
Հ. ՉԱՔՐՅԱՆ