«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ Է, ԲԱՅՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԷ

Եվրոմիության որոշման համաձայնՙ անցած շաբաթ օրվանից Սերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիները կարող են առանց վիզաների մեկնել Եվրոմիության երկրներ: Այս կապակցությամբ Թուրքիայի ղեկավարությունը, ի դեմս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, անմիջապես հայտնել է իր դժգոհությունը, որ Եվրոմիությունը նույն քայլը չի անում նաեւ թուրք քաղաքացիների համար. «Դա անչափ անարդար է, որ Բալկանյան երկրների քաղաքացիներին թույլատրվել է այցելել Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց մուտքի վիզաների: Փաստ է, որ նրանցից ոչ մեկը առաջ չէ Թուրքիայից Եվրոմիության ճանապարհին», նկատել է Դավութօղլուն:

Եվրոմիության այս որոշման համաձայն, փաստորեն Բալկանյան վերոհիշյալ երկրների քաղաքացիներն արդեն կարող են իրենց անձնագրերով անարգել այցելել Եվրոմիության բոլոր երկրները, բացի Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից: Բալկանացիների համար «փակ դռներ» չկան նաեւ Շվեյցարիայում, Իսլանդիայում եւ Նորվեգիայում: Իսկ, մյուս կողմից, թուրքական իշխանությունները բազմիցս են արդեն հայտնել դժգոհություն իրենց` Եվրոմիությանը անդամակցելու գործընթացի ձգձգումից, որը սկսվել է դեռ 2005-ին: Սակայն, ամենայն հավանականությամբ, կոնկրետ Սերբիան ավելի շուտ կանդամագրվի Եվրոմիությանը: Շաբաթ օրը բալկանյան այդ երկրի նախագահ Բորիս Տադիչը եւ երկրի վարչապետ Միրկո Ցվետկովիչը անդամակցելու պաշտոնական հայտ են ուղարկել Եվրոմիությանը: Իսկ այդ կառույցում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդը հաստատել է Սերբիայի հայտի առկայությունն ու նշել, որ Սերբիան կատարել է լուրջ պատմական քայլ: Գերմանական «Բիլդ» պարբերականն էլ իր հերթին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին սերբական հայտը պաշտոնապես կփոխանցվի Շվեդիայի վարչապետին` հաստատվելու համար:

Իսկ թուրքերը, եվրոպացի բազմաթիվ փորձագետների կարծիքով, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը արգելելուց հետո բավականին հեռացան Եվրոպայից, կամ, ավելի ճիշտ, «եվրոպականից»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4