«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ «ԱՆԱԶԱՏ» ՄԱՄՈՒԼՈՎ «ՀԱՐԵՎԱՆԸ»

Եվրոխորհրդարանը, որ Եվրոմիության կառույցներից է, վերջերս հանդես էր եկել Ադրբեջանի առնչությամբ քննադատական բանաձեւով` անդրադառնալով մեր հարեւան երկրում ազատ խոսքի եւ ազատ արտահայտվելու առումով առկա խնդիրներին: «Ազգն» արդեն տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին Եվրոխորհրդարանը բանաձեւ էր ընդունել` ամենից առաջ դատապարտելով երկու բլոգերների ձերբակալությունը Ադրբեջանում:

Երեկ հարեւան երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, մեկնաբանելով Եվրոխորհրդարանի մոտեցումն Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության ու ընդհանրապես ուժային կառույցների ու լրատվության կապվածության վերաբերյալ: Մասնավորապես, ըստ «Թրենդ» գործակալության, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Եվրոխորհրդարանը այդ քննադատող բանաձեւով հերթական անգամ հանդես է բերել կրկնակի ստանդարտների կիրառում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հատկապես ընդգծել է, թե Եվրոխորհրդարանի այդ քայլը «կարող է գնահատվել որպես անհիմն գործողություն, որ կասկածի տակ է դնում Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը, արդարությունն ու անկողմնակալությունը»:

Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանի պատգամավորները, նկատի ունենալով հատկապես Եվրոպական հարեւանության ծրագիրը, որն ընդգրկում է նաեւ Հարավային Կովկասի երկրները, մտահոգություն էին հայտնել Ադրբեջանում ազատ մամուլի վիճակի վատթարացման առնչությամբ ու դատապարտել էին ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունների, դատական հետապնդումների ու դատապարտման պրակտիկան` տարբեր պատճառաբանություններով ու մեղադրանքներով:

Ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության հաջորդ հատվածն ակներեւաբար ցույց է տալիս, թե ինչու է հատկապես ոտուձեռ ընկել հարեւան երկրի արտաքին գերատեսչական մարմինը: «Չնայած Ադրբեջանում ազատ խոսքի առումով վիճակը բնավ էլ չի տարբերվում տարածաշրջանի մյուս երկրներում առկա իրավիճակից ու անգամ որոշ ցուցանիշներով առաջ է, բայց հենց Ադրբեջանն է բախվում այդ խնդրին ավելի քննադատական մոտեցմամբ, ինչը հարցեր է ծնում», նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4