Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրեց, որ 2009-ի ընթացքում նախագահին տարբեր դիմում-բողոքներվ դիմել են ավելի քան 15 հազար քաղաքացիներ: Ընդ որում, Հովսեփյանի խոսքերով, դիմումների 30 տոկոսին դրական պատասխան է տրվել:
Վերահսկողության բաժնի ստուգումներով բացահայտվել են տարբեր խախտումներ. «Մասնավորապես կապի եւ տրանսպորտի նախարարության անփութության պատճառով տրանսպորտային երթուղիները շահագործվել են առանց համապատասխան սխեմաների: Բազմաթիվ ավտոկայաններ ըստ նշանակության չեն օգտագործվում, օրինակՙ Սեւանում եւ Դիլիջանում դրանք վերածվել են ռեստորանների կամ խանութների: Ամենացնցող փաստը կապված է Երեւանի ավտոկայանի հետ, որը գրավադրվել է բանկերից մեկում 600 հազար դոլարովՙ նոր ավտոբուսների գնման համար», նշեց Հովսեփյանը: Այդ գումարը, սակայն, ըստ Հովսեփյանի, բանկին չի վճարվել, եւ միայն նախագահի համապատասխան հանձնարարությունից հետո նախարարությունը վճարել է այդ գումարի կեսը, իսկ մյուս կեսը կվճարի առաջիկայում: Նշենք, որ փորձագիտական գնահատականներովՙ Երեւանի ավտոկայանի շենքն արժե մոտ 5 մլն դոլար:
«Մենք խախտումներ ենք արձանագրել նաեւ կրթության եւ գիտության նախարարությունում, մասնավորապեսՙ գիտական աստիճան տալու գործընթացում, նաեւ բուհերումՙ մի բուհից այլ բուհ տեղափոխվելու ժամանակ, տեղեկացրեց Հովսեփյանը` շարունակելով,- ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարարությանը,- այդ գերատեսչությունը միտումնավոր ուռճացրել է շինանյութերի գները, աճել են օբյեկտների շինարարության ծախսերը: Միայն 6 օբյեկտների ստուգումների ժամանակ արձանագրվել է 100 մլն դրամի խախտում: Նախարարության 5 աշխատակից հեռացվել են պաշտոններից»:
Խախտումներ են գրանցվել պետական գույքի կառավարման վարչությունում: Արձանագրվել է 200 մլն դրամի խախտումՙ ինքնարժեքից ցածր վաճառելու փաստ»:
Քաղավիացիայի ոլորտում հիմնական խախտումները, Հովսեփյանի մատուցմամբ, վերաբերել են օդանավեր շահագործող կազմակերպություններին արտոնագիր տալուն: Եղել են դեպքեր, երբ արտոնագրեր են տրվել ընդհանրապես օդանավեր չունեցող ընկերությունների: Հովսեփյանը նշեց նաեւ, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունների մեծ մասը գործում է ստվերում, մի մասն էլ ծիծաղելի փոքր հարկեր է վճարում:
«Խախտումներ են եղել նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում: Այստեղ բարդություններ են ծագել, երբ նախարարությունը բնակարաններ կառուցելու համար գումար է փոխանցել «Ալյանս» ընկերությանը: Մեր իրականացրած միջոցառումների արդյունքում «Ալյանս» ընկերությունը մանկատների շրջանավարտներին ապահովելու է 25 բնակարանով եւ պետությանն է վերադարձրել մնացած 125 մլն դրամը», եզրափակեց Հովհաննես Հովսեփյանը:
Ն. Մ.