«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


2010 ԹՎԱԿԱՆԸՙ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԽՆԴՐՈՒՄ

Սա իմ պահանջն է ՀՀ բարձրագույն իշխանությունից: Հանրության շարքային քաղաքացիս, որպիսիք երկրում 2,5 մլն են, գիտեն որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում ենք ապրում, ստիպված ենք գոտիներս ձգել ու դիմանալ, մինչ կգան լավ ժամանակները: Սակայն նման խորհուրդը հանրության մի զգալի հատվածի վրա որեւէ ազդեցություն չի թողնում, քանզի էլ տեղ չկա: Եվ պահանջը` բեկումնային դարձնել 2010, հնչում է բնականաբար: Ինչպեսՙ թող մտածեն ՀՀ նախագահն ու վարչապետը, նախարարներն ու մարզպետները, քաղաքապետներն ու համայնքապետները, որոնցից ոմանք մեզ հրամցված ճգնաժամի պայմաններում էլ շարունակեցին բարգավաճել, երբեմն ավելին, քան մեզ օգնության ձեռք մեկնող օտար երկրներում բնակվող մեր հայրենակիցներն ու համաշխարհային հանրությունը: Ձեր ինչ-ինչ խորհուրդներով մեզ մի կերակրեք, պարոնայք, այլ աշխատեցրեք թող որ համեստ աշխատավարձի դիմաց, քանզի դա է ձեր անելիքը: Տնտեսության հարյուրավոր ոլորտներ, սպասարկման բազմաթիվ ճյուղեր հայ մարդու համեստ հնարավորությունների կարիքն ունեն: Հենց թեկուզ շաքարի արտադրությանը մասնակցելը, ճակնդեղի մշակումը: Անչափ ոգեւորիչ է նաեւ, որ արտադրահումքի մնացորդը օգտագործվելու է անասնապահական ֆերմաներում, որը կխթանի մսաճն ու կաթնատվությունը: Հավատացեք, որ այդ 2,5 մլն-ը լսող, օրինապաշտ ու աշխատասեր մարդիկ են, ովքեր ընդամենը համեստ սնունդ ու հագուստ են կամենում, ձմռանն էլ տաքացվող բնակարան ու մի փոքր դեղերի գումար: Շքեղ առանձնատներն ու ավտոմեքենաները բազմամարդ միջոցառումներն ու արտասահմանյան շրջագայությունները թող կառավարողների արտոնությունները մնան: Աշխարհն ապրում է, չէ՞, այս չափորոշիչներով, երբ միլիարդատերերի երկրներում միլիոնավոր մարդիկ չեն կարողանում հանգստի մեկնել, մարզական ու մշակութային միջոցառումների մասնակցել, համեստ բնակարանները համեստորեն կահավորել: Այսուհանդերձ, նրանք առավոտյան 1 բաժակ կաթն ու 2 ձուն, մի շղարթ երշիկն ու պանիրն ունենալու մտահոգությունը չունեն, բնակարանն էլ բավարար տաք է ու բակը մաքուր: Մեր կառավարիչներն այս կենցաղն ապահովելու հարցում մեկ հիմնական բացատրություն ունեն` երկիրը պետք է արտահանելու կարողունակություն ցուցադրի: Այս ուղղությամբ էլ հիմնականում տարվում է պետական քաղաքականությունը, խթանվում հանքահումքային ոլորտը: Թե դրանից ինչ են շահում երկրի կրթության ու առողջապահության ոլորտները, մշակույթի ու հասարակական հետաքրքրությունների հաստատությունները, կարծես տեսանելի չէ: Դե, բարի եղեք ինքներդ ձեզ հարցնել. գուցե 2,5 միլիոնին անհրաժեշտ այլ ձեռնարկումներ է պետք իրականացնել: Ասենքՙ կարգ ու կանոն հաստատել երկրում արտադրվող ու ներմուծվող ապրանքների գնագոյացման վրա, սա դարձնել պետական քաղաքականություն: Այլապես ի՞նչ է ստացվում. վաճառվող ձուն ու հավը, կաթն ու երշիկը, կվտ/ժամ էլհոսանքն ու խորանարդ մետր գազը, ներքաղաքային ու միջքաղաքային ուղեւորափոխադրումները, շատ այլ ոլորտների գները համաշխարհային ցուցանիշների հետ են համեմատվում, իսկ դրանց հարկումից գոյացող մեր բյուջեն ոչնչով չի գոհացնում ոչ ուսանողին ու կենսաթոշակառուին, ոչ օրինապահին ու զինվորականին: Երկրի ներսում գնողունակության ցածր մակարդակն էլ խոչընդոտում է աշխատատեղերի ծավալմանը, մեր կենցաղի բարելավմանը:

Աշխարհն այս երեւույթի արատավորությունը լավ է ըմբռնել եւ խուսափում է նման գործընթացներից, առաջնահերթությունը տալով սեփական արտադրության սեփական սպառմանը: Մենք գինի ու կոնյակ արտադրելով գրեթե չենք սպառում այս բրենդները, հարյուրավոր համայնքների գազաֆիկացման պայմաններում երկրի գազասպառումը տեսանելի ձեւով չի աճում, իսկ էլիտար բնակարանաշինության արդյունքների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Գնագոյացում` ահա հանրության պահանջը 2010-ին, գնի ու շահույթի տրամաբանված ու արդարացի սահմաններում: Մեկ անգամ չէ, որ ասվել ու հաստատվել է. օրը 300 ուղեւոր տեղափոխող երթուղայինում 30.000 դրամ է հավաքվում, որից մուծվող հարկը հազիվ 1.500 դրամ է կազմում, գյուղացուց 90-100 դրամով մթերված կաթի լիտրը քառապատիկ գնով է վաճառվում, ներմուծված բանանն ու անանասն անգամ Մոսկվայի համեմատ կրկնակիից թանկ են: Ամանորյա Ձեր խոսքերում, մեծարգո ՀՀ նախագահ ու վարչապետ, հավաստիացրեք մեր 2,5 միլիոնին, որ գազի գնի բարձրացումը կվտ/ժամի սակագնի ավելացում չի բերի ի հաշիվ ոլորտի պատասխանատուների միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձերի կանոնակարգման, գործընթաց կսկսեք հայրենական բուսական յուղի արտադրության ծավալման ուղղությամբ, անասնապահական ոլորտի զարգացման շնորհիվ մեզ կազատեք կասկածելի ծագում ունեցող ներկրվող մսատեսակների սպառումից: Ապացուցեք, որ Ձեր խոսքը զուտ ժողովրդահաճ չէ միայն նախընտրական շրջանում, երբ հայ հանրության որոշակի հատվածի քվեներն եք ակնկալում: Բարեփոխեք մեր կենցաղը եւ հայաստանաբնակի այլ տեսակի հետ գործ կունենաք, ով շատ առավել կարեւոր մարտահրավերների պետք է դիմակայի գալիք 2010 թվականին:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4