«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


«ԺԱՄԱՆԱԿԻ» 100-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԶՐԱՓԱԿՎԵՑԻՆ

Հայաստանում եւ սփյուռքահայ տարբեր գաղթօջախներում Պոլսի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյակին նվիրված հանդիսությունների եւ այլ միջոցառումների շարքը կիրակի օրը եզրափակվեց Ստամբուլի Տեխնիկական համալսարանի Մաչքայի մասնաճյուղի ամֆիթատրոնում կայացած մեծ համերգով, որի աստղը, անկասկած, աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն էր: Ծագումով պոլսահայ հայտնի դաշնակահար Շահան Արծրունու նվագակցությամբ երգչուհին ներկայացրեց կոմիտասյան երգացանկի լավագույն նմուշներ, իսկ «Վարդանանց» երգչախմբի հետ, խմբավարությամբ Ատրուշան Հալաճյանի, կատարեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի «Խելագարության» դրվագը, 1000 հոգանոց լեփ-լեցուն դահլիճի հիացիկ ներկայությամբ համերգը եզրափակելով «Կիլիկիա» եւ ապա «Հայաստան» երգերով:

Նախորդ օրը, դեկտեմբերի 19-ին, Հենրիխ Բյոլ ինստիտուտի եւ «Անադոլու կյուլտյուր» ընկերակցության համագործակցությամբ «Ժամանակի» խմբագրությունը «Փերա» թանգարանի ամֆիթատրոնում կազմակերպել էր մամուլի սեմինար-ասուլիս, մասնակցությամբ թուրք հայտնի վերլուծաբան-լրագրող Ջենգիզ Չանդայի, Երեւանի «Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրներ Արամ Աբրահամյանի ու Հակոբ Ավետիքյանի, համաեվրոպական «Օրեր» ամսագրի (Պրահա) խմբագիր Հակոբ Ասատրյանի: «Հայկական մամուլը Թուրքիայում. ձեռքբերումներ եւ կասկածներ» վերնագիրը կրող սեմինար-ասուլիսի համադրողն էր թուրքական Բիլգի համալսարանի սոցիոլոգիայի ամիբոնի վարիչ, դոկտ., պրոֆ. Արուս Յումուլը:

Մանրամասն կանդրադառնանք հետագայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4