«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Բուլղարիայի Վելիկո Թիրնովո քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են 17-րդ դարի հայկական եկեղեցու մասունքներ: «Кавказский узел» պարբերականի փոխանցմամբՙ Բուլղարիայի մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում հայկական եկեղեցին որպես պետական պատմամշակութային արժեք ճանաչելու համար: Պարբերականը գրում է, որ բուլղարացի գիտնակաները պեղումները սկսել էին այս տարվա ապրիլ ամսին եւ մոտ կեստարյա աշխատանքներից հետո հասել հաջողության: Պատմաբանները գտել են 1588 թվականի փաստաթուղթ, որտեղ գրված է, որ նախկինում այդ վայրում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետեւ տարածքը գնել են Բուլղարիայում ապրող հայերն ու կաթոլիկ եկեղեցու փլատակների վրա 17-րդ դարում կառուցել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հայտնաբերվել են նաեւ քարերի կտորներ, նախշազարդեր` հայերեն գրությամբ, որը փաստում է եկեղեցու հայկական պատկանելությունը:

Թերթն անդրադարձել է նաեւ Բուլղարիայում հայկական համայնքին, հայկական եկեղեցիներին ու ցեղասպանության ճանաչմանը:

«Հայերը Բուլղարիայում հայտնվել են 5-րդ դարում: Հայկական համայնքը հսկայական ազդեցություն ու դեր է խաղացել Բուլղարիայի հասարակական-քաղաքական, մշակութային-կրթական ու տնտեսական կյանքում: 1915-ից հետո Բուլղարիայում հայերի թիվը կտրուկ աճեց: Ներկայում Բուլղարիայում ապրում է 50.000 հայ: Բուլղարիայի բազմաթիվ քաղաքներում կան հայկական հասարակական, մշակութային կենտրոններ, հրատարակվում են թերթեր հայերեն ու բուլղարերեն», գրում է հոդվածագիրը:

Այժմ Բուլղարիայում գործում է 15 հայկական եկեղեցի` (16-20 դդ.), որոնց կից գործում են նաեւ հայկական դպրոցներ: «19-րդ դարի վերջին 20-ի սկզբին Հայ առաքելական եկեղեցու բուլղարական թեմը մարդասիրական օգնություն է ցուցաբերել ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայից բռնի կերպով հայ տեղահանվածներին: Այդ ժամանակ հայերը ապաստան գտան Բուլղարիայի բազմաթիվ քաղաքներում: Ներկայումս կիրակնօրյա դպրոցներ են գործում Սոֆիայում, Բուրգասում, Վերնում»:

Հոդվածագիրը նաեւ անդրադարձել է, որ 2009-ի ապրիլի 20-ին Սոֆիա քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ ընդունեց, որտեղ նրանք 1915-1922թթ. կատարվածն անվանում են ցեղասպանություն եւ կոչ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4