Այս վերնագրի ներքո «Նյու Յորք թայմս» հեղինակավոր թերթի նոյեմբերի 19-ի համարում հոդված է գրել թերթի արվեստի գլխավոր քննադատ Մայքլ Քիմելմանը, ով ներկա էր գտնվել Երեւանում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը: Ստորեւ թարգմանաբար հատվածներ այս հոդվածից (Կասկադի բացման ամբողջական ռեպորտաժը տպագրվել է «Ազգի» նոյեմբերի 21-ի «Մշակույթ» հավելվածում):
Մոտ 20 հազար հայեր ներկա գտնվեցին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացմանը անցյալ շաբաթ: Նրանք լցվել էին նորակառույց քանդակների պուրակում, սանդղավանդի վրա գտնվող պարտեզներում եւ պատկերասրահի դահլիճներում, ներառյալ այն մեկում, որտեղ առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում էր հայազգի ամերիկյան մեծ նկարչիՙ Արշիլ Գորկու ստեղծագործությունները:
Կենտրոնը, որը ճարտարապետական հզորագույն արտահայտության եւ պատմական վերածննդի խելացնոր մի աշխատանք է, ամենատարօրինակ, բայց նաեւ ամենահիշարժան թանգարանային կառույցներից է, որ երբեւէ բացվել է: Պատկերացրեք բաբելոնյան կախովի պարտեզների հայկական խորհրդանշաններով զարդարված տարբերակըՙ մոտավորապես «Էմփայըր սթեյթ բիլդինգի» բարձրությամբ: Չնշեցի՞ արհեստական ջրվեժները:
Մայրաքաղաքի առեւտրական կենտրոնում հսկայական բլրի լանջին կառուցված այս վայրը, որի երկու կողմերում կառուցված աստիճանները իրար են միացնում պարտեզները, մտահղացվել է խորհրդային ժամանակներում: Դրա վերին մասում խորհրդային հեղափոխությանը նվիրված հուշարձանն է: Այն, որ հիմա այդ տարածքը դարձել է ժամանակակից արվեստի կենտրոն մի հարուստ ամերիկացու շնորհիվ, պատմական մի շրջադարձ է, որի խորհուրդը հասկանում են բոլորը:
Նվիրատվություններ չկան: Չկա նաեւ արհեստավարժների վարչական մի խորհուրդ: Այնպես որ շատ շուտով այն կարող է երեսն ի վար ընկնել ինչպես շատ բաներ այս երկրում, որտեղ համատարած կաշառակերությունը, անտարբերությունն ու տարիների մեկուսացումը առաջ են բերել մոտ 40 տոկոսի գործազրկություն, քայքայվող ենթակառուցվածքներ եւ միջին դասակարգի վերացում: Բայց գոնե առայժմ այս կենտրոնը կատարում է այն, որ քիչ արժեքավոր թանգարաններ եւ սնապարծ ձեռնարկություններ կերազեին կատարելՙ նպաստում է մի ամբողջ ժողովրդի ընդհանուր տրամադրության բարձրացմանը:
Առավոտից մինչ երեկո, կարծես ամավերջին զանգի հանդիսությանը մասնակցեին, բացմանը մասնակցող հայ երիտասարդ-երիտասարդուհիները բարձրանում էին կենտրոնի շարժասանդուղքներով, որն օրվա գլխավոր իրադարձությունն էր, դեպի բազմաբնույթ մեծ հարթակները եւ ի վերջո դեպի փոքրիկ ջազային անկյունը, որտեղից քաղաքի ամբողջ տեսարանն է բացվում քո առաջ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, շրջապատված թիկնապահներով, ընդմիջում կատարելով Թուրքիայի հետ սահմանը բացելու քննարկումներից, միացել էր Ջերարդ Լ. Գաֆեսճյանինՙ կենտրոնի 84-ամյա, Բրուքլինում ծնված ամերիկահայ հովանավորին, կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ դե Մարշին եւ ուրիշներին, լսելու բացման խոսքերը:
Այս օրերում հայկական թերթերի վերնագրերը հիմնականում կենտրոնանում են Թուրքիայի հետ սահմանի բացման վրա, որը Մ. Նահանգների լուռ ճնշման հետեւանքն է եւ նպատակ ունի ձեռք բերելու նավթատար մի խողովակաշարՙ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: Փոխարենը Թուրքիան ցանկանում է միանգամընդմիշտ վերջ դնել մեկ դար առաջ ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն որակելու խոսակցություններին: Ցեղասպանության փաստի ընդունումը իրավական հետեւանքներ ունիՙ փոխհատուցման տեսակետից: Այդ իսկ պատճառով նախագահ Օբաման վերջերս դադարել է «ցեղասպանություն» բառի օգտագործումը, հայերին թողնելով երկընտրանքի առաջՙ ընտրել չափազանց անհրաժեշտ տնտեսական զարգացման ուղի՞ն, թե՞ իրենց պատմական ողբերգության արդարացի բնորոշումը:
Տասնամյակներով կաթվածահար եղած այդ իրադարձություններով, հիմնականում թշնամի հարեւաններով շրջափակված Հայաստանը մինչեւ օրս համապատասխան վայր չուներ, որտեղ կարելի լիներ տեսնել երկրից դուրս գտնվող եւ ժամանակակից արվեստի գործեր: Տարիներ առաջ, երբ գերազանցապես ցավամոք, բոտերոյական չաղ կատվի քանդակը տեղադրվեց վերոնշյալ կենտրոնի քանդակների պուրակում, մեծ աղմուկ բարձրացավ: Բայց հետո դիմադրությունը մեղմվեց: Ինչպես կենտրոնի բացումը ցույց տվեց, հազարավոր հայ երիտասարդներ պարզապես քաղց են զգում այն ամենի հանդեպ, ինչն իրենց սահմաններից դուրս է գտնվում: Նրանք պատրաստ են փոփոխությունների:
Ես ժամանեցի (քանի որ հրավիրված էի դասախոսելու բացման հանդիսության ժամանակ)ՙ աղոտ գաղափար ունենալով կենտրոնի պատմության մասին: Այն սկսվել էր 1930-ական թվերին, երբ ականավոր տեղացի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը մտահղացել էր կասկադը, ինչպես այն հիմա կոչվում է, որպես վերեւից ներքեւ ձգվող արհեստական ջրվեժների եւ պարտեզների մի ցանցի, որն իրար պետք է կապեր քաղաքի գործարար կենտրոններն ու բնակելի տարածքները: Խնջույքադահլիճների չափսերով նիստերի սենյակներ պետք է լինեին խորհրդային «ապարատչիկների» համար:
Բայց այս ծրագիրը մեծապես մոռացության էր մատնվել մինչեւ 1970-ականների վերջերը, երբ սկսվեցին շինարարական աշխատանքները: Սակայն դրանից հետո 1988-ի երկրաշարժերը տեղի ունեցավ եւ 1991-ին էլ փլուզվեց Խորհրդային Միությունը: Հետխորհրդային շրջանի անցումային փուլում ինչպես քաղաքի մեծ մասը, այնպես էլ կասկադը մոռացության մատնվեց:
Հետո հայտնվեց պրն Գաֆեսճյանըՙ Մինեսոտայից: Հայ պաշտոնյաները համաձայնեցին թույլ տալ նրան կառուցելու իր հավաքածուի ցուցադրման համար մի շենք, եթե նա ավարտեր նաեւ կասկադի շինարարությունը: Աշխատանքներն սկսվեցին 2002-ին, բայց նախահաշվարկային 20 միլիոն դոլարը շուտով վերահսկողությունից դուրս գալով 40 միլիոն դարձավ:
Պրն Գաֆեսճյանը վերակազմավորեց աշխատանքներով զբաղվող խումբը: Երկու տարի առաջ աշխատանքի ընդունեց Դե Մարշին, որն այդ ժամանակ Կոլորադո Սպրինգզի Գեղարվեստի շենքը դարձրեց երկրորդական եւ հիմնական, ուշադրությունը բեւեռվեց կասկադի շինարարությունն ավարտելու եւ քանդակների պուրակը կառուցելու վրա: Թամանյանի նիստերի դահլիճները վերածվեցին արվեստի գործերի պատկերասրահների, նվերների խանութի եւ ջազային սրահի:
Ներկա դրությամբ ամբողջովին նոր մի աշխարհ է կասկադըՙ համեմատած քաղաքի մյուս թանգարանների հետ: Մի քանի անգամ մտա Ազգային պատկերասրահ, որը հին մարմարյա պալատ է, մաշված գորգերով եւ ճռռացող մանրատախտակներով: Դրսից այնքան էլ պատկերասրահի տեսք չունի: Նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին ես միակ այցելուն էի այնտեղ:
Կասկադի ապագան ամբողջովին Գաֆեսճյանի ուսերին է ծանրացած, եւ նույնիսկ Դենիս Դոյլն, ով Գաֆեսճյանի ընտանեկան հիմնադրամի վարչականներից է, իր մտահոգությունն արտահայտեց այդ մասին:
Հ. Ծ.