«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ»` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ

Ամերիկայի հայկական համագումարից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին եւ 20-ին ամերիկյան C-SPAN-2 հեռուստաալիքի BookTV Show հաղորդաշարը նվիրված է եղել ամերիկահայ լրագրող, իրավաբան Մայքլ Բոբելյանի հեղինակած «Հայաստանի զավակները» գրքին:

Աշխատությունն անդրադառնում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանն ու տեղահանմանը: Բոբելյանը, որը հենց ցեղասպանության հետեւանքով արտագաղթածների թոռ է, մեջբերելով 1915-ին ամերիկյան «Նյու Յուրք թայմս» թերթի ավելի քան հարյուր հոդվածները, որոնք անդրադառնում են ցեղասպանությանը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնիՙ հայերին օգնելու հորդորներին, հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ մինչեւ այժմ պատմության այդ ժամանակահատվածը մնում է անտեսված: «Հայաստանի զավակները» գրքում Մայքլ Բոբելյանը նշում է նաեւ, որ հայերի ներկա սերունդը մեծ ջանքեր է գործադրում` պատմական իրողության միջազգային ճանաչման համար:

C-SPAN-2 հեռուստաընկերության կողմից «Հայաստանի զավակները» գրքին անդրադարձը նախաձեռնել է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում գործող «Չոսերի գրախանութ»-ը: Հայոց ցեղասպանության նվիրված գրքի վերաբերյալ հաղորդումն ամերիկյան հեռուստաընկերությամբ հեռարձակվել է երեք անգամ` շաբաթ երեկոյան, կիրակի առավոտյան եւ երեկոյան:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4