Մեր երկրի ամենամեծՙ Ազգային պատկերասրահն այսօր ունի 25.000 արվեստի գործ, որը ներառում է հայկական, ռուսական, արեւմտաեվրոպական եւ ճապոնական կտավներ: Պատկերասրահում եւ նրա 11 մասնաճյուղերում եղած հավաքածուներից մոտ 12.000 ստեղծագործություն ներկայումս վերականգնման կարիք ունեն: Սակայն վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել համապատասխան դիագնոստիկ եւ բարձորակ սարքավորումների, վերականգնող մասնագետների բացակայության պատճառով: Եվ ահա այդ կարեւոր հարցերը լուծելու համար երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Ուզբեկստանի գրասենյակի գլխ. ներկայացուցիչ Յուկիհիկո Էջիրին ստորագրեցին 27,9 միլիոն ճապոնական իեն (մոտ 310.000 ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարով մշակութային դրամաշնորհի համաձայնագիր: Գումարը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահին վերականգնողական-ռեստավրացիոն սարքավորումներ տրամադրելու համար: Փաստաթղթի ստորագրումից հետո պրն Էջիրին նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է համագործակցությունը ձեր երկրի հետ: Անկախությունից ի վեր ՃՄՀԳ (JICA) գործակալությունը աջակցել է Հայաստանին երեք տարբեր ուղղությամբ: Մենք հպարտ ենք աջակցել Հայաստանի զարգացմանը, որը նպաստում է երկու երկրների միջեւ բարեկամական կապերի սերտացմանը»:
Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության ու հետագայում նոր ծրագրեր մշակելու, իրականացնելու պատրաստակամության համար: Նախարարը նշեց նաեւ, որ ճապոնական դրամաշնորհային ծրագրով առ այսօր սարքավորումներ կամ անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին (երաժշտական գործիքներ եւ ձայնային սարքավորումներ), Մատենադարանին (ձեռագրերի վերականգնման սարքավորումներ), Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին, Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնին:
Տկն Պողոսյանը «Ազգի» հարցին ի պատասխան նշեց, որ կատարվում է մշակութային արժեքների վերահաշվառում, նշվում է դրանց որակի ու վնասվածության չափը, որից հետո պարզ կլինի թե մեր ազգային արժեքներից որքանը հնարավոր կլինի ռեստավրացիա անել:
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը կարեւորեց նման կենտրոնի ստեղծումը, ու նշեց, որ այդ սարքավորումների կարեւորությունը շատ լավ կգնահատեն մասնագետները:
Տարեվերջին ստորագրված այս փաստաթուղթը ամանորյա լավագույն նվերն է մեր արվեստասեր հասարակությանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ