Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն , վերադառնալով Բրյուսելից, անդրադարձել է երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող վեց խնդիրների, որոնց թվում են նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները: Ինչպես երեկ նշել էր «Դյունյա բյուլտենի» կայքէջը, այդ վեց խնդիրներից առաջինը եղել է Հայաստանը, որի առնչությամբ Դավութօղլուն հետեւյալն է ասել.
«Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների կիրառումը ինքնին մեծ գործընթաց է: Այս կարգի գործընթացներում յուրաքանչյուրը պարտավոր է կենտրոնանալ դրական սցենարների վրա: Բացասական սցենարը ոչ ոքի օգուտ չի տա: Վերադառնալ այն իրավիճակին, ինչ առկա էր նախքան արձանագրությունների ստորագրումը, չի կարող շահավետ լինել որեւէ մեկի համար: Ո՞րն է դրական սցենար: Դրական սցենարը արձանագրությունների կիրառումն է եւ նորմալացման գործընթացի իրականացումը ողջ Կովկասում:
Երկկողմ նորմալացումը կախված է նաեւ Կովկասում տիրող իրավիճակի բարելավումից: Կա մի հիմնահարց, որը 17 տարի շարունակ ձգձգվում է: Դա չի կարող հավասարակշիռ քաղաքականության արդյունք լինել: Առանց դրա լուծման անհնար է առողջ նորմալացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածվեն ողջ Կովկասում: Թեեւ Թուրքիա-Հայաստան սահմանը փակ է արդեն 20 տարի, բայց եւ այնպես մենք ջանում ենք կարգավորել այս խնդիրը: Եթե բարի կամքի այս նույն դրսեւորումը ցուցաբերվի նաեւ մյուս հիմնահարցերում, ապա կարգավորումը կբարձրացվի որոշակի մակարդակի: Մենք այս հարցին չենք մոտենում բացասական հարաբերությունների հեռանկարով: Հավասարակշռությունը չենք ստեղծում «եթե»-ների վրա: Դրական հարաբերություններ ենք հաստատում: Մինսկի գործընթացը լուրջ առաջընթաց է արձանագրել: Համատեղ ջանքերով որոշակի մակարդակի ենք հասցրել այս գործընթացը: (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների) աթենքյան հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Ես ժամանակի գործոնը ելակետ չեմ ընդունի հայ-թուրքական հարաբերություններում: Ես որպես ելակետ կընդունեմ դրանց ընթացքը: Թուրքիան եւ Հայաստանը պետք է հետեւեն միմյանց քաղաքական դիրքորոշումներին: Գործընթացին ես չեմ մոտենում բացասական դիտակետից: Սա հաշտեցման ընթացք է: Յուրաքանչյուրն այս տեսանկյունից պետք է նայի: Ժամանակացույցի (արձանագրությունների վավերացման) առումով չի կարելի ճնշում գործադրել կողմերից մեկի վրա:
Հ. Չ.