«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ԹՈՒՐՔԻԱ: ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ

«Կայունության եվրոպական նախաձեռնություն» (Գերմանիա) կազմակերպության հաղորդագրությունից թարգմանաբար քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Ուոթըրգեյթի իրադարձություններից վեց օր անց Սպիտակ տանը նախագահին ձայնագրող երիզը վերջակետ դրեց Նիքսոնի պաշտոնավարությանը: Ալեքսանդր Սոլժենիցինի «Գուլագ արխիպելագը», որը գաղտնի դուրս էր եկել ԽՍՀՄ-ից ու հրատարակվել 1973-ին, ցնցեց ամբողջ աշխարհըՙ խորհրդային բանտային եւ գաղութային համակարգի նկարագրություններով: Պատմության ընթացքում իշխանության ղեկավարները միշտ էլ հանրությունից թաքցրել են որոշ գաղտնի ճշմարտություններ: Երբ դրանք քողարկում են պետության հանցագործությունները եւ ձեւավորում անպատժելիության մի ամբողջ «կուլտուրա» կամ համակարգ, ապա դառնում են խիստ վտանգավոր: Այդ «կուլտուրան» բարգավաճում է գաղտնիության, լրատվամիջոցների մեղսակցության եւ, անշուշտ, քաղաքացիական հասարակության պասիվության պայմաններում:

Թուրքիայում բոլոր նրանց համար, ովքեր պաշտպանում են երկիրը իր ներքին եւ արտաքին թշնամիներից, գաղտնիությունն ու անպատժելիությունն ընդունված ու տարածված երեւույթ են եղել միշտ: «Խորքային պետություն» («Դերին Դեւլեթ») հորջորջված խմբավորումների եւ նման հաստատությունների գործունեությունը բացահայտող բոլոր փորձերը ցարդ ձախողվել են:

Վերջին շաբաթներում, այնուամենայնիվ, գաղտնիության քողազերծումը Թուրքիայում կրել է խիստ տպավորիչ բնույթ: Երկու փաստաթղթեր են հայտնվել, որոնք ամենայն մանրամասնությամբ նկարագրում են թուրքական զինված ուժերի ծրագրված գործողություններըՙ ահաբեկելու, կեղծ մեղադրանքներ ներկայացնելու եւ նույնիսկ սպանելու անմեղ քաղաքացիներին, քրիստոնյաներին կամ մահմեդական ուսանողներին, անգամ վարկաբեկելու ընտրված կառավարության անդամներին:

Փաստաթղթերից մեկը կոչվում է «Գործողության ծրագիրՙ օպերացիա վանդակ (կաֆես)»: Երկրորդըՙ «Գործողության ծրագիրՙ ներկա հետադիմության դեմ պայքարելու»: Սրանցից յուրաքանչյուրը, իսկ երկուսը միասին կարդալու դեպքում առավել եւս, ծանր հարված է թուրքական անվտանգության մարմինների հուսալիության եւ օրինականության դեմ: Երկու փաստաթղթերն էլ երեւան են եկել ներկայիս ընթացող «Էրգենեքոնի» դատական գործընթացի առնչությամբ: Այդ գործընթացում ներառված են Ստամբուլից հայցվորներ, որոնք հետաքննում են կառավարությանը տապալելու նպատակով անվտանգության մարմինների որոշ աշխատակիցների գործած հանցագործությունները:

«Օպերացիա վանդակի» էլեկտրոնային կոդավորված տարբերակը հայտնաբերվել էր 2009-ի ապրիլին, երբ թուրքական ծովուժի «ստորջրյա հարձակումների խմբի» անդամներից մեկը ձերբակալվել էր: Երկրորդՙ «հետադիմության դեմ պայքարելու» փաստաթղթի ստորագրված տարբերակը ձեռք էր բերվել այս տարվա հունիսին, մեկ ուրիշ զինվորականի ձերբակալվելու օրը: Այդ ժամանակ երկրի գլխավոր շտաբը հերքել էր փաստը, ասելով, որ «դրանք սոսկ թղթի կտորներ են»: Սակայն 2009-ի հոկտեմբերին հենց այդ նույն գլխավոր շտաբից մի անձնավորություն երկրորդ փաստաթղթի ստորագրված բնօրինակը ուղարկել էր թուրք հայցվորներից մեկին, դրան կցելով մի նամակ, որտեղ նկարագրում էր շտաբի նախկին փոխառաջնորդի դերն այդ ծրագրի մշակման գործում: Այդ լուրը հրատարակվեց հոկտեմբերի 24-ին, իսկ «Վանդակի» փաստաթուղթը հրատարակվեց «Թարաֆ» թերթում նոյեմբերի 19-ին:

Փաստաթղթերը «պայթուցիկ նյութ» կարելի է համարել այն առումով, որ դրանցում կոնկրետ գործողություններ եւ անձեր են նշված: «Օպերացիա վանդակը» առավել հատկանշական է: Դրանում նշված են «մարտ, 2009» ամսաթիվը, հեղինակի անունըՙ Էրջան Կիրեջթիփե, նավատորմային պաշտոնյա, հատուկ գործողությունների հրամանատարություն, եւ նավատորմի մոտ 35 անդամներին հանձնարարված պարտականությունները: Ծրագիրը մշակվել է փոխծովակալ Ֆեյյազ Օգուտչուի նախագահությամբ գումարած խորհրդատվական ժողովի ընթացքում: Նպատակըՙ իշխող կառավարությանը («Արդարություն եւ բարգավաճում» կուսակցություն) ներքին եւ արտաքին ճնշումների ենթարկելՙ հարցականի տակ դնելով ոչ մահմեդական տարրերի անվտանգության խնդիրը, որպեսզի փոխի իր օրակարգային մոտեցումները (հատկապես «Էրգենեքոնի» հարցի վերաբերյալ):

Փաստաթղթում նշված են կոնկրետ գործողություններ. ա) ռումբերի պայթեցում Ադալար շրջանի տարբեր թաղամասերում (Ստամբուլի մոտ գտնվող կղզիներ), բ) սպանությունների կազմակերպում այն անձանց դեմ, ովքեր ձեւացնում են, թե պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները, գ) ռումբերի տեղադրում «Ակօս» թերթի եւ այլ նման հիմնարկների տարածքներում, դ) կասկածելի փաթեթների տեղադրում տարբեր տեղերումՙ անվտանգության մարմինների աշխատողներին միշտ զբաղված պահելու նկատառումներով, ե) «սենսացիոն» գործողությունների իրականացում ոչ մահմեդականների գերեզմանատներում, զ) առեւանգում մի քանի մահմեդական գործարարների եւ արվեստագետների, է) հրդեհների բռնկումներ (տների, մեքենաների եւ խանութների) ոչ մահմեդականներով խիտ բնակեցված թաղամասերում (ներառյալՙ Ստամբուլում եւ Իզմիրում), ը) բոլոր «սաբոտաժների», առեւանգումների եւ սպանությունների պատասխանատվությունը վերագրել հետադիմական կազմակերպություններին, որոնց անունները կճշտվեն:

«Հետադիմության դեմ պայքարելու» ծրագիրը, ստորագրված գլխավոր շտաբի գրասենյակում աշխատող մի գնդապետի կողմից, գրեթե նույն նպատակաուղղվածությունն ունիՙ «վերջ դնել այդ հարցում անվճռականությանըՙ քողազերծելով կրոնական հետադիմական տարրերի թաքուն դեմքը, եւ ոչնչացնել նման համակարգերին ցուցադրվող հասարակական պաշտպանությունը: Նվազեցնել «Էրգենեքոնի» շրջանակներում տարված քայքայիչ արշավի ազդեցությունը եւ վերջ դնել թուրքական զինված ուժերի դեմ մղված ժխտական քարոզչությանը»:

Այս նպատակին հասնելու համար գործողության ծրագիրը մատնանշում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնականում պահպանողական «Գյուլեն» աղանդավորական շարժման դեմ, որը պաշտպանում է իշխող կառավարության կուսակցությանը եւ Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու ձգտումները: «Ֆեթհուլլահ Գյուլենի պաշտպանները հսկողությունից դուրս են մնացել եւ անխնա հարձակվում են թուրքական զինված ուժերի վրա» թեման լրջորեն է քննարկվելու եւ պետք է հասնել այն բանին, որ նույնիսկ պահպանողական քաղաքացիներն ասեն «այլեւս բավական է»:

«Գյուլենի հավաքատեղիներում (ըշըք Էվլերի) կատարվելիք «ռեյդերի» ժամանակ զենքեր, զինամթերք եւ գործողությունների մշակված ծրագրեր են հայտնաբերվելու, որպեսզի Ֆեթհուլլահ Գյուլենի այդ խմբավորումը դասվի ահաբեկչական կազմակերպությունների շարքում, որից հետո «ՖԱՏՈ» (Ֆեթհուլլահամետ զինված ահաբեկչական) կազմակերպության դեմ հետաքննություն կսկսվի զինվորական արդարադատության կողմից: Հոդվածներ կգրվեն այն մասին, որ «Էրգենեքոնի» ձերբակալված անդամներն անմեղ են, եւ որ «Գյուլենի» հետեւորդները գործում են Մ. Նահանգների դրդումովՙ նպատակ ունենալով նվաստացնել բուն իսլամի էությունը: Տնային խուզարկումների ժամանակ, բացի զենք ու զինամթերքից, այլ իրեր կգտնվեն, որոնք կապացուցեն, որ «Գյուլենի» հետեւորդները համագործակցում են ամերիկյան կենտրոնական հետախուզության, հրեական Մոսադի, խոմեյնիականների, «Լուսին աղանդավորական» խմբավորման հետ եւ այլն:

Այս փաստաթղթերի բացահայտման գործում գլխավոր դերը պատկանում է թուրքական եվրոպամետ լրատվությանը, մասնավորապես «Թարաֆին» եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների հաղորդումներին: Դեկտեմբերի 4-ին «Ակօսը» հրատարակեց մի հոդված, որի վերնագիրն էր «Վանդակը» մեզ չզարմացրեց»: Դրանում Ադալարի քաղաքապետի հետ զրուցելիս հայ խորհրդատուն հայտարարում է. «Հեյբելիադայում, Կինալիադայում եւ Բուժուկադայում մենք նման իրադարձությունների ականատես եղանք, բայց կարծում էինք առանձին դեպքեր են: Հիմա պարզվում է, որ դրանք մեկ մանրամասնորեն մտածված ծրագրի մասն են կազմում»: Իսկ Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը «Զաման» օրաթերթին հայտնել էՙ «Որոշ մութ ուժեր փոքրամասնություններին են փորձում օգտագործելՙ տապալելու համար կառավարությունը, եւ ողջունելի է, որ ոստիկանությունը բացահայտում է այդ ուժերին եւ պատասխանատվության ենթարկում»:

  Էյուպ Չանը «Հյուրիեթի» նոյեմբերի 21-ի համարում գրել էր. «Եթե նույնիսկ «Թարաֆի» տեղեկության կեսը միայն ճիշտ լիներ, դարձյալ խղճամիտ մարդկանց խելագարվելու առիթ կուտար»: Իսկ Հադի Ուլուէնգինը նկատել է, որ «սա ամենասարսափելի դավադրությունն է, որ ծրագրվել է զինված ուժերի որոշ անդամների կողմից»: Իր հերթին խորհրդարանի ձախակողմյան անդամ (անկախ) Ուֆուք Ուրասը գտնում է, որ այս ամենը նկատող, բայց չբարձրաձայնող անձը «մեղսակից է դառնում հանցագործությանը»:

Ակնկալվում է, որ «Էրգենեքոնի» դատավարությունը շատ բան կբացահայտի, եւ դատարանը համապատասխան պատժամիջոցներով պատասխանատվության կկանչի առանձին մեղավորներին: Բայց մինչ այդ փաստաթղթերի երեւան գալն արդեն իսկ որոշ փոփոխություններ է առաջ բերել Թուրքիայում: Վերջին շաբաթներում առաջին անգամ 3 թոշակառու գնդապետներ հարցաքննության ենթարկվեցին քաղաքացիական հայցվորների կողմիցՙ 2003-04 թվականներին պետական հեղաշրջում կատարելու փորձերի կապակցությամբ: Քաղաքացիական-զինվորական հարաբերությունների ոլորտում «հեղափոխությունը» լռելյայն առաջ է գնում Թուրքիայում:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4