«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ՄԱՀԱԿԸ ԲԱՆԵՑՆՈՒՄ ԵՆ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԵԽԽՎ-ն էլ իր բաժին ճնշումն է գործադրում Հայաստանի վրա` իրեն հարմար պահին հիշելով Հայաստանի խնդրահարույց կողմերը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումը հունվարյան նստաշրջանից առաջ կարող է թեժ լինել Հայաստանի առնչությամբ: Այն, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներն, ընդհանուր առմամբ, դժգոհ են մնացել ԱԺ «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացություններից ու զեկույցից, ընդհանրապես, կարելի էր ակնկալել, քանի որ այն, ինչ մինչեւ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը ԵԽԽՎ-ն պահանջում էր Հայաստանից մի քանի բանաձեւերում, դեռեւս չի իրագործվել:

Սակայն առավել հետաքրքրական է, որ Եվրոպայի խորհուրդը, որոշ ժամանակ լռելուց ու կարծես Հայաստանում առկա իրավիճակի հանդեպ հանդուրժողական կեցվածք ընդունելուց հետո, կրկին խստացրել է տոնը: Մյուս կողմից, կարծես ոչ մի զարգացում չի նկատվում հայ-թուրքական հարաբերություններում, որոնց նորմալացմանը Եվրոպայի խորհուրդը ոչ միայն պատրաստ էր ու ողջունում էր, այլեւ հետեւում է ամենայն աչալրջությամբ ու փորձում նպաստել ամեն կերպ:

Թերեւս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում «ժամանակավոր կամ գուցե ոչ ժամանակավոր դադարով» էլ կարելի է բացատրել Հայաստանի առնչությամբ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այն գնահատականը, որ տրվել է դեկտեմբերի 22-ին հրապարակված զեկույցում, ինչն ավելի շուտ ճնշման լծակ է հիշեցնում, քան հանկարծ արթնացած «ողջամտություն»:

«Հայաստանի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունները թեեւ համակողմանի, բայց ոչ ամբողջական արձագանք են 2008թ. մարտյան իրադարձություններին հետեւած քաղաքական ճգնաժամին», նշված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ, որը մեջ է բերում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի զեկույցը:

Համազեկուցողների ներկայացմամբՙ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որ ներկայացվել էր մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանն ու դեռեւս կքննարկվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի նախօրեին, «ցավոք, չի արվել մարտյան իրադարձությունների համակողմանի վերլուծությամբ, զեկույցը միակողմանի է ու տպավորություն է թողնում, թե հանձնաժողովը ցանկացել է խուսափել իշխանություններին քննադատելուց»:

Համազեկուցողները խորին ափսոսանք են հայտնել, որ զեկույցում գրեթե բացակայում է մարտյան իրադարձություններին հետեւած զարգացումների վերլուծությունը` մտահոգությամբ, թե զեկույցում բացակայում է նաեւ մարտյան իրադարձությունների 10 զոհերի սպանության հետաքննության կոնկրետ արդյունքների ներկայացումը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն իրենց զեկույցում մանրամասն անդրադարձել են մարտյան իրադարձությունների բոլոր տարրերին, ընդգծելով, որ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում զգուշավոր գնահատականներն անվստահելի են դարձնում հանձնաժողովի եզրակացությունը:

Այնուամենայնիվ, համազեկուցողներն առաջարկում են շարունակել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը` վերանայելով արված եզրակացություններն ու նախաձեռնելով հետաքննություն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Համազեկուցողների վստահեցմամբՙ մոնիտորինգի հանձնաժողովը կհետեւի զարգացումներին ու կանդրադառնա դրանց հունվարի վերջին սպասվող նիստում:

Իսկ մինչ այդ Հայաստանում այս զեկույցի արձագանքները լրիվ տեղավորվում են այն տրամաբանության մեջ, ինչը իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շրջագծում է: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն , օրինակ, հայտարարել է, թե Եվրոպան վաղուց գիտեր «մարտի 1-ի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրականացրած գործունեության մասին: Սակայն, ըստ Սաֆարյանի, իմանալով հանդերձ, ԵԽ-ն ամիսներ շարունակ լռություն էր պահպանում եւ հանդուրժեց անգամ փաստահավաք խմբի լուծարումը:

Սաֆարյանի մոտեցումը համահունչ է այն տեսակետին, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցի անորոշ հետաձգման առնչությամբ ներկայացրել է նաեւ «Ազգը» : Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, որի խոսքերը մեջ է բերում news.am կայքէջը, համազեկուցողները մարտի 1-ի պարտակման հերթական գործարք են առաջարկում փորձելով հասկացնել, որ եթե իշխանություններն առանց տրտնջալու վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, ապա մարտի 1-ը կներվի նրանց: «Սա եվրոպական կառույցների հերթական ճնշումն է հայկական կողմի վրա», նշել է Սաֆարյանը:

«Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը փոխհամաձայնության արդյունք է, եւ մենք, այդ հանձնաժողովի անդամներս, փորձել ենք դրանում ներառել բոլորիս կարծիքներն ու տեսակետները», հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը : Նրա խոսքերովՙ զեկույցը հնարավորինս անաչառ է տվել մարտի 1-ի դեպքերի գնահատականը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւս հայտարարել է, թե մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովն անշահախնդիր է աշխատել:

Այս ամենով հանդերձ, դժվար է չհամաձայնել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն, իր ձեւով, մասնակից է դառնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «պաղած» գործընթացի տաքացմանը ոչ միայն Հայաստանի առնչությամբ «ճնշման» լծակներ կիրառելով: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված մեկ հարց էլ վերաբերում է Թուրքիային, այն էլ այնպիսի մի տեսանկյունից, ինչպիսին ոչ մուսուլման փոքրամասնությունների խնդիրներն են:

Մասնավորապես, օրակարգի նախագծում հունվարի 27-ին նախատեսված են Թուրքիայում ոչ մուսուլման փոքրամասնությունների մարդու իրավունքների եւ կրոնի ազատության խնդիրները, որոնք էլ Թուրքիայի համար բնավ էլ հաճելի քննարկում չեն ենթադրում: Այնուամենայնիվ, դեռեւս նախորդ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծից այս հարցը ԵԽԽՎ բյուրոն տեղափոխեց հունվարյան նստաշրջան:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4