Երեկ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նաեւ Լոռու մարզ` Սպիտակի «Նոր քաղաքի» տարածք:
40 հեկտար տարածության վրա կառուցվող «Նոր քաղաքում» արդեն կանգուն են շենքերը, շինարարները դրանք արագորեն տանիքապատում են: Ի դեպ` Սպիտակի Նոր քաղաքն արդեն կառուցվում է բացառապես մեր ուժերով եւ լինելու է հայկական թաղամաս, առանց այլ որակումների: Ս. Սարգսյանը շրջայց կատարեց տարածքում ու այցելեց կառուցվող բնակելի տներ:
Շինարարությունն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը «Նոր քաղաքում» լրագրողների հետ զրույցում նշեց, որ շինարարության մեկնարկը դրվել է հոկտեմբերի 15-ին, այժմ կառուցվում են մեկհարկանի, 2, 3 եւ 4 սենյականոց, չորս տիպի 220 անհատական բնակելի տուն, որոնք երեսպատված են տուֆով կամ գունավոր բետոնով:
«Շինարարության ավարտը նախատեսված է 2010 թվականի ապրիլին, աշխատանքների ընթացքը նորմալ է, աշխատուժը բավականացնում է, իսկ եթե օգնության կարիք է լինում, ապա աշխատանքներին մասնակցում են նաեւ այլ մարզերից աշխատողներ», ասաց Վ. Ալմոյանը:
Ըստ նրա, այս թաղամասում լինելու է 354 անհատական բնակելի տուն: Սպիտակ քաղաքում ու Լոռու գյուղական համայքներում իրականացվող աշխատանքների ընդհանուր ծավալը այս տարի կազմում է 7,2 մլրդ դրամ: Ինչպես նա վկայեց, կառավարության կողմից ֆինանսական միջոցները տրամադրված են, հողահատկացումներն էլ իրականացված են:
Իսկ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նշեց, որ շինարարությունը ժամանակացույցի համաձայն է ընթանում, որակը պահպանվում է եւ բոլոր նախադրյալները կան, որ ժամանակին ու որակով 220 բնակարանը մինչեւ 2010 թվականի ապրիլ ամիսը կհանձվի:
Նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ 2010-ի մարտ ամսից կսկսվի «Նոր քաղաքի» բնակարանների հանձնումը:
Ի դեպ, հանրապետության քաղաքաշինության նախարարության եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից մշակվել են 4 տիպային տների նախագծերՙ 2, 3, 4, 5 սենյականոց, որոնք կիրառվում են գյուղական համայքններում:
Բացի այդ, տիպային տների ճարտարապետական տեսքի տարբերակման նպատակով մշակվել է տիպային տների 4 տարբերակ:
Շահառուներին հնարավորություն է տրվում ընտրելու արտաքին պատերի տեսքը երկու հնարավոր նյութերիցՙ տուֆ, գունավոր բետոն, միջհարկային ծածկըՙ պանելային, ոչ պանելային, որի վերաբերյալ էլ կազմվում են համաձայնագրեր եւ շինարարությունն իրականացվում է շահառուների նախատեսված նյութերի կիրառմամբ:
Հանրապետության նախագահը «Նոր քաղաքի» շինհրապարակից մեկնեց Շիրակամուտ համայնք: Երբ այս տարվա հուլիսի 15- ին Շիրակամուտում էր, տեսել էր, թե տնակային ինչ պայմաններում է ապրում Արեւհատ Վարդեւանյանի` 7 անձից բաղկացած ընտանիքը: Այն ժամանակ նախագահը խոստացավ նույն ընտանիքին այցելել բնակարանամուտի կապակցությամբ: Նախագահը խոստումը կատարեց եւ ծանոթացավ Վարդեւանյանների նոր տան պայմաններին: Իսկ նախագահի այցելությունից անմիջապես հետո նախագահի աշխատակազմի կողմից ընտանիքը նաեւ նվեր ստացավ` հեռուստացույց եւ DVD:
Ընդհանուր առմամբ Սպիտակ քաղաքի եւ Լոռու մարզի 8 գյուղական համայնքներում իրականացվող շինարարության այս տարվա բյուջեն կազմել է 7.2 մլրդ դրամ: Թաղամասում նախագծվում է ստեղծել կլոր հրապարակ` «Վարպետաց թաղամաս», որի շուրջը կլինեն 30 բնակելի տներ` իրենց արհեստանոցներով:
Ն. Մ.