«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ԻՄ ԿԱՐԾԻՔԻՆ ՉԵ՞Սՙ ՔԸ՛Խ

Երեքշաբթի օրը «Հայելի» ակումբում մամլո ասուլիսով հանդես եկան Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչության ներկայացուցիչները, որոնք ներկա լրագրողների միջոցով հանրությանը ներկայացրին կուսակցության նոր առաջարկը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, միաժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջելով կարծրացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, նկատի ունենալով Անկարայի ձգձգման քաղաքականությունը Արձանագրությունների վավերացման գործում: Արմենականները իշխանություններին առաջարկում էին սկսել գործընթացՙ միանալու «Ծով ելք չունեցող երկրների վերաբերյալ» միջազգային կոնվենցիային, որը, նրանց կարծիքով, հստակ պատգամ կլինի ուղղված Անկարային:

Լրատվամիջոցների մեծ մասն այս առաջարկին արձագանքեց չեզոք ձեւով, մինչդեռ նախընտրելի պիտի լիներ իմանալ նաեւ նրանց սեփական կարծիքը: Համենայն դեպս, գոնե «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությունն արտահայտեց իր կարծիքը, որը, սակայն, հարգելի կլիներ, եթե հիմնված չլիներ նախատրամադրվածության եւ փաստերի անտեսման վրա:

Այսպես: Ըստ «Երկիր-Մեդիայի», Արմենական-ՌԱԿ-ը, իբր, միայն վերջերս, այն էլ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո է «գլխի ընկել», որ Հայաստան-Թուրքիա Արձանագրություններն անպատեհ կողմեր ունեն: Այնինչ, պարկեշտ լինելու դեպքում, հեռուստաընկերության լրագրողը պիտի տեղեկացներ, որ ասուլիս տվողները նշեցին, որ այս նույն խնդրի կապակցությամբ սա կուսակցության 4-րդ հայտարարությունն է, եւ 3 նախորդներում էլ կողմ լինելով հանդերձ սկսված գործընթացին, կուսակցությունը մի շարք մտավախություններ ունի Արձանագրությունների որոշ կետերի շուրջը, որոնց համար հանդես է եկել անգամ օրենսդրական նախաձեռնությամբ:

Ճիշտ է, ՀՅԴաշնակցությունն իր երկարատեւ պատմության ընթացքում բնավ չի փայլել հանդուրժողականությամբ, այլոց կարծիքը լսելու ընդունակությամբ: Սակայն հիմնավոր հույս ունեինք, որ «Երկիր-Մեդիան» կձգտի զերծ մնալ նման բարդույթներից:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4