«2009-ի ամենամեծ կորուստը ոչ միայն կոնգրեսի, այլեւ ազգի համար այն է, որ անօրինական, օլիգարխիկ վարչախումբը եւս մեկ տարի մնաց իշխանության, ինչի հետեւանքը եղան հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց ստորագրումը Ցյուրիխում»: Սա ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի տեսակետն է: Ընդդիմադիր գործիչը ձեռքբերում համարում է համաժողովրդական շարժման պայքարի շարունակությունը, որի շնորհիվ հաջողվել է հասնել քաղբանտարկյալների մի մասի ազատությանը: «Դա, իհարկե, չի կարող գոհացուցիչ լինել, քանի որ դեռ 15 քաղբանտարկյալ շարունակում է մնալ բանտում: Բայց գոնե ինչ-որ չափով կարողացել ենք լուծել քաղբանտարկյալների ազատության խնդիրը»:
Մյուս ձեռբերումը Երեւանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցելն էր: Զուրաբյանը հավաստիացնում է, որ ՀԱԿ-ը երկրի քաղաքական կյանքի միակ ռեալ եւ ինստիտուցիոնալ ընդդիմությունն է: Ընտրությանն էլ մասնակցել են, որպեսզի ապացուցեն, որ կոնգրեսը լուրջ քաղաքական ուժ է:
Անդրադառնալով հունվարի 12-ին կայանալիք ՀՅԴ հանրահավաքին, Զուրաբյանն ասաց, որ, իր տեղեկություններով, ՀՅԴ լիդերներ Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Զուրաբյանին հանդիպման նպատակը հայտնի չէ, բայց, իր ենթադրություններով, Դաշնակցությունն իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է իշխանության հետ, եւ հանդիպումն էլ թերեւս նույն շրջանակներից է:
Զուրաբյանը խոստացավ Նոր տարում հանրահավաքներ, բայց կոնկրետ ժամկետ չնշեց:
Հ. Հ.