«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ՈՐԱԿՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ Է ՏԵՂ ԳՐԱՎՈՒՄ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Շինարարության որակի բարձր ցուցանիշի երաշխիքը շինարարական նյութերն են: Վերջերս «Միկա ցեմենտ» ընկերության արտադրանքը Մոսկվայումՙ շինարարների համագումարում արժանացավ ՌԴ-ի շինարարների հատուկ մրցանակին: Սա, ի դեպ, առաջին մրցանակը չէ, նրա որակը բարձր են գնահատել տարբեր միջազգային կազմակերպություններ: Միջազգային կառույցների գնահատմամբ, գործարանի արտադրության բարձր որակը պայմանավորված է աշխատանքների ճիշտ կազմակերպմամբ, բարձրակարգ մասնագետների առկայությամբ: Այս ամենի հետ մեկտեղՙ գլոբալ ճգնաժամի պայմաններում արձանագրվեց շինարարության ծավալի կրճատում, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ շինանյութերի արտադրության եւ, մասնավորապես, ցեմենտի արտադրության հարցում: Չնայած այս հանգամանքին, «Միկա ցեմենտ» ընկերությունը փորձում է առաջ եկող խնդիրները լուծել եւ ապահովում է բարձրորակ արտադրություն: Հսկա գործարանում, որտեղ աշխատում են 600 մարդ, տնօրենությունը փորձում է մեխանիզմներ գտնել ճգնաժամի ազդեցությունը թեթեւացնելու համար: Բոլոր դեպքերում, ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամը գործարանի վրա: Այս հարցով սկսեցինք զրույցը գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ:

- Հայաստանում շինարարության տեմպերն իջել են բոլորիս հայտնի պատճառներով: Ճգնաժամի հետեւանքով գործարանի արտադրության եւ սպառման ծավալները որոշ չափով նվազել են, ինչը շինարարության տեմպերի կրճատման հետեւանք է: Ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում նկատվեց ցեմենտի պահանջարկի նվազում: Բացի նշվածից, արտադրության վրա ազդեցություն ունեցավ նաեւ գազի, էլեկտրաէներգիայի, տեխնիկական ջրի, երկաթուղու տարիֆների թանկացումը, որը ցեմենտի ինքնարժեքի գնագոյացման մեջ բավական մեծ տոկոս է կազմում: Մասնավորապես, գազի գինը թանկացավ 41 տոկոսով, հոսանքինը` 30 տոկոսով, տեխնիկական ջրինը` 25 տոկոսով: Եթե սրան էլ գումարենք ապրիլին դոլարի կուրսի 30 տոկոս բարձրացումը, ապա այս ամենը հանգեցրեց նրան, որ 70 տոկոսով թանկացավ ցեմենտի ինքնարժեքը:

Ճգնաժամի պատճառով արտադրության ծավալի կրճատմանը զուգահեռ մշակեցինք ցեմենտի ինքնարժեքի իջեցման ծրագրեր: Եթե այդ ծրագիրը չիրականացնեինք, ապա ցեմենտի գինը ներկա գնից շատ ավելի բարձր կլիներ, եւ հնարավոր էր, որ ներքին շուկայում դժվարություններ առաջանային` բնակչությունը չկարողանար այդ գնով ցեմենտ ձեռք բերել: Եթե վերլուծենք ներքին շուկան, ապա կտեսնենք, որ ցեմենտի սպառումը կտրուկ չի նվազել, մեծ տոկոս չի կազմում: Մենք այժմ մտածում ենք ծախսերի նվազեցման եւ արտադրության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: Այդ նպատակով կառուցվում է բարձման նոր արտադրամաս` գերմանական «Ինտերզեն» ընկերության հետ համատեղ: Աշխատանքների առաջին փուլն ավարտված է` շինվածքներ են կառուցված հաստոցների տեղակայման համար: Դա ժամանակակից, եվրոպական չափանիշների համապատասխան արտադրամաս է, որը ժամում կսպասարկի 3000 պարկ: Ի դեպ, կբարձրացվի պարկերի որակը, կարագացվի բարձման գործընթացը: Ցեմենտի փաթեթավորման, բարձման եւ սպառման առումով այս նոր մոտեցումը շատ արդյունավետ կլինի: Աշխատանքի երկրորդ փուլում նախատեսվում է վառարանների վերազինում, ինչը մեզ թույլ կտա զգալիորեն նվազեցնել էներգակիրների ծախսն ինքնարժեքի մեջ: Այս պահին մեր հիմնական ռազմավարությունն է վերազինել արտադրությունը եւ նվազեցնել արտադրական ծախսերը: Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա ցեմենտի գինը հետագայում չբարձրացնել: Սա կարեւոր հանգամանք է, պետք է հաշվի առնել, որ ներքին շուկայում մեր բնակչությունն ուղղակի ի վիճակի չի լինի շատ բարձր գներով ցեմենտ ձեռք բերել: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա բարձր տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա նվազեցնել ցեմենտի ինքնարժեքը, այնուհետեւՙ ցեմենտի գինը :

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ երկրներ սկսել են ցեմենտի արտադրությունը կազմակերպել սեփական երկրում: Օրինակ, Վրաստանում հսկայական գործարան է կառուցվում, որն ապահովելու է տարեկան 1,5 միլիոն տոննա ցեմենտ: Բնականաբար, գնալով արտահանման հարցը Հայաստանի համար կդժվարանա: Միակ ճանապարհը բարձրորակ ցեմենտի արտադրության ապահովումն է, որը թույլ կտա արտադրողին մտնել շուկա: Մեզ համար այդ հարցը կարեւոր խնդիրներից մեկն է:

- 2009-ին աշխատողների կրճատում եղե՞լ է գործարանում:

- Ի սկզբանե մեր ռազմավարության մեջ առաջնային է եղել նաեւ աշխատատեղերի ապահովումը, որը, չնայած տնտեսական ճգնաժամին, փորձում ենք չխախտել: Սակայն, երբ արտադրությունն անցնում է աշխատանքների ավտոմատացման համակարգերի, կիրառելով բարձր տեխնոլոգիաներ, ապա, բնականաբար, աշխատուժի պահանջը նվազում է: Այս խնդիրն ամբողջ աշխարհով մեկ է: Ցավոք, տեխնիկական պրոգրեսն առաջացնում է սոցիալական հարցեր: Սակայն, մյուս կողմից, չվերազինել գործարանը, կնշանակի դուրս մղել նրան շուկայից, ինչը շատ ավելի վնասակար է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալական առումով:

- Շատ տնտեսագետներ, քաղաքական գործիչներ խոսում են, թե հայ-թուրքական սահմանի բացումից հետո հնարավորություն կընձեռնվի Թուրքիա արտահանելու ցեմենտ, որքանո՞վ է դա իրատեսական, երբ Թուրքիայի ցեմենտի ինքնարժեքի գինը ցածր է, որն էլ նրան թույլ է տալիս ավելի էժան ցեմենտ առաջարկել շուկայում:

- «Միկա ցեմենտի» արտադրանքը շուկայում շատ մրցունակ է: Դրանով է պայմանավորված Հնդկաստանից, Իրանից, Եվրոպայի այլ երկրներից ստացվող պահանջարկը: Սակայն ճանապարհատրանսպորտային խնդիրը մեծ է, ինչն առաջացնում է արտահանման դեպքում լուրջ ֆինանսական միջոցների պահանջ, որն էլ ազդում է ցեմենտի գնի վրա: Ինչ խոսք, սահմանի բացումը մեզ հնարավորություն կընձեռի ավելի լայն շուկա դուրս գալու` կարճ ճանապարհով մուտք գործել եվրոպական շուկաներ, խիստ չբարձրացնելով ցեմենտի գինը: Ինչն այս պահին անհնար է: Թուրքիան նույնպես ցեմենտ արտադրող երկիր է, գուցե եւ էժան է նրա արտադրած ցեմենտը, բայց որակի հարցում զիջում է մեր արտադրանքին: Այս առումով է, որ կարեւորում ենք գործարանի վերազինման անհրաժեշտությունը: Այդպիսով կապահովենք ավելի բարձրակարգ արտադրանք, շատ ավելի ցածր` մրցունակ գնով: Բոլոր դեպքերում չպետք է մոռանանք, որ շինարարն է առաջին հերթին որոշողը` գնել էժան ցածրորակ, թե՞ թանկ, բայց բարձրորակ ցեմենտ: Նկատեմ, որ Ռուսաստանի շինարարները մեր արտադրանքը գործնականում շատ բարձր են գնահատել:

- Կներկայացնե՞ք, թե ինչ էր Սինգապուրում տեղի ունեցած էկոլոգիական խնդիրների վերաբերյալ ֆորումը: Ի՞նչ նախագծով հանդես եկաք Դուք:

- Երեք տարի զբաղվում եմ էկոլոգիական ծրագրի մշակմամբ, որի հիման վրա ձեւավորվել է նախագիծ, ինչն էլ ներկայացվեց Սինգապուրում տեղի ունեցած ֆորումին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այս նախագծով նախատեսվում է CO գազի արտանետումների նվազում: Իջեցվում է նաեւ էներգակիրների ծախսը, դրան զուգահեռ մեծանում է արտադրողականությունը: Սա համալիր մոտեցում է խնդրին, ինչը թույլ է տալիս արդյունավետ գնահատել բոլոր ռեսուրսները: Եվ ամենակարեւորըՙ լուծվում է էկոլոգիական հիմնախնդիրներից մեկը, ոչ միայն CO գազի, այլեւ փոշիանման արտանետումներն են նվազում, ինչը պակաս կարեւոր չէ այս տարածաշրջանի համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4