Դեկտեմբերի 3-ին բրիտանա-ղարաբաղյան նոր համակուսակցական խորհրդարանական խմբավորում է ձեւավորվել Լորդերի պալատի հանձնախմբերի 2-րդ դահլիճում, տեղեկացնում է բրիտանահայ լրագրող, հասարակական գործիչ եւ բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբավորման անդամ Օդեթ Բազիլը :
Նոր խմբավորման նախաձեռնողն է դերկոմս (վիկոնտ) Ջոն Դեզմոնդ Ուեյվրլին, որը նախկինում եղել է բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբավորման անդամ եւ այցելել է Լեռնային Ղարաբաղ 1996-ին:
Բրիտանական խորհրդարանում հարյուրավոր խորհրդարանական խմբակցություններ են հիմնվում խորհրդարանականների կողմից, ովքեր շահագրգռված են ամենատարբերՙ վիսկիից, նիհարելուց, քաղցկեղից սկսած մինչեւ ծերության, մտավոր առողջության եւ թվային հեռուստատեսության խնդիրներով: Ցանկն անսպառ է, բայց մի բան բնորոշ է բոլոր այդ խմբավորումներինՙ թեման (խնդիրը) պետք է նշված լինի: Այստեղից էլ հետեւում է, որ նախաձեռնելով այս նորՙ բրիտանա-ղարաբաղյան խմբավորումըՙ լորդ Ուեյվրլին եւ բարոնուհի Սայմոնզը փաստորեն ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությանը:
Նրանք, անշուշտ, տեղեկացված են, որ 1991-ի հանրաքվեով Ղարաբաղի ժողովուրդը անկախություն է հռչակել եւ դրանից հետո 5 նախագահական եւ չորս խորհրդարանական ընտրություններ է անցկացրել միջազգային դիտորդների ներկայությամբ:
Բայց ցավալի է եւ հայկական խմբավորման համար մտահոգիչ, որ բարոնուհի Սայմոնզն ու լորդ Ուեյվրլին նախքան նոր խմբավորման կազմավորումը չեն խորհրդակցել ո՛չ Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարների, ո՛չ Մեծ Բրիտանիայում հայկական դեսպանատան, ո՛չ էլ հայկական խորհրդարանական խմբավորման անդամների հետ: Նրանք ճշգրիտ տեղեկություններ չունեն Ղարաբաղի ներկա իրավիճակի մասին եւ ղարաբաղյան իշխանությունների մասնակցությունը չապահովելովՙ փաստորեն հավաստի աղբյուրից զրկում են իրենց հետագա գործունեությունը եւ դառնում եզակի նախադրյալ բրիտանական խորհրդարանումՙ խմբավորում առանց թեմայի կամ թեմայի «տիրոջ»:
Լորդ Ուեյվրլին եւ բարոնուհի Սայմոնզն իրենց ուսերին պետք է կրեն ամբողջ պատասխանատվությունը եւ դիմակայեն բոլոր վտանգների հետեւանքներին, որոնք կարող են առաջանալ բավականաչափ իրազեկված չլինելու պատճառով: Նրանք կարող են վնաս պատճառել խաղաղության կարգավորման գործընթացին, որին միջազգային կազմակերպությունները լծված են, եւ որին իր մասնակցությունն է բերում նաեւ Մեծ Բրիտանիան:
Հայկական խմբավորումը ողջունում է այս նորակազմ մարմնի գոյառումը եւ խրախուսում ակտիվ համագործակցություն, քաղաքականություն եւ տեղեկատվությունների փոխանակում նրա հետ, մինչեւ անգամ այցելությունների կազմակերպում դեպի Ղարաբաղ, որպեսզի նրանք կարողանան իրական պատկերը տեսնել այդ երկրի, նրա մշակույթի, պատմության եւ հետագա ձգտումների:
Թարգմ. Հ. Ծ.