«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ՕՎԱՆԵՍՈՎԻ «ՋՐԻՄՈՒՌՆԵՐ-ԷՆԵՐԳԻԱ» ՆԱԽԱԳԾԻՆՙ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿ

Գերմանական ճարտարագետների միության (VDI) դեկտեմբերի 18-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ImpACT3 միջազգային մրցույթում 3-րդ մրցանակի է արժանացել Բրեմենի Յակոբս համալսարանի ուսանող Կին Օվանեսովի եւ նրա 3 թիմակիցների նախագիծը: Աշխարհն առավել բարեկարգ դարձնելու հիշյալ ուսանողական մրցույթին, որը հովանավորում է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մուհամմադ Յունուսը, մասնակցել է 24 թիմՙ եվրոպական 9 բուհերից:

«Իմ հայրենի Հայաստանը նավթ չունի, դրա հետեւանքով տնտեսությունը չի շահում: Այդ է պատճառը, որ ես սկսեցի էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ որոնել», ասել է ծովային հետազոտություններով զբաղվող «Ջրիմուռներ-էներգիա» նախագծի հեղինակ Օվանեսովը, ըստ որի ջրիմուռները կարելի է որպես կենսաէներգետիկ հումք օգտագործել:

Ժյուրին առաջին մրցանակի է արժանացրել Բադեն Վյուրթեմբերգից 4 ուսանողների. նրանք ինտերնետի միջոցով վաճառել են կալանավայրերում երիտասարդների արտադրած պայուսակները: Երկրորդ մրցանակի է արժանացել դանիացի ուսանողների խումբը. մարզասրահ այցելողներն իրենց առողջությունն ամրապնդելուն զուգահեռ կարող են մարզասարքերին իրենց հպումը դրամի վերածելՙ մարզանիվի պտույտից ստացված էներգիան կարող է փոքր սարքեր աշխատեցնել: Նախագիծը կիրառվելու է Բանգլադեշում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4