«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


ՄԵԾԱՎԱՍՏԱԿ ՁԵՌԱԳՐԱԳԵՏ ՕՆՆԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՏՔՆԱՆՔԻ ՊՏՈՒՂԸ

Մաշտոցի անվան Մատենադարանի կարեւորագույն գործառույթներից է ձեռագրերի գիտական նկարագրությունը: Լույս տեսած եռահատոր համառոտ ցուցակներից բացի, որ ընդգրկում է ձեռագրերի ողջ հավաքածուն, գիտական ընդարձակ նկարագրության են ենթարկվել 6 հազարից ավելի ձեռագրեր: Ձեռագրերի ամբողջական նկարագրության եւ հրատարակության գործն ընդգրկված է «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց» տասնամյա ծրագրի մեջ, որի շրջանակներում աշխատում է Մատենադարանի 25 գիտաշխատող: 33 հատոր ընդգրկող «Մայր ցուցակի» հրատարակությունն իրագործվում է «Գալուստ Կյուլպէնկեան հաստատության» աջակցությամբ: Օրերս հրատարակված «Մայր ցուցակի» հինգերորդ հատորը նվիրված է Մատենադարանի վաստակավոր գիտնական Օննիկ Եգանյանին: Հատվածաբար ներկայացնում ենք հատորի առաջաբանը:

«Մայր ցուցակ»-ի ինչպէս Գ. (ձեռ. Հմր 601-1000), նոյնպէս եւ Ե հատորի (Հմր 1501-1800) բոլոր նկարագրութիւններն արել է վաստակաշատ բանասէր-ձեռագրագէտ Օննիկ Եգանեանը: Որպէս հիմնական պատասխանատու նա մասնակցել է նաեւ միւս (Ա-Բ., մասամբ նաեւՙ Դ.) հատորների կազմութեանը, իսկ այս հատորով աւարտւում է նրա արած ընդարձակ նկարագրութիւնների հրապարակումը: Այս հատորի մէջ նկարագրուած ձեռագրերի երեք հարիւրեակը (ձեռ. Հմր 1501-1800) եւս Մատենադարանի հաւաքածուի ընդգծուած արժէքաւոր մասերից է, որ ԺԹ. դ. հնարաւորինս խմբաւորուել է ըստ պարունակած նիւթի. մեծադիր առաջին 34-ից 20-ը Յայսմաւուրք են, 6-ըՙ Ճառընտիր, 3-ըՙ Ներսէս Լամբրոնացու Մեկնութիւն Սաղմոսաց, 2-ականՙ Սարգիս Շնորհալու Մեկնութիւն կաթողիկեայց եւ Պատմագիրք, Իգնատիոս Հոռոմոսցի ծաղկողի մի ընտիր Աւետարան: Յաջորդում է փոքրադիր ձեռագրերի շարըՙ Ներսիսի Շնորհալւոյ Բանք չափաւ (Հմր 1535-1561), Նարեկ (Հմր 1563-1575. այստեղ նաեւ պահպանուած հնագոյն օրինակըՙ Հմր 1568. 1173 թ., ստացողՙ Ներսէս Լամբրոնացի, գրիչ եւ ծաղկող Գրիգոր Սկեւռացի), Շարակնոց (Հմր 1576-1628), ապաՙ միջին չափի տարաբնոյթ Ժողովածուներ, որոնց մէջ գերակշռում են իմաստասիրական երկերի ընտիր օրինակներ (մէկըՙ Հմր 1746 Դաւիթ Անյաղթի Սահմանքի հնագոյն օրինակն էՙ 1276 թ.):

Օննիկ Եգանեանը (1917 թ., Թաւրիզ - 25 Մայիսի 1984 թ., Երեւան) ծննդավայրում կրթութիւն ստանալուց յետոյ ուսուցչութիւն է արել Ղարադաղի հայկական գիւղերի դպրոցներում (նրա երախտագէտ շատ աշակերտներ հետագայում մեծ յաջողութիւնների են հասել), ապա 1946 թ. ուսանելու է եկել մայր հայրենիք, որին այդուհետեւ նուիրուել է ցկեանս: 1946-57 թթ. աշխատել է Գեղարուեստա-թատերական ինստիտուտում, զուգահեռՙ հեռակայ սովորել Մանկավարժական ինստիտուտում: 1958 թ. մինչեւ կեանքի աւարտն աշխատել է Մաշտոցեան Մատենադարանում. 1958-ի վերջից մինչեւ 1973 -ի վերջ այստեղ վարել է Գլխաւոր աւանդապահի (մատենապահի), այսինքնՙ ձեռագրերի ամէնօրեայ խնամքը, շարժը եւ գործածութիւնն ապահովելու շատ պատասխանատու աշխատանքը: Այս շրջանում հրատարակուեց մեր երկհատոր համառօտ «Ցուցակ ձեռագրաց»ը (1965, 1970), որ համեմատաբար փոքր ծաւալի մէջ ձեռագրերի հսկայՙ 10408 քանակ ներկայացնելու շնորհիւ անցած քառասնամեակի ընթացքում մեծապէս օգտակար եղաւ մեր միջնադարագիտութեանը (սա շարունակուելու է նաեւ մինչեւ «Մայր ցուցակ»ի հրապարակման աւարտը): Օ. Եգանեանը ո՛չ միայն նկարագրել է այս երկհատորեակի 4008 (Հմր 1-2000, 8401-10408) ձեռագիր, այլեւ միակերպութեան է բերել իր եւ իր գործակիցներ Փ. Անթապեանի եւ Ա. Զէյթունեանի արած նկարագրութիւնները, արել է շարուածքի սրբագրութեան բոլոր աշխատանքները եւ կազմել անուանացանկերը. վկայակոչենքՙ «Երկհատորեակի առաւելութիւններից մէկն էլ Օ. Եգանեանի կազմած հարուստ ու բազմապիսի ցանկերն ու տախտակներն են, որոնք պատշաճում են ընդարձակ ձեռագրացուցակներին» (Ա. Մնացականեան, Մայր ցուցակ, Ա., էջ ԽԷ1.), այսինքնՙ միայնակ կրել է աշխատանքի հիմնական ծանրութիւնը: Սակայն այստեղ առաւել արժէքաւորը ցուցակի ներածականն էՙ «Մատենադարանի ձեռագրական հաւաքածուները» (Ցուցակ ձեռագրաց, Ա., սիւն 13-214), որ մեր հաւաքածուի գոյացմանՙ քայլ առ քայլ պատմութիւնն է եւ զուտ փաստագրութիւնՙ որոշակի ձեռագիրն ի՛նչ ճանապարհ եւ նրա հանգրուաններ անցնելով, ե՛րբ եւ ո՛ր հաւաքածուների մէջ ի՛նչ համարներ ստանալով է մտել Մատենադարան:

Համառօտի հրապարակումից անմիջապէս յետոյ հեղինակների նոյն եռեակն սկսեց Մայր ցուցակի կազմութիւնը, եւ կրկինՙ Օ. Եգանեանը մինչեւ կեանքի վերջին օրը կրեց նաեւ այս տարբերակի պատրաստման հիմնական պատասխանատուի ծանր լուծը: Ա. հատորը 1974ի սկզբին ուղարկուեց հրատարակչութիւն, սակայն տպուեց 10 տարի անց. 1984ի մայիսի սկզբի մի օր առիթով ասաց. «Այս հատորի ցանկերն աւարտեմ եւ հանգիստ հեռանամ այս կեանքից»: Ցաւօք, այդպէս էլ եղաւ. նոյն ամսի վերջին նա վախճանուեց, իսկ «Ստորագրուած է տպագրութեան 10. 05. 1984 թ.» հատորը լոյս տեսաւ աշնանը: Չտեսաւ նաեւ իր առաջնորդութեամբ կազմուած միւս խնամեալ հատորը («Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, Կազմեցՙ Անուշաւան վարդապետ Դանիէլեան, Անթիլիաս, 1984») եւ չկարդաց Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. կաթողիկոսի գրածը. «Մենք խորապէս գնահատողն ենք նաեւ Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանի վաստակաւոր գիտաշխատող եւ ձեռագրաց ցուցակներու պատրաստութեան արուեստի անուանի մասնագէտ Օննիկ Եկանեանին» (էջ Ը.), չտեսաւ նաեւ ցուցակի հեղինակ իր աշակերտի երախտիքի խօսքը. «Մատենադարանի գիտաշխատող սիրելի «Վարպետիս» Օննիկ Եկանեանին, իր անգնահատելի օժանդակութեան համար, որ ցուցաբերեց աշխատանքիս ամբողջ ընթացքին», «Դարձեալ աղաչեմ զընթերցողսդ, զի յիշեսջիք յաղօթս ձեր... զպարոն Օննիկ Եկանեան, որ բազում երախտիս ունի ի վերայ Ցուցակիս» (էջ ԺԵ., 647):

Մեր հաւաքածուների գոյացման պատմութեան հրապարակումից (1965 թ.) յետոյ Օ. Եգանեանը նոյն ուղղութեամբ աշխատեց եւ գիտական պարբերականներում տպագրեց Մատենադարան մտած հին հաւաքածուների պատկերն ուրուագծող եւ աւելի ճշգրտող ուսումնասիրութիւններ, որոնց հիմքը մի մեծադիր եւ բազմասիւնակ աղիւսակ¬մատեան էր, որի մէջ էլ ի նորոյ նայած ձեռագրերից, ցուցակներից ու վաւերագրերից առնելով, օրէցօր գրանցում¬գրառում էր նոր փաստեր. սրանց գումարումով մի օր ստանալու էր Մատենադարանի ձեռագրական հաւաքածուների պատմութեան նորՙ հնարաւոր բոլոր հարցերին պատասխանող տեսութիւն: Սակայն մի օրՙ հերթական հարցումով իրեն դիմած բանասէր Պօղոս Խաչատրեանին պատասխանելու համար, պէտք է գրքեր բացէր. գրասեղանին տեղ չկար, ուստի այդ մատեանը դրել էր կողքի աղբաման¬զամբիւղի վրայ եւ մոռանալովՙ թողել այդտեղ: Յաջորդ առաւօտ նրա աշխատասենեակը մաքրող հաւաքարարը տասնամեակների աշխատանքի այս պտուղը համարել էր թափելի եւ նետել. բոլոր հնարաւոր աղբատեղերում շաբաթներ տեւած փնտրտուքն ապարդիւն անցաւ: Առաւօտուայ ժամը եօթից մինչեւ երեկոյեան ինն անսուաղ աշխատող եռանդուն մարդն անասելի ընկճուեց, թեւաթափուեց, ամսից աւելի ուշքի չէր գալիս, ապա նորՙ աւելի փոքր չափսի մի մատեան առաւ եւ սկսեց «վերականգնել» անվերականգնելին: Ի՛նչ գիտենք, թէ այս անհեթեթ միջադէպը քանի՜ տարով կրճատեց անխոնջԱհա հէնց այս անդառնալի կորուստը մասամբ վերականգնելու նպատակով Գ. Տէր-Վարդանեանը ժողովել է գիտական մամուլում ցրուածՙ Օ. Եգանեանի 37 յօդուած եւ «Մաշտոցեան մատենադարանի ձեռագրական հաւաքածուները, մասն Բ.» խորագրով մօտ ապագայում հրատարակելու է նրանց գրքային տարբերակը:

Որեւէ անհատի վաստակը նրա մարդկային նկարագրի ածանցեալն է, ուստիՙ մի քանի խօսք նաեւ Օ. Եգանեան-անհատի մասին. հսկայ աշխատասիրութեան, սեփական անձի նկատմամբ մեծ խստապահանջութեան, արած գործի մէջ գերճշգրտութեան ձգտում ունենալով հանդերձ, կենցաղում խիստ սակաւապէտ էր, լռիկ եւ զուսպ, ազնիւ, անսահման բարի, սկսնակներին իր գիտելիքները հաղորդելու հարցում բառացիօրէն շռայլ: Երկու բառով պատասխանելի որեւէ հարց պարզաբանում էր կէս ժամ կամ աւելիՙ մանրամասնելով յարակից բոլոր խնդիրները: Հազուագիւտ համեստ էրՙ չէր խորշում նաեւ իր կողքն աշխատող կրտսերներից հարցնելուց: Մատենադարանում աշխատելու սկզբնական շրջանում երկու անգամ «գործից փախել» էՙ ասելով. «արժանի չեմ այստեղ աշխատելու», ընկերները դժուարութեամբ համոզել եւ ետ են բերել: Մատենագիտական տարատեսակ աշխատանքների շարքում ամէնադժուարը եւ բազմատեսակ գիտելիքներ պահանջողը երեւի թէ ձեռագրացուցակ կազմելն է. Մատենադարանիՙ հետազօտական հաստատութիւն դառնալուց (1959 թ.) ի վեր տասնեակ մարդիկ տարբեր տարիների ընդգրկուել են ձեռագրացուցակի աշխատանքների մէջ, սակայն քչերն են դիմացել միակերպ եւ «տաղտուկ, սեւ» գործի ծանրութեանը, աւելինՙ նախորդ դարի ընթացքում մեր հաստատութիւնն այս ասպարէզում Օննիկ Եգանեանի չափ վաստակ ու արգասիք թողած մարդ չի ունեցել. «Զի բազում են կոչեցեալք, եւ սակաւք են ընտրեալք» (Մտթ. Ի. 17. հմմտ. ԻԲ. 14): Ուստի եւՙ «ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՅ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»:

ՄԱՇՏՈՑԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹԻՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4