«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


«ԵԹԵ ՀԱՅՐՍ ՈՂՋ ԼԻՆԵՐ, ԻՆՁԱՆԻՑ ԱՎԵԼԻՆ ԿՊԱՀԱՆՋԵՐ»

Հարցազրույց 2009-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, ներկայումս Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա գերազանցությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր: Հարցման արդյունքներով Մխիթարյանը վաստակել է 355 միավորՙ զգալիորեն առաջ անցնելով 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած Հրայր Մկոյանից (138) եւ Սարգիս Հովսեփյանից (108): Հենրիխը վերադարձել է հայրենիք: Նա մասնակցեց ՀՖՖ-ում տեղի ունեցած մրցանակաբաշխությանըՙ ստանալով իրեն հասանելիք մրցանակները: Օգտվելով առիթից, մինչեւ մրցանակաբաշխության սկսվելը հարցազրույց ունեցանք Մխիթարյանի հետ:


- Հենրիխ, վերադարձել ես հարազատ օջախ, մասնակցելու ես մրցանակաբաշխությանը: Ինչպիսի՞ զգացումներ ունես:

- Ուրախ եմ, որ այսօր մեր հայ ֆուտբոլիստները պարգեւատրվելու են: Շնորհավորում եմ նրանց գալիք Ամանորի եւ Սուրբ ծնունդի առթիվ, մաղթում եմ նրանց նորանոր հաջողություններ:

- Ընթացիկ մրցաշրջանն առայժմ քո մարզական կարիերայում ամենահաջողն էր:

- Ես էլ այդ կարծիքին եմ: Բայց չէի ցանկանա սահմանափակվել ձեռքբերածով, որովհետեւ իմ առջեւ շատ լուրջ նպատակներ եմ դրել: Կարծում եմ առաջիկայում ավելի ուժեղ ակումբ կտեղափոխվեմ, եթե լավ աշխատեմ:

- Կոնկրետ առաջարկներ արդեն ունե՞ս:

- Առայժմ ոչ: Սակայն եթե հարմար առաջարկություն եղավ, Դոնեցկից կտեղափոխվեմ: Հակառակ դեպքում մի քանի մրցաշրջան էլ կխաղամ «Մետալուրգում»:

- Սպասո՞ւմ էիր, որ նորամուտդ «Մետալուրգում» այդքան հաջող կստացվի, միանգամից կամրապնդվես թիմի մեկնարկային կազմում, արդյունավետ խաղ կցուցադրեսՙ դառնալով ուկրաինական ակումբի առաջատար ֆուտբոլիստներից մեկը:

- Անկեղծ ասած, չէի սպասում, սակայն խաղընկերներս այդ հարցում ինձ շատ օգնեցին: Օրինակ, հարձակման գծումՙ Մգունին: Թիմում ամեն ինչ նորմալ է, լավ մթնոլորտ է, արդեն հարմարվել եմ: Կցանկանայի, որ ինձ լիովին վստահեին: Եղավ մի պահ, որ վնասվածքների պատճառով խաղադաշտում խաղընկերներս հաճախակի էին փոխվում, ուստի իմ խաղը լավ չստացվեց, դժվար էր համագործակցել նոր ֆուտբոլիստների հետ: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Կաշխատեմ մեծ վստահություն ձեռք բերել, որ ինձ Դոնեցկում ավելի շատ սիրեն ու հարգեն:

- Տարին քո համար շատ ծանրաբեռնված էր: Սկզբում հանդես եկար «Փյունիկում», այժմ էլՙ «Մետալուրգում», գումարած նաեւ ազգային եւ երիտասարդական հավաքականների մրցախաղերը: Երիտասարդ տարիքիդ համար դժվար չէ՞ դիմանալ նման ծանրաբեռնվածությանը:

- Առաջին հայացքից դժվար է թվում, սակայն աստիճանաբար ընտելանում ես: Եթե ինձ հաջողվեց այսպիսի մի մրցաշրջան անցկացնել, ապա հաջորդ տարի ավելի հեշտ կլինի ծանրաբեռնվածությանը դիմանալ: Իհարկե, դա մեզ համար անսովոր է: Մինչդեռ Եվրոպայում ֆուտբոլիստները շաբաթական 2 խաղ են անցկացնում, մեկ մրցաշրջանում մինչեւ 50-60 հանդիպման են մասնակցում: Եվ որքան նման խաղերը շատ լինեն, այնքան կկատարելագործես վարպետությունդ:

- Տեղյակ եմ, որ «Մետալուրգի» կայքէջում քվեարկություն է անցկացվումՙ որոշելու թիմի լավագույն ֆուտբոլիստին: Արդեն հայտնի՞ են արդյունքները:

- Առայժմ ոչ: Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց, հատկապես հայ ֆուտբոլասերներին, ովքեր քվեարկել են իմ օգտին: Լուրջ մրցակցություն է ընթանում իմ եւ բուլղարացի Դիմիտար Վելիզարովի միջեւ: Առայժմ 100 ձայնով գերազանցում եմ նրան:

- Չեմ կասկածում, որ դու ես ճանաչվելու Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Կարծում եմ, դա քո համար անակնկալ չի լինի:

- Ամեն դեպքում անակնկալ կլինի, քանի որ ոչ մի ֆուտբոլիստ նախապես չի կարող ասել, որ ինքը լավագույնը կճանաչվի: Իհարկե, հաճելի կլինի եւս մեկ մրցանակ ավելացնել իմ պահարանում: Սակայն մրցանակաբաշխության սկսվելուն դեռեւս մեկ ժամ կա եւ հնարավոր է, որ այլ տարբերակ լինի:

- Բացի քեզանից, ո՞ւմ կշնորհեիր լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը:

- Ճիշտն ասած, շատ ֆուտբոլիստներ են արժանի: Օրինակ, կառանձնացնեի Հրայր Մկոյանին եւ Արթուր Եդիգարյանին, որոնք շատ լավ մրցաշրջան անցկացրին, ազգային հավաքականում էլ արդեն իրենց տեղն ամրապնդել են: Շատ ուրախալի է, որ երիտասարդ տարիքում նրանք արդեն իրենց լավ են դրսեւորում:

- Եթե հայրդ ողջ լիներ, անշուշտ, կուրախանար քո հաջողություններով:

- Իհարկե, երջանիկ կլիներ: Բայց չեմ կարծում, որ մինչեւ վերջ բավարարված կլիներ իմ խաղով ու միշտ ավելին կպահանջեր: Ինքս էլ գիտակցում եմ դա եւ ձգտում եմ մշտապես կատարելագործել խաղս, որպեսզի հասնեմ եվրոպական թիմերում խաղացող ֆուտբոլիստների խաղամակարդակին: Ուստի ոչ մի րոպե չեմ ուզում թուլանալ եւ մտածել, որ արդեն հասել եմ ամեն ինչի: «Մետալուրգն» ինձ համար երազածս բարձունքը չէ, ուստի դրանով սահմանափակվել չեմ ուզում:

- Հորդ խաղը տեսե՞լ ես:

- Դիտել եմ տեսահոլովակները: Նրա խաղն իմ մեջ շատ է տպավորվել: Շատ լավ հարձակվող է եղել, աչքի է ընկել ռմբարկուի հատկանիշներով, ԽՍՀՄ առաջնությունում լավագույն ռմբարկուների պայքարում 2-րդն է ճանաչվել: Դա մեծ նվաճում է, քանի որ ԽՍՀՄ առաջնությունները բավական ուժեղ մրցաշարեր են եղել:

- Ի՞նչ ես կարծում, կհաջողվի՞ քեզ հասնել հորդ խաղամակարդակին եւ նույնիսկ գերազանցել նրան:

- Ոչ, չեմ կարող, քանի որ հայրս ինձանից 100 գլխով բարձր էր: Չեմ էլ ցանկանում գերազանցել նրան, քանի որ նա իմ հայրն է: Թեեւ հաստատ գիտեմ, որ եթե ողջ լիներ, անպայման կցանկանար, որ իրեն գերազանցեի: Հայրս միշտ իմ հիշողության մեջ է: Հաճախ եմ եկեղեցի գնում եւ հորիցս օգնություն խնդրում: Ամեն պահի զգում եմ նրա ներկայությունը կողքիս:

- Ո՞վ է ֆուտբոլում կուռքդ:

- Կական, Ռոնալդուն, Մեսին:

- Ո՞ր թիմին ես ավելի շատ երկրպագում:

- «Արսենալին»:

- Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին երկու հանդիպումներում ուրախացրեց ֆուտբոլասերներին: Մյուս տարի կհաջողվի՞ պահպանել մարտունակությունը եւ զարգացնել հաջողությունը:

- Ամեն ջանք պետք է ներդնենք մնացած 4 խաղերում էլ հաջող հանդես գալու համար: Մեզ հեշտ խաղեր չեն սպասում: Էստոնիան ու Իռլանդիան թույլ մրցակիցներ չէին, պարզապես մենք ավելի լավ էինք պատրաստված ու միասնական էինք, ուստի մեր խաղը ստացվեց:

- Իսկ ազգային հավաքականի ելույթներն ինչպե՞ս կգնահատես:

- Շատ վատ խաղացինք, ելույթները կարելի է անբավարար գնահատել: Սակայն կարծում եմ հաջորդ տարի պետք է որ հաջող խաղանք, քանի որ հավաքականի կազմը համալրել են երիտասարդ մի խումբ ֆուտբոլիստներ, կոլեկտիվի կորիզն էլ արդեն ձեւավորվել ու կայունացել է: Վերջում կցանկանայի բոլորին շնորհավորել գալիք տոների առթիվ, մաղթել ամենայն բարիք: Ուժերիս ներածին չափով կաշխատեմ միշտ բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4