Երեկ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստում հաստատվեց ԵՊՀ 2010-2014 զարգացման ռազմավարական ծրագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացած նիստում հաստատվեցին նաեւ 2010 թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվն ու 2008-2009 թթ. ուսումնական տարվա հաշվետվությունը: «ԵՊՀ-ն մեր ժողովրդի պարծանքն է, մեր գիտության, կրթության առաջատարը: ԵՊՀ-ի շրջանավարտներն ու դասախոները միշտ էլ հանդիսացել են ՀՀ-ի ու ՀՍՍՀ-ի գիտության նոր ճյուղերի հիմնադիրներն ու զարգացնողները, հսկայական դաստիարակություն են ունեցել մեր ժողովրդի զարգացման գործում», ասաց նախագահ Սարգսյանը:
Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի տեղեկացմամբՙ մյուս տարի ԵՊՀ-ի բյուջեն կավելացվի 400 մլն դրամով: Այս տարի համալսարանի բյուջեն կազմել է 7 մլրդ դրամ: Համալսարանի բյուջեից ֆինանսավորվում են նաեւ պետական ոչ առեւտրային որոշ կազմակերպություններ, իսկ 7 մլրդ 400 մլն դրամից բուհի գումարը կազմելու է 6.9 մլրդ դրամ: 2011-ից ԵՊՀ-ն նախատեսում է պատրաստել տեղեկատվական անվտանգության մասնագետներ: Ապագայում գուցե բացվի չինագիտության ֆակուլտետ: Համալսարանն այսօր ունի ավելի քան 16.000 ուսանող:
Հ. Հ.