«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


«ՏՈՆԵՐԻՆ ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ»

Հորդորում է Մհեր Շահգելդյանը

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը շնորհավորեց գալիք տոների առիթով ու գնահատանքի խոսքեր հղեց ԶԼՄ-ների հասցեին: Այնուհետեւ անդրադառնալով 2009-ին նախարարության գործունեությանը, նշեց, որ մեծ փոփոխություն է տեղի ունեցել սոցիալական պաշտպանության ոլորտում ու մոտ 40 տոկոսով բարձրացվել են փրկարար ծառայության ոլորտում զինծառայողների աշխատավարձերը, թոշակները: Նախարարությունը շարունակել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության շուրջը տարվող աշխատանքները: Միջազգային համաձայնագրի շրջանակներում սեյսմիկ ծառայությունը նոր գիտացանցի տեղադրման պիլոտային աշխատանքներ է իրականացրել, որոնք կտեղադրվեն նաեւ մարզերում: Ներկրվել են հատուկ սարքավորումներ, մեքենաներ ու լրացուցիչ տեխնիկա: Իսկ ամենակարեւորը, ըստ նախարարի, մարդկանց հմտությունների զարգացումն է, որն արդեն Լոռու եւ Տավուշի մարզերում մի շարք միջոցառումների միջոցով ներդրվել են, որոնք նպաստել են ազգաբնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Կատարված բազմաթիվ ու բազմաբնույթ իրազեկման միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել 25-30 տոկոսով պակասեցնել հրդեհների, դրանցից տուժածների, մահվան ու զոհերի քանակը: Շենքերի սեյսմակայունությունն ամրացնելու եւ դրանք անվտանգ դարձնելու շուրջը նախարարությունը միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է դպրոցներին, հիվանդանոցներին, մանկապարտեզներին, մանկատներին առաջնահերթ ուշադրություն դարձնելու ու գնահատելու համապատասշան շենքերի սեյսմակայունությունը, գտնել համապատասխան միջոցներ այդ խնդիրը լուծելու համար:

  «Ազգի» հարցին պատասխանելով, նախարարը մտահոգ էր տոնական օրերին զվարճանքի վայրերում անվտանգության կանոնների վերաբերյալ: Բոլոր սեփականատերերին զգուշացվել, ստորագրություն է վերցվել, որ խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները, արգելվել է օգտագործել հրակայուն նյութեր, պայթուցիկներ: Իսկ եթե լինեն խախտողներ, ապա կտուգանվեն, ընդհուպՙ կփակվեն: Մինչ այժմ մոնիտորինգի արդյունքում արդեն 25 ձեռնարկության նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել ու դեռ 40-ի նկատմամբ գործերն ընթացքի մեջ են, տեղեկացրեց նախարարն ու մաղթեց, որ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը անցնի հանգիստ, խաղաղ եւ ապահով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4