«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ. ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՍԱՈՒՆԱՆԵՐՈՒՄ ԵՆ

«ՀԱԿ-ի հետախուզությունը վատ է աշխատում»: Սա ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի պատասխանն էր ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի տեղեկությանը, թե ինքը, Վահան Հովհաննիսյանն ու Հրանտ Մարգարյանը հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: «Ես նոր-նոր էի եկել Հայաստան եւ չէի կարող հանդիպել, ոչ էլ Հրանտ Մարգարյանն է հանդիպել»:

Զուրաբյանի ասածների մեջ այնուամենայնիվ ճշմարտություն կա. ՍԴ նախագահի հետ հանդիպել է Վահան Հովհաննիսյանը: Վերջինս, ըստ Ռուստամյանի, կուսակցության մտահոգություններն ու հայ-թուրքական արձանագրությունների հակասահմանադրականությունն է ներկայացրել, որը ՍԴ նախագահն ընդունել է ի գիտություն:

Թե ինչու է դաշնակցական գործչի ու ՍԴ նախագահի հանդիպումը գաղտնի պահվել ու չհրապարակվել, Ռուստամյանը նախ ասաց, որ «թաքուն չի եղել», այնուհետեւ շարունակեց. «Կարո՞ղ է մենք մտել էինք Սահմանադրական դատարան, ու այդ պահին բոլորը քնած են եղել, ու ոչ ոք չի տեսել: Էդպես գաղտնի հանդիպո՞ւմ են ունենում: Գաղտնի հանդիպումները ուրիշ տեղերում են լինում` ոչ քաղաքական մարմիններում, օրինակ` սաունաներում եւ նման այլ վայրերում»:

Բացի այդ, Ռուստամյանը նորմալ երեւույթ համարեց, որ իրենք, որպես ընդդիմություն, հանդիպում են իշխանության այս կամ այն ներկայացուցչի հետ: Շարունակելով իշխանություն-ընդդիմություն թեմանՙ Ռուստամյանն ասաց, որ թեեւ իշխանություններն ու ՀԱԿ-ը չէին ցանկանում, որ ձեւավորվի ընդդիմադիր 3-րդ բեւեռը, բայց դա իրականություն է: Նա նկատում է, որ մինչ ՀՅԴ-իՙ կոալիցիայից դուրս գալը կար երկու բեւեռ` իշխանությունը եւ ՀԱԿ-ը: «Եթե ընդդիմությունը պարզապես հակադրվելու, այլ ոչ թե այլընտրանք ներկայացնելու ընդդիմություն է, դա երկար կյանք չունի, հիմա էլ պարզ դարձավ, թե իրական այլընտրանքն ով է: Առնվազն արտաքին քաղաքականության մասով իշխանության եւ ՀԱԿ-ի ուղեգծում որեւէ տարբերություն չի արձանագրվել: Եվ շատ լավ է, որ բոլորը վերադարձան «ի շրջանս յուր»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց (շատ գոհ եմ իր վերջին հայտարարությունից, իր անկեղծությունը պետք է գնահատել) այն, ինչի մասին վաղուց գիտեինք, բայց ժողովուրդն ինչ-որ տեղ շփոթի մեջ էր: Ի վերջո, նա շատ անկեղծորեն ներկայացրեց իր գաղափարները, եւ նորից հայտնվեցինք նույն դիրքերում, ինչ մինչեւ 1998-ն էինք»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4