Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը, խոստումի համաձայն, հանել է իր թեկնածությունը` հօգուտ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Համաձայն քաղաքագետի «Ազգ» -ին ուղարկած հայտարարությանՙ հունվարի 10-ին մասնակցելով ընտրություներին եւ ձայն տալով Փաշինյանինՙ հասարակությունը կկայացնի «ձայն բազմաց, ձայն Աստծո»:
«Հանելով իմ թեկնածությունը եւ հայցելով ձեր ներողամտությունը, հուսով եմ, որ քարոզարշավի այս 20 օրերին ինձ հաջողվել է համոզիչ հիմնավորումներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու անհրաժեշտության վերաբերյալ: Միմյանց հորդորեք հունվարի 10-ին ձեր քվեների ուժով վերջ դնել Նիկոլ Փաշինյանի տառապանքներին: Ձեզանից, ձեր ձայներից, Նեռից չկաշառվելու ձեր վճռականությունից է կախված հալածյալ հայորդու ճակատագիրը»:
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար մնացել են երեք թեկնածու` Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանն ու «Ազգային միաբանությունից» Արա Սիմոնյանը:
Հ. Հ.