ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները` նախագահ Հրայր Կարապետյանի գլխավորությամբ, երեկ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայան, ծանոթացան աշնանային զորակոչի ընթացքին: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջեցին բոլոր բուժսենյակներով, զրուցեցին զինակոչիկների հետ: Լրագրողների հետ զրույցում Հ. Կարապետյանը նշեց, որ ներկայիս դրությամբ աշնանային զորակոչը, որի ավարտին մնացել է 3 օր, 91 տոկոսով հաջողությամբ կատարված է: Այս զորակոչի ընթացքում բավականին շատ են դեպքերը, երբ հատկապես վերջին բուժզննության ընթացքում հայտնաբերվել են առողջական խնդիրներ. «Վերջին բուժզննության ընթացքում հայտնաբերվել է 340 հիվանդության դեպք: Մենք կլրացնենք բոլոր այն բացերը, որոնք կնկատվեն զորակոչի ընթացքում» :
ՀՀ զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ Գագիկ Հարությունյանը նկատեց. «Բոլոր զորակոչիկները մանրակրկիտ բուժզննում են անցնում: Գրեթե 70-80 տոկոսը լրացուցիչ բուժզննություն է անցնում, եւ վերջին պահին ներկայացնում ենք Կենտրոնական բժշկական հանձնաժողովին»:
Ն. Մ.