«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ԳԱԼԻՔ 2010 ԹՎԱԿԱՆԸ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ-ԱՍՏՂԱԳԵՏ ԷԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲ

Ավանդույթի համաձայն արդեն 5-րդ տարին է «Ազգը» տարեվերջին այցելում է կես դարուց ի վեր մաթեմատիկական գիտություններով զբաղվող մանկավարժ, աստղագետ Էլյա Հովհաննիսյանին ու իր ընթերցողներին տեղեկացնում, թե գալիք տարին ինչպիսին է լինելու: Գիտական բազմաթիվ աշխատությունների, «Ճակատագրի ծածկագիրը» խորագիրը կրող գիտահանրամատչելի 7 գրքերի հեղինակ տկն Էլյայի կանխատեսմամբ եւ թվային հաշվարկներով 2010 թվականին հայ ժողովրդին մեծ վերելք է սպասվում մինչեւ 2016 թվականը: Գալիք տարին, որի թվանշանների գումարը 3 է, խոստանում է ուրախություն, տրամադրվածություն, անցյալի եւ ներկայի հաշվառում: Ամեն ոք վերլուծելու է իր արածները կյանքի տարբեր փուլերում ու դրանից եզրահանգումներ է կատարելու: Տարին բուռն ու զարգացումներով լի կլինի թատրոնի, սպորտի, արվեստի բնագավառներում:

Հունվար ամսին հարկ է մանրակրկիտ ուշադրություն դարձվի աշխատանքին: Դժվար ամիս է, ուստի պահանջվում է ճշգրիտ հաշվարկել գործունեությունը: Կլինեն միջազգային նախագծերի մի շարք քննարկումներ:

Փետրվարը խոստանում է համաշխարհային փոփոխություններ, գործողություններ, որոնք անսովոր են, անսպասելի եւ լի գործնական ուղեցույցներով:

Մարտ ամիսը առաջարկում է մաքրել շրջակա միջավայրը, կառուցել կանաչապատ պուրակներ, մարդասիրական նախագծեր իրականացնել:

Ապրիլ ամսին կծագեն կրթական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ: Կլինեն համաշխարհային մակարդակի վերլուծություններ:

Մայիսը մեծ բիզնեսի ամիս է հանդիսանում եւ հենց այդ ամսին է խորհուրդ տրվում նոր գործեր ձեռնարկել, իհարկե լավապես նախահաշվարկելուց հետո: Կլինեն բազմաթիվ համագործակցություններ, որոնք ուրախություններ կպարգեւեն:

Հունիսին կնախաձեռնվի հաջորդ ամսվա ծրագրերը, որը ի նպաստ կլինի ազգաբնակչությանը:

Հուլիսը կընթանա բնականոն, առանց դժվարությունների: Հատկապես այդ ամսին կծնվեն նոր առաջնորդներ:

Օգոստոս ամիսը ամբողջությամբ հոգեւոր գործունեության ամիս է, որը կոգեշնչի ու խաղաղություն կբերի մարդկանց հոգիներին: Քաղաքական առումով ժողովուրդների միջեւ կլինի համագործակցություն ու վերլուծությունների առիթներ կառաջանան:

Սեպտեմբերին ստեղծագործական մեծ վերելքի ժամանաշրջան է: Մշակութային լեցուն միջոցառումներ ու նոր տաղանդների հայտնություններ են սպասվում:

Հոկտեմբերին սպասվում է ազգային եւ միջազգային համագործակցություններ, որոնք դրական ազդեցություններ կունենան մեր երկրի զարգացման գործում:

Նոյեմբերին կլինեն համաշխարհային փոփոխություններ, անսպասելի նորություններ: Հարկ է, որ այդ ամսին լինել շատ ուշադիր բոլոր առումներով:

Դեկտեմբերին կլինեն շատ փոփոխություններ, որոնցից էլ կախված կլինի հաջորդ տարվա լարվածության աստիճանը

2010-ին ծնվածները ծնված օրից 4 ամիս կլինեն լիության մեջ: Իսկ տարին բոլորին խոստանում է ուշիմություն եւ համընթաց քայլ տիեզերքի հետ, քանզի հայկական գործոնը մեր շնորհիվ կտարածվի աշխարհով մեկ եւ այդ դեպքում կլինենք իշխող ազգ:

Իսկ այժմ ներկայացնենք, թե մեր հանրության ուշադրության կենտրոնում գտնվող 5 պաշտոնատար անձինք եւ կուսակցությունների ղեկավարներին ինչ է սպասվում 2010 թվին եւ աստղերը ինչ խորհուրդ են տալիս:

Լեւոն Տեր-Պետրոսյան-Ծնվել է աքլորի տարում, այծեղջյուրի նշանի տակ (1945 թ. հունվարի 9)-Շատ ծանր տարիներ է ապրել: 2010-ին իր ծննդյան օրվանից սկսած կլինեն փոփոխություններ: Այն դժվարությունները, որ երկար ժամանակ ունեցել է, հօդս են ցնդելու եւ տեղը զիջելու են հաջողություններին: Սակայն մեծ հաջողությունների հասնել չի կարող: Տարվա մեջ միջին վիճակը ապահովված է մինչեւ աշուն, որից հետո վիճակը դեպի բացասական կողմ է ավելի թեքվում: Եթե հունվարի 9-ին մինչեւ մայիսի 9-ը նա գործարքներ կնքի կանանց հետ, այլ ոչ թե տղամարդկանց, կլինի երկուստեք ե'ւ հաճելի, ե'ւ շահավետ:

Տիգրան Սարգսյան-Ծնվել է ձիու տարում, ջրհոսի նշանի տակ (1960 թ. հունվարի 29)-Այս տարի լրանում է վարչապետի 50 տարին եւ այդ օրվանից սկսած 10 տարի նա կգտնվի վերելքի շրջանում: Հունվարի 29-մայիսի 29 ընկած ժամանակաշրջանում հարկ է, որ հավաքի իր գործունեությանը վերաբերվող որոշ փաստաթղթեր, կատարի հետազոտություններ: Տարին կլինի շատ ծանրաբեռնված, սակայն հաջողությունները նրան մշտապես կուղեկցեն: Այս տարի նրա թիվն է 11-ը եւ բոլոր նրանց, ում նա կօգնի, փոխադարձաբար կստանա օգնություն այդ թվի ուժի շնորհիվ:

Հովիկ Աբրահամյան-Ծնվել է շան տարում, ջրհոսի նշանի տակ (1958 թ. հունվարի 24): Նրան սպասում են հաջողություններ: Հարկ է, որ շրջապատի նկատմամբ լինի ուշադիր: Հունվարի 24-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը պետք է հավաքի տպավորություններ, կարծիքներ իր մասին, քանզի դեռ տարաբնույթ կարծիքներ են պտտվում: Այդ 8 ամսվանից հետո սպասվում է ուրախությունների, հաջողություններ շրջան մինչեւ 55 տարեկան դառնալը:

Աղվան Հովսեփյան-Ծնվել է օձի տարում, այծեղջյուրի նշանի տակ (1953 թ. հունվարի 7): Սկսվում է մեծ հաջողությունների շրջան մինչեւ 60 տարեկան հասնելը, իսկ 60-65 տարեկանում բարձրանում է իր կարողությունների գագաթնակետին այնպես, ինչպես եղել է 30 տարեկան հասակում: Բոլոր հին հնարավորություններին ու գործունեությանը կհաջորդեն բոլորովին նոր դրույթներ, որոնք կունենան մեծ նշանակություն: Հաջողությունները նրան ուղեկցում են, սակայն ընտանեկան մթնոլորտում ամեն բան կարծես հարթ չի ընթանալու:

Գագիկ Ծառուկյան-Ծնվել է կապիկի տարում, աղեղնավորի նշանի տակ (1956 թ. 25 նոյեմբերի): Գալիք 2-3 տարում արտակարգ հաջողություններ կունենա, որից հետո կնկատվի որոշակի հետընթաց: Ամեն տարի նոյեմբերի 25-ից մինչեւ մարտի 25-ը անզուգական հնարավորություններ կունենա իր ողջ «կարողությունները» ցուցադրելու եւ արժեւորելու է: Սպասվում է հաջողությունների անզուգական շրջան, որից կարող է լիարժեք օգտվել:

Ահա այսպիսի կանխատեսումներ են սպասվում 2010 թվականին, որի գալուն հաշված օրեր են մնացել:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4