ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին` ժամը 11:00-ին, կքննարկի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Հարցի զեկուցողն է լինելու ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը: Ցյուրիխում 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Դրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարան էր ներկայացրել նոյեմբերի 19-ին: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի համաձայն` դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով: Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց հետո երեք ամսվա ընթացքում: Սահմանադրական դատարանը կարող է ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները սահմանադրությանն ամբողջությամբ կամ մասամբ չհամապատասխանող ճանաչելու որոշումները:
Ն. Մ.