Հունվարի 10-ին 87 տարեկանում մահացավ պետական ականավոր գործիչ, հաշվողական տեխնիկայի եւ կառավարման ավտոմատացված համակարգերի բնագավառի մեծ մասնագետ, ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը: Որպես Խորհրդային Հայաստանի Մինիստրների սովետի նախագահ (վարչապետ) նա մեծ դեր է ունեցել մեր հանրապետությունում վերոհիշյալ բնագավառի զարգացման, համապատասխան մասնագետների պատրաստման, բազային մի ամբողջ շարք հիմնարկների ստեղծման գործում: Ֆադեյ Տաճատիչը (շրջապատում այսպես էին սիրում նրան կոչել) իր կազմակերպական գործունեությունը շարունակել է նաեւ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, ավելի քան մեկ տասնամյակ գլխավորելով Գիտությունների ազգային ակադեմիան:
Պետական նշանավոր գործչի եւ գիտնականի մահվան կապակցությամբ հանգուցյալի հարազատներին եւ գործընկերներին ցավակցական ուղերձ են հղել ՀՀ նախագահը, կառավարությունը, ԳԱԱ-ի նախագահությունը, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը եւ ուրիշներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի որոշմամբ հանգուցյալի քաղաքային հոգեհանգիստը կկայանա այսօրՙ հունվարի 12-ին, ժամը 17:00-ին, Յա. Զարոբյան 10/1 հասցեում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունըՙ հունվարի 13-ին, ժամը 12-ից Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ հուղարկավորությունըՙ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային գերեզմանոցի պանթեոնում: