«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2009-12-26 | #239, 2009-12-29 | #1, 2010-01-12


ՄԱՐԴԸ ԼԵԳԵՆԴԱՐ ԿԶՆՈՒՏԻՑ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Կյանքից հեռացավ մեր ժամանակակիցը, որի անվան հետ կապված են մեր հայրենիքի իրական առաջընթացը, իրական զարգացման ու բարգավաճման երկար տարիները: Նա կամավոր էր, Հայրենական մեծ պատերազմի ճակատային զինվոր, գեներալ, գիտական հետազոտող, գիտնական, գիտության եւ արտադրության կազմակերպիչ, ականավոր պետական գործիչ, մեծ հայրենասեր, օրինավոր մարդ:

Ֆադեյ Տաճատի Սարգսյանին ես վերջին անգամ տեսել էի Ռուս-հայկական համալսարանի հանդիսասրահում, որտեղ նրան մեծարում էին իր ութսունհինգամյակին նվիրված գիտական կոնֆերանսում: Այնտեղ ես հանդես եկա, ինչպես ասվում է, զեկուցման թեզիսներով: Եվ այսօր ուզում եմ խոսքս հասցեագրել նախ եւ առաջ երիտասարդությանը, որը, ավա՜ղ, քիչ գիտի մեր ապագայի համար այնքան շատ բան արած մարդու մասին: Ես կարծում եմ, նման մարդկանց հիշատակը պետք է լինի ներգործուն, հեռանկարին միտված: Դա շատ կարեւոր է հենց այսօրվա երիտասարդության համար, հետեւաբարՙ ապագայի համար:


1988 թվականի մարտի 2: Երեւանում ոչ ոք ոչինչ չգիտեր Սումգայիթի մասին: Հնարավոր է, կային մարդիկ, որոնց նախօրեին Բաքվից ու մերձակայքից զանգել էին ազգականներն ու պատմել կատարված անասելի ողբերգության մասին: Վաղ առավոտյան ինձ զանգեցին Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ընդունարանից եւ ժամը տասին հրավիրեցին նրա առանձնասենյակ: Երբ մտա ընդունարան, արդեն այնտեղ էին Սիլվա Կապուտիկյանը, Իգոր Մուրադյանը եւ էլի մի քանի մարդ:

Մեկ րոպե անց մեզ հրավիրեցին Դեմիրճյանի աշխատասենյակ: Երկար սեղանի շուրջը նստած էին ութ մարդ: Կենտրոնում քաղբյուրոյի անդամության թեկնածու Վլադիմիր Դոլգիխն էր: Նրա մի կողքին նստած էր Կարեն Դեմիրճյանը, մյուսինՙ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Անատոլի Լուկյանովը: Մենք բոլորս տեղավորվեցինք նրանց դիմաց: Ոչ մեծ դադարից հետո Դոլգրիխը ոտքի կանգնեց եւ միանգամից նետեց.

- Դե ինչ: Սա՞ էիք ուզում...

Ապա պատմեց, թե ինչ էր պատահել Սումգայիթում, բերելով թվեր եւ նկարագրելով հայերի դեմ չարագործությունների մղձավանջային պատկերներ:

Մենք բոլորս, ասես պայմանավորված, միանման արձագանքեցինք էությամբ այդքան հրեշավոր «Սա՞ էիք ուզում» հարցին: Ոչ Դոլգիխը, ոչ նրա մոսկովյան թիմը ամենայն հավանականությամբ չգիտեին, որ նորմալ պետության մեջ անիմաստ է «ուզենալ» սեփական ժողովրդի ցեղասպանությունը օրը ցերեկով: Թեեւ մեզ համար ոչ մի զարմանալի բան չկար ո՛չ հայերի զանգվածային սպանությունների ու նրանց տների հրդեհման, ո՛չ էլ խմբովին բռնաբարությունների մեջ: Պատահական չէր, որ կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակում հնչեց մեր ժողովրդի համար գործածական «թուրքը մնում է թուրք» արտահայտությունը, ինչին Սիլվան հավելեց, թե սումգայիթյան բարբարոսության բուն փաստը խոսում է այն մասին, որ ղարաբաղցիները պարզապես դատապարտված էին սկսելու պայքարը հանուն իրենց ապագայի: Իգորն ամեն ինչում մեղադրեց Ռուսաստանին, որը, կանխատեսելով դժբախտությունը, վաղուց պետք է ՌԽՖՍՀ-ի կազմի մեջ առներ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Մի՞թե մեզ բոլորիս քիչ էր Նախիջեւանի ողբերգական ճակատագիրը: Այդ պահին ես ինձ անընդհատ բռնեցնում էի մեկ մարդու մասին մտածելիս. Ֆադեյ Սարգսյանի: Եվ գիտակցում էի, որ դրա մեջ ուրույն կենսական տրամաբանություն կար:

Դժվար չէր գուշակել, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, այնտեղ այլեւս հայեր չեն մնա: Դա նշանակում էր, որ մեկ-երկու օր անց փախստականների բազմահազարանոց հոսքը լցվելու է Երեւան: Եվ ինքս ինձ տալիս էի մեր սերնդի համար անսովոր հարցը. «Արդյոք պատրա՞ստ ենք մենք ընդունելու հազարավոր ու հազարավոր դժբախտների եւ անօթեւանների: Չէ՞ որ դա ոչ մեկ օրով է, ոչ երկու: Այստեղ կառավարության, պետության ձեռքի կարիքը կա: Եվ հենց դուրս եկանք Դեմիրճյանի աշխատասենյակից, ես զանգեցի Ֆադեյ Սարգսյանին: Պայմանավորվեցինք հանդիպել:

Երկու ժամ անց Սոս Սարգսյանի եւ Սարգիս Մուրադյանի հետ արդեն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի աշխատասենյակում էինք: Խոսակցությունն այն մասին էր, որ անհրաժեշտ է Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից տեղ հասցնել մոտ հարյուր ֆիննական փայտե տնակներ:

Պետք էր ծանոթ լինել Ֆադեյ Տաճատովիչի էությանն ու բնավորությանը: Որսալով նախաձեռնության կարեւորությունը, նա իսկույն ձեռքը մեկնեց բարձր հաճախականության հեռախոսին, որը համամիութենական կառավարական կապի պարտադիր միջոց էր: Շուտով սիբիրյան ու բելոռուսական ճանապարհներին էին արցախյան մի քանի պատվիրակություններ: Մեր աչքերի առջեւ Ստեփանակերտում հայտնվեց «Սումգայիթյան քաղաքը»: Շինարարությունը գլխավորում էր Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը: Բայց մինչ այդ պետք էր ահավոր վիշտ վերապրած մեր դժբախտ հայրենակիցներին դիմավորել Երեւանում եւ տեղավորել: Փող էր անհրաժեշտ: Այդ հարցը միայն կառավարական մակարդակով չէր կարելի լուծել հենց թեկուզ այն պատճառով, որ Կրեմլը նույնիսկ ցավակցություն չհայտնեց Սումգայիթի զոհերի հարազատներին ու բարեկամներին: Եվ մենք Սոսի ու Սարգիսի հետ մեկնեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ: Չէինք հասցրել ներկայացնել խնդրի էությունը, երբ կաթողիկոսն աչքերը կկոցելով մեղմ ժպտաց եւ ասաց, որ մինչ մենք ճանապարհին էինք, Ֆադեյ Սարգսյանը հասցրել էր զանգել իրեն:

Երկու օր անց Մինիստրների խորհրդի նախագահը մեզ հրավիրեց իր մոտ: Պատմեց, որ զանգել է Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահ Գ. Սեիդովը եւ գործընկերոջ իրավունքով ցավակցություն հայտնել Սումգայիթում հայկական ջարդի կապակցությամբ: Աստծո անունով երդվել է, թե սգում է ողջ Ադրբեջանը, եւ որ ինքն անձամբ պատրաստ է գալ մեզ մոտ ու ծնկաչոք ներում հայցել հայ ժողովրդից: Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Մարիուս Յուզբաշյանի տեղեկություններովՙ Բաքվում տագնապած էին: Ղեկավարությունը վախենում էր պատժից, ընդհուպ Արցախը Հայաստանին հանձնելը: Սակայն Ֆադեյ Սարգսյանը չհավատաց իր ադրբեջանցի գործընկերոջ եւ ոչ մի խոսքին: Բացի ամենայնից, նա շատ լավ գիտեր ԽՍՀՄ-ի այն ժամանակվա ղեկավարներին եւ առաջին հերթին Գորբաչովին ու Լիգաչովին, որոնք սումգայիթյան ցեղասպանություն հասկացությունն իջեցրին մինչեւ սովորական խուլիգանության փաստի:

Այդ ողբերգական օրերին ես համարյա ամեն օր այցելում էի Մինխորհրդի նախագահին: Նրա պատուհանում լույսը գիշերն էլ չէր մարում: Նրա կողքին միշտ կարելի էր տեսնել իր առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին, առանց որի եռանդուն գործունեության դժվար էր պատկերացնել սումգայիթյան դժոխքի միջով անցած մեր հայրենակիցների ընդունման եւ տեղավորման գործուն կազմակերպչական աշխատանքը:

Պետք է հաշվի առնել, որ Ստեփանակերտում սումգայիթյան քաղաքի շինարարությունն ընթանում էր արդեն սկսած պատերազմի խորապատկերին, որ մեզ էր պարտագրել Բաքուն: Եվ Մոսկվայում ու Երեւանում տեղի ունեցող կուսակցական եւ կառավարական բոլոր հանդիպումներին ամենաակտիվ մասնակցություն էր հանդես բերում Ֆադեյ Տաճատովիչը, որին Գորբաչովը մեղադրում էր «Ղարաբաղ» կոմիտեին եռանդուն աջակցելու մեջ:

... Ֆադեյ Սարգսյանի կազմակերպչական տաղանդը եւ շփման անսովոր ունակությունը անգնահատելի էին հատկապես սպիտակյան երկրաշարժի առաջին օրերին: Այդ մասին չէր կարող չիմանալ Գորբաչովը թեկուզ այն պատճառով, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, որն աղետի գոտում ներկայացնում էր ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն, լավ գիտեր իր գործընկերոջ բարձր հեղինակության մասին ոչ միայն Հայաստանում, գիտեր նրա գործնական կարողությունների մասին, որոնք այնքան կարեւոր էին արտակարգ իրավիճակներում: Սակայն այդ ժամանակ Գորբաչովին շատ ավելի հուզում էր իրավիճակը Ղարաբաղում: Եվ հենց այստեղ էր, որ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարին ձեռք չէր տալիս Ֆադեյ Սարգսյանը: Ղարաբաղի տեղի մասին իր դիրքորոշմամբ: Բացի ամենայնից, ԽՍՀՄ առաջնորդին իր համար անսպասելիորեն գլխացավանք դարձած Հայաստանում անհրաժեշտ էր սեփական մարդ ունենալ: Եվ ահա որոշեց բազմափորձ պետական գործչին, արտադրության բազմաթիվ ճյուղերի կազմակերպչին փոխարինել իր ստավրոպոլյան ծառայակցով, որը բնականաբար ծանոթ չէր Հայաստանի տնտեսությանը, կադրերին, առանձնահատկությանը: Դա տեղի ունեցավ սպիտակյան երկրաշարժից բառացիորեն մեկ ամիս անց: Երկրաշարժ, որի հետեւանքով զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, լիովին կամ մասամբ տանիքից զրկվեց մոտ մեկ միլիոնը: Դժվար թե այսօր որեւէ մեկն իմանա, թե ինչու Գորբաչովը Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահի հետագա ճակատագրի հարցը բարձրացրեց հենց 1989 թվականի հունվարի 10-ին: Գորբաչովը պատրաստվում էր մեկ օր անց հրամանագիր ստորագրել Ղարաբաղում Հատուկ կառավարման կոմիտե ստեղծելու մասին Արկադի Վոլսկու գլխավորությամբ եւ նրան պետք էր ամենաբարձր մակարդակով, երկու հանրապետությունների ներկայացուցիչների ներկայությամբ կազմակերպել հերթական թատերախաղը, որի ժամանակ սպառնաց Ղարաբաղի խնդիրը լուծել հին կադրերին նորերով փոխարինելով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իմ ձեռքն ընկավ քաղբյուրոյի այդ նիստի արձանագրության աշխատանքային սղագրությունը: Այնտեղ անընդհատ կարելի է հանդիպել նախադասությունների տեղերում կադրային փոփոխությունների մասին: Միաժամանակ Գորբաչովն անպայման ավելացնում էր. «Մենք ձեզ կօգնենք»:

Այդ մարդն իրոք ենթադրում էր, թե «սումգայիթից» հետո կարելի էր այդքան բարդ հարցը լուծել «թարմ ուժերով»: Նա այդպես էլ ասում էր. «Անհրաժեշտ է ներգրավել թարմ ուժեր, որոնք ցավում են ժողովրդի համար եւ կգործեն «Ղարաբաղ» կոմիտեի դեմ...»: Արկադի Վոլսկին Ստեփանակերտում ինձ պատմեց, որ քաղբյուրոյի նիստին Նիկոլայ Ռիժկովը, տեղյակ լինելով Սարգսյանի կազմակերպչական մեծ կարողությունների մասին եւ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ողբերգական իրավիճակը, խորհուրդ էր տվել այնուամենայնիվ չշտապել իր հայ գործընկերոջ ազատման գործում: Բայց ո՜չ: Չափից շատ «մեղքեր» էր գործել Ֆադեյ Սարգսյանը: Մերթ նա չափազանց ակտիվորեն էր զբաղվել Սումգայիթի զոհերի ճակատագրով, մերթ չափազանց հաճախ ու հայրաբար էր հանդիպել Ղարաբաղյան շարժման առաջնորդների հետ, մերթ էլ գլխավորել Արցախին մարդասիրական օգնություն հասցնող անվերջանալի շարասյունը: Եվ դա այն դեպքում, երբ պարտավոր էր կանխել «սադրանքները»: Նրան մեղադրում էին եւ այն բանում, որ հաճախ էր խորհրդակցում իր նախկին առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի հետ, որը հայտնի էր որպես մոլի ազգայնական:

Այն օրերին, երբ Ֆադեյ Տաճատովիչը հայտնվեց հալածանքի մեջ, նրա հեղինակությունն ավելի աճեց: Վոլսկին պատմում էր, որ Գորբաչովն անթաքույց անհանգստացած էր, թե նախկին առաջին մինիստրը, հայտնվելով մերժվածների շարքում, մի որեւէ վտանգավոր հայտարարություն կանի: Ինչպես պարզվում է, աշխարհի մեծագույն տերության առաջնորդը պարզապես ոչինչ չգիտեր միութենական մի ամբողջ հանրապետության բազմամյա ղեկավարի մասին: Չգիտեր, որ Ֆադեյ Սարգսյանն իր անունը ժառանգել է պապից, որը Նախիջեւանի Կզնուտ լեգենդար գյուղի հոգեւորականն էր: Կրեմլում չգիտեին նաեւ, որ նրա պապ Թադեւոսը (Ֆադեյ) հայ մեծ զորավար եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհի մերձավոր ազգականն էր: Չգիտեին: Հակառակ դեպքում նրանց մտքով էլ չէր անցնի, թե Ֆադեյ Սարգսյանը երբեւէ կարող է «աբիժնիկի» հանդերձներ հագնել: Ինչպիսի՜ ողորմելի բառ: Չէր կարող այդպիսին լինել գեներալ Սարգսյանը ոչ միայն որպես հայ հոգեւորականի թոռ եւ Գարեգին Նժդեհի ծոռնակից զարմիկ, այլեւ որպես անհատ, որն ինքն էր կերտել իր կերպարը: Գերազանցության դիպլոմով ավարտել էր ռազմական ակադեմիան: Գորբաչովը կոմերիտական կուսակցության կյանքում նոր-նոր հաստատվում էր, երբ Սարգսյանը ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հրետանա-հրթիռային գլխավոր վարչությունում: Ողջ կյանքում իրեն համարել է պրոֆեսիոնալ զինվորական: Կոչումով գեներալ-մայոր է: Կրեմլում հավանաբար չգիտեին, որ գեներալները չեն կարող խղճալի նեղացկոտների վերածվել: Ինչպես եւ չգիտեին, որ նա երբեք չէր երազել խորհրդային չինովնիկի պաշտոնի մասին: Բավական է հիշել, որ նա հարյուրավոր գիտական աշխատություններ ուներ, որ Երեւանի մաթեմատիկական գիտությունների ԳՀԻ-ի տնօրենն էր: Եվ թերեւս ամենագլխավորն այն է, որ նա տեխնիկական գիտությունների դոկտոր է, ակադեմիկոս, ԽՍՀՄ-ում առաջին հաշվիչ մեքենայի ստեղծողներից մեկը:

... Երբ հայտնի դարձավ, որ Ֆադեյ Սարգսյանը սեփական ձեռքով դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին, միամիտ Հենրիխ Իգիթյանը տարակուսանք հայտնեց, իբր ինչպե՞ս կարելի էր երկրի համար այսքան ծանր ժամանակներում հրաժարական տալ: Այդ լուրը հասավ նաեւ Ֆադեյ Սարգսյանին, որը լայն ժպտաց եւ զուտ ֆադեյական ձեւով ասաց, «որովհետեւ Հենրիխ Իգիթյանը իմ լավ բարեկամն է»: Տարիներ անց Սարգսյանն այդ դրվագի մասին կհիշատակի իր «Կյանքի դասեր» գրքում: Հենրիխն ախր այն ժամանակ չգիտեր ամենագլխավորի մասին: Այն մասին, թե ինչպես էին Ֆադեյ Սարգսյանին այն ժամանակ, ըստ էության, հայտարարել անցանկալի անձնավորություն: Ինչպես չգիտեր եւ այն, որ երբ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, իմաստուն ու բարի Նիկոլայ Ռիժկովը մի քանի անգամ առաջարկել էր նախկին գործընկերոջը օգնել աշխատանքի տեղավորելու հարցում, միայն մերժում էր ստացել: Մերժումՙ Ֆադեյին բնորոշ երախտագիտությամբ: Այդպիսին է այդ մարդը լեգենդար Կզնուտից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4