Նոր մրցաշրջանում հայկական ֆուտբոլային թիմերից առաջինն ասպարեզ դուրս կգա երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկը», որը կմասնակցի հունվարի 16-ին Մոսկվայում մեկնարկող «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: «Փյունիկն» ընդգրկվել է «D» խմբում, որտեղ մրցելու է Ուզբեկստանի չեմպիոն «Բունեդկորի», Լիտվայի ուժեղագույն ակումբ «Էկրանասի» եւ Մոլդովայի փոխչեմպիոն «Դաչիայի» հետ:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տեղեկացրեց, որ թիմը մոսկովյան մրցաշարին կմասնակցի փորձնական կազմով: Թիմի հիմնական կազմը Վարդան Մինասյանի գլխավորությամբ մարզումները կշարունակի Երեւանում, իսկ Մոսկվայում այս օրերին 18 ֆուտբոլիստներ մարզիչներ Ռաֆայել Նազարյանի ու Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ նախապատրաստվում են «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Այդ ֆուտբոլիստներից երեքը հայ են, որոնք համարվում են Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների պատանեկան հավաքականների թեկնածուներ: Երեք ֆուտբոլիստներ Չիլիից են, մնացածներըՙ աֆրիկյան երկրներից: Եթե հարկ լինի, նշված ֆուտբոլիստներին կմիանան «Փյունիկ-2-ի» 4-5 խաղացողներ:
Ըստ Վարդան Մինասյանի, որը Մոսկվա չի մեկնի, մոսկովյան մրցաշարը հնարավորություն կընձեռի փորձարկել լեգեոնականներին, որոնցից աչքի ընկածները կմիանան «Փյունիկի» հիմնական կազմին ու կմասնակցեն հունվարի 24-ին Սոչիում սկսվող ուսումնամարզական հավաքին: Փորձնական կազմով մրցաշարին մասնակցելը գլխավոր մարզիչը բացատրում է այն փաստով, որ «Փյունիկի» մի խումբ ֆուտբոլիստներ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողներ են, որոնց մարտի 2-ին հարկ կլինի ընտրական մրցախաղ անցկացնել իռլանդացիների հետ: Ուստի նրանց նախապատրաստական շրջանը կխաթարվեր, եթե մասնակցեին «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Բացի այդ, Սարգիս Հովսեփյանը, Վահագն Մինասյանն ու Դավիթ Մանոյանը վնասվածքներ ունեն եւ չեն կարող հանդես գալ Մոսկվայում:
«Փյունիկի» կազմում որոշ փոփոխություններ են կատարվել: Թիմ է հրավիրվել ամերիկահայ Արգին Նազարյանը, որն անցած տարի մասնակցել էր Երեւանում կայացած Համահայկական խաղերի ֆուտբոլի մրցաշարին: Թիմից հեռացել են դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որը մարզվում է «Իմպուլսում», Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը, որոնք տեղափոխվել են «Ուլիս»: Անցած տարի «Փյունիկում» հանդես եկած Մոսկվայի «Սպարտակի» սան Արտակ
Ալեքսանյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալի» հետ: Իսկ Արթուր Եդիգարյանը ներկայումս հանդես է գալիս Իրանի «Պաս» թիմում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ