«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2009-12-26 | #239, 2009-12-29 | #1, 2010-01-12


«ՀԱՏԻՍԻՆ» ԴԺՎԱՐԻՆ ՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՈՒՄ

Հունվարի 14-ին Երեւանի «Հատիսը» Օրենբուրգում բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումը կանցկացնի տեղի «Նադեժդայի» հետ: «Հատիսի» առջեւ բավական դժվարին խնդիր է ծառացած, քանի որ հունվարի 7-ին Երեւանում կայացած խաղում մեր թիմը պարտվել էր 69-80 հաշվով: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Հատիսը» պետք է մրցակցի հարկի տակ հաղթի նվազագույնը 12 միավորի տարբերությամբ:

Երեւանյան խաղում հատիսցիներն աչքի չընկան նետումների դիպուկությամբ, ինչն էլ պարտության պատճառ դարձավ: Մեր բասկետբոլիստուհիները հաճախակի էին հեռու տարածություններից նետում, սակայն գնդակը չէր հայտնվում զամբյուղում: Իսկ մրցակիցը տիրելով գնդակին, արդյունավետ գրոհներ էր կազմակերպում ու ավելացնում էր միավորների տարբերությունը: «Հատիսի» գործողությունների վրա խիստ ազդեց թիմի խաղարկող Մաուրիտա Ռեյդի բացակայությունը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը հետեւյալն էր նշել. «Թիմում կային նորեկներ, ինչն իր ազդեցությունն ունեցավ, քանի որ նրանք միասին հանդես գալու փորձ դեռեւս չունեն: Ամերիկացի 2 բասկետբոլիստուհիները վատ տպավորություն չթողեցին, սակայն դա նրանց լավագույն խաղը չէր: Նրանք ավելիին են ընդունակ եւ դեռեւս կդրսեւորեն ունակությունները: Ամեն դեպքում Ամանդա Ջեքսոնն այսօր լավ տպավորություն թողեց: Ադեոլան եւս մեծ ներուժ ունի: Բոյանա Վուլիչը վատառողջ էր, նա ստամոքսի ցավեր ուներ, ուստի չկարողացավ ողջ ուժով հանդես գալ: Նա մի քանի անգամ փոխարինում խնդրեց, քանի որ ի վիճակի չէր երկար ժամանակ գտնվել խաղահրապարակում: Մաուրիտա Ռեյդն այլեւս մեր թիմում չէ եւ դա հայտնի դարձավ տարեվերջին: Խնդիրը հիմնականում պայմանավորված էր նրա գործակալով, իսկ Մաուրիտան դեմ չէր շարունակել ելույթները Հայաստանում: Ամեն ինչ արագ ստացվեց եւ մեզ համար անակնկալ էր, որ Ռեյդը չժամանեց Հայաստան: Նրա բացակայությունը եւս ազդեց թիմի գործողությունների վրա:

Մենք բնավ էլ որպես զբոսաշրջիկներ չենք մեկնելու Օրենբուրգ: Մենք լավ թիմ ունենք եւ հաջորդ խաղում կարող ենք ավելի լավ խաղալ, քանի որ նորեկներն արդեն մերվում են կոլեկտիվին, խաղային պրակտիկա են ձեռք բերում: Իհարկե, գիտակցում ենք, որ «Նադեժդան» շատ լավ խաղացողներ ունի եւ Ռուսաստանի 3-րդ թիմն է, ուստի դժվարին պայքար է սպասում»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4