Հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունները ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հիշեցրել են Աֆղանստանում տեղի ունեցած ընտրությունները, երբ թալիբներն ամեն ինչ արել են, որ ժողովրդին հեռու պահեն ընտրությունից: «Կար երկու մեթոդ` ահաբեկման, նախընտրական շրջանում վախի մթնոլորտի ստեղծման եւ ապատեղեկատվության կոմպանիան, որը անցկացրին իշխանությունները: Մեր իշխանությունները ապատեղեկատվության ճանապարհով գնացին: Դրա համար նրանք դիմեցին աննախադեպ քայլերի: Մեր իշխանությունները որդեգրեցին թալիբների ձեռագիրը: Նրանք ժողովրդին հեռու են պահել ընտրական գործընթացից», ասաց Լեւոն Զուրաբյանը: Խոսելով ընտրություններում ամենամեծ անօրինականության մասին, Զուրաբյանն ասաց, որ իշխանությունները կեղծել են քվեարկության անցկացման օրինական օրը: Նա բառ առ բառ կրկնեց այն, ինչ մոտ մեկուկես ամիս առաջ յուրաքաչյուր ասուլիսի, հարցազրույցի կամ հաղորդման ժամանակ ասում էր Հմայակ Հովհաննիսյանը. «ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո, ըստ ԸՕ-ի 118 հոդվածի, ընտրություններն անցկացվում են մանդատը թափուր մնալուց 80-օրյա ժամկետում, որը տվյալ դեպքում լրանում էր դեկտեմբերի 25-ինՙ ուրբաթ օրը: Ուրեմն օրինական քվեարկության օր կարող էր նշանակվել ամենաուշը դեկտեմբերի 20-ին», ասաց ՀԱԿ համակարգողը:
Ըստ նրա, ընտրությունները հունվարի 10-ին հատուկ էին նշանակված, որպեսզի ընդդիմությունից խլեին ընտրարշավի անցկացման ամենաարդյունավետ 15 օրը:
Այս ամենը ակնհայտ էր նաեւ մինչ ընտրությունները: Կարծում ենքՙ ՀԱԿ շարքերում էլ կլինեն մարդիկ, ովքեր եթե անգամ պարզ հաշվել չկարողանային, գոնե մամուլից հաստատ կարդացած կլինեին Հովհաննիսյանի հարցազրույցները: Բայց երեւի ընդդիմությունը հույս ուներ, որ իրենց թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը, թեկուզ իշխանության ստեղծած անօրինական պայմաններում կհաղթի, եւ երեւի դա է պատճառը, որ այդ մասին ՀԱԿ-ը խոսեց միայն պարտությունից հետո:
Թե ինչու է ժողովրդավարության համար կուրծք ծեծող ՀԱԿ-ը այդ ապօրինության մասին խոսում միայն այն ժամանակ, երբ արդեն կորցնելու ոչինչ չունի, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Եթե մինչ ընտրությունը ասեինք, դա կլիներ թուլության նշան: Կասեին, որ այս կերպ փորձում էինք արդարացում տալ: Հիմա ենք արձանագրում խախտումը, ու դիմելու ենք Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ուրեմն ձեր ասելով ինչ է ստացվում, որ եթե ապօրինություն է եղել, ուրեմն մենք պետք է հրաժարվենք: Բայց ապօրինությունը իշխանություններն են կազմակերպել», ասաց Զուրաբյանը: «Սակայն նույն կերպ հրաժարվեցիք քաղաքետարանի մանդատներից, որովհետեւ արձանագրել էիք խախտումներ», հիշեցմանն էլ Զուրաբյանն ասաց. «Դա ուրիշ պատմություն էր»: Անդրադառնալով ընտրությունների ցածր մասնակցությանը, Զուրաբյանն ասաց. «Մարդիկ զբաղված էին տոնական հոգսերով: Ո՞նց կարելի է այդ պայմաններում ընտրարշավ անցկացնել ու ապահովել արդյունք»:
Թալիբական ընտրությունները, խոչընդոտներն ու Նիկոլ Փաշինյանի պարտությունն ամենայն հավանականությամբ այնքան էլ չէին վրդովեցրել ընդդիմությանը` համենայն դեպս Լեւոն Զուրաբյանին: Ընդհակառակըՙ նա գրանցեց ընդդիմության պայքարի արդյունավետություն. եթե քաղաքապետի ընտրության ժամանակ իշխանությունն այդ նույն ընտրատարածքում հավաքել էր ավելի քան 18 հազար, այս անգամ ընդամենըՙ 7.000: Զուրաբյանը նկատում է, որ այս ընտրությունների ժամանակ ընդդիմությունը շատ ավելի լավ է աշխատել, լավ են աշխատել ոչ միայն վստահված անձինք, շտաբի պետերը, այլեւ ընդդիմադիր պարբերականներն ու լրագրողները, որոնց Զուրաբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց: Սակայն լրագրողներին, (նրանք պատմեցին, որ ենթարկվել են ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական բռնության) Զուրաբյանի շնորհակալությունը չբավարարեց: Նրանք սպասում էին ավելի ռազմաշունչ հայտարարությունների, բայց փոխարենը Զուրաբյանը խոսեց բարոյական հաղթանակի մասին: «Իշխանությունների ապօրինի գործողությունները մեզ չընկճեցին, ամեն ինչ արեցինք ընտրապայքարը շարունակելու համար եւ տեղեկատվական բլոկադայի պայմաններում հասել ենք փայլուն արդյունքի: Ինչի համար ձեզ շնորհավորում եմ»:
Դաշնակցությունը` «խամաճիկային ընդդիմություն»
«Ունենք խամաճիկային ընդդիմություն, խամաճիկային Սահմանադրական դատարան, որ ոչինչ չի որոշելու: Նրանց հրահանգավորելու են իշխանությունները: Խամաճիկային ընդդիմության անելիքներն էլ են հրահանգավորված, դերակատարումները բաշխված են: Այդ պրոցեսը (նկատի ունի Սահմանադրական դատարանում արձանագրությունների քննարկումը-Հ.Հ.) իմիտացիա է, որի միակ նպատակն այն է, որ ժողովրդի ուշադրությունը շեղեն լրջագույն խնդիրներից: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դիվանագիտական տապալում էր: Սոցիալ-տնտեսական հարցեր թողած, անօրինական վարչակարգ թողած տուն-տունիկ են խաղում: Ինձ անձամբ ասել են, որ խամաճիկային ընդդիմությունը` Դաշնակցությունը գյուղամեջից մարդկանց ավտոբուսներով հավաքում է, բերում երթի, հետո մի երկու բլյուդ հյուրասիրում: Հիմա էն մեկը ընտրակաշառք է անում, էս մեկը` երթակաշառք, ի՞նչ տարբերություն», ասաց Զուրաբյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ