«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2009-12-29 | #1, 2010-01-12 | #2, 2010-01-13


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԱՓԱՎՈՐ ԱԶԱՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐՎՈՔ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ

Heritage Foudation-ի հրապարակած տնտեսական ազատության 2010-ի վարկանիշային ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը: Հիշեցնենք, որ նույն վիճակահանության 2009-ի արդյունքներով մեր երկիրը աշխարհում 31-րդն էր:

Փաստորեն Հայաստանը հայտնվել է «Չափավոր ազատ տնտեսություն» ունեցող երկրների ցուցակում, մինչդեռ մեր հարեւաններից Վրաստանը 179 երկրների մեջ 26-րդ տեղն է զբաղեցնում` անցյալ տարվա ցուցանիշից բարձրանալով վեց կետով:

Ադրբեջանն իր 96-րդ տեղով մտել է «հիմնականում անազատ տնտեսություն» ունեցող երկրների խմբի մեջ, Թուրքիան 67-րդն է, որի տնտեսությունը նույնպես գնահատվել է «չափավոր ազատ»: Իսկ Ռուսաստանը հայտնվել է Ադրբեջանի հետ մի խմբում. 143-րդ տեղը զբաղեցնելով` ռուսական տնտեսությունը ճանաչվել է «հիմնականում անազատ»:

Տնտեսական ազատության առաջին երեք հորիզոնականներում են Հոնկոնգը, Սինգապուրը եւ Ավստրալիան, իսկ ցուցակը եզրափակում են Կուբան, Զիմբաբվեն ու Հյուսիսային Կորեան: Ընդ որումՙ Աֆղանստանը, Լիխտենշտեյնն ու Սուդանը ընդհանրապես չեն վարկանշվել:

Իսկ International Living պարբերականի փորձագետները ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների կենսամակարդակները: Ըստ այդ ուսումնասիրություններիՙ արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն կենսամակարդակ ունեցող երկիր է ճանաչվել Ֆրանսիան: Փորձագետներն ուսումնասիրել են ապրանքների գները, ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի մակարդակի վիճակները, տնտեսական ցուցանիշները, խոսքի ազատությունը, ռիսկերն ու անվտանգությունը, ինչպես նաեւ կլիմայական պայմանները: Ուսումնասիրողների խոսքերով, չնայած առաջին հորիզոնականում հայտնված Ֆրանսիայում տիրող «հոգնեցուցիչ բյուրոկրատիային եւ բարձր հարկերին» ֆրանսիացիների կյանքում ավելի շատ դրական բան կա, քան բացասական:

Աշխարհի լավագույն կենսամակարդակ ունեցող հինգ երկրներն են Ֆրանսիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան եւ Նոր Զելանդիան: Իսկ ԱՊՀ երկրներում լավագույն կենսամակարդակն ունի Մոլդովան, որին հաջորդում է Ուկրաինան, երրորդ տեղը կիսում են Հայաստանն ու Վրաստանը, որոնք ավելի բարձր կենսամակարդակ ունեն, քան Ռուսաստանն ու Բելառուսը:

Ամենավատ պայմաններում ապրում են Սուդանի, Եմենի եւ Սոմալիի քաղաքացիները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4