«ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի եւ Ալեքսանդրիայի (Եգիպտոս) նորակառույց Ալեքսանդրինա գրադարանի համատեղ ջանքերով գրադարանի հրաշագեղ դահլիճներում դեկտեմբերի 9-ից մինչեւ 29-ը գործել է անվանի հայ երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի (1898-1977) մոտ 100 ստեղծագործությունների ցուցահանդեսը», տեղեկացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կայքը: Բացման-արարողությանը ներկա են եղել վերոնշյալ գրադարանի արվեստի կենտրոնի տնօրեն Շերիֆ Մոհիեդդինը, ճանաչված արվեստաբաններ Մուսթաֆա Էլ-Ռազզալը եւ Ֆարահատ Գոմաան, որոնք իրենց խոսքերում անդրադարձել են Սարուխանի ընդհանրապես երգիծանկարչության եւ մասնավորապես 20-րդ դարի եգիպտական քաղաքական կյանքի երկրորդ եւ երրորդ քառորդի վրա ունեցած նշանակալի ազդեցությանը, մեծապես գնահատելով նրա անզուգական տաղանդը: Ներկա են եղել նաեւ ՀԲԸՄ-ի Կահիրեի եւ Ալեքսանդրիայի մասնաճյուղերի ատենապետներ դոկտ. Վիգեն Ճիզմեջյանն ու Սարգիս Վարձպետյանը, Սարուխանի դուստրըՙ Սեդա Ներետյանն ու ընտանիքի մյուս անդամները:
Սարուխանը եգիպտական քաղաքական ծաղրանկարչության ռահվիրաներից էր: Նրա այդ ժանրի առաջին նկարն իսկ (տպագրված «Ռոզ էլ-Յուսուֆ» պարբերականի 1928 թվի 123-րդ համարի 7-րդ էջում) համընդհանուր գնահատանքի արժանացավ եւ համբավ բերեց նրան: Այդ համբավը նա վայելեց մինչեւ իր մահըՙ 1977 թվի հունվարի 1-ին, երբ «Էլ-Ախբար» թերթում տպագրվեց իր վերջին ծաղրանկարը: Ալեքսանդրիայի ցուցահանդեսը եւ նրա բացմանը ներկա գտնվող ավելի քան 300 այցելուները, որոնց մեծ մասը, ըստ հաղորդագրության, եղել են երիտասարդներ, ապացույց է այն փաստի, որ այդ համբավը դեռեւս շարունակում է վառ մնալ: Ցուցադրված գործերի մեծ մասը համարվում են «դասական գլուխգործոցներ», որովհետեւ տիպական յուրահատկությամբ են բնորոշում Եգիպտոսի պատմության հիշարժան տարեթվերը: Իսկ նրա ստեղծած «Էլ-Մասրի էֆենդի» հավաքական եգիպտացու կերպարըՙ պարզապես անմոռանալի է:
Բացի արաբական մամուլից, նա նաեւ Եգիպտոսի օտարալեզու («La Bourse Egyptienne», «Image», «Le Progres Egyptien» եւ այլն) եւ հայատառ («Արեւ», «Սկավառակ» եւ այլն) մամուլի հետ է մշտապես համագործակցել: Մասնակցել է մի շարք արտասահմանյան ցուցահանդեսների Լիբանանում, Սիրիայում, Ռումինիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում: Այս վերջինում նրան 1960-ին շնորհում են «Ծաղրանկարներ հանուն խաղաղության» արծաթե շքանշանը, իսկ Կանադայում 1973-ինՙ «Երգիծանկարչության նահապետ» տիտղոսը: Կահիրեի կառավարչի 2006 թվականի նոյեմբերի N 2669 հրամանագրով Հելիոպոլիս թաղամասի Հուզհա շրջանում մի փողոց կոչվել է նրա անունով որպես Եգիպտոսի լրագրության պատմության մեջ քաղաքական կյանքը պատկերող երգիծանկարչության հիմնադիր:
Նրա հրատարակած գործերից հիշատակության արժանի են «Այս պատերազմը» («Cette Guerre»), «Տե՛ս խօսքերդ», «Մենք մեր ակնոցով», «Մեծապատիւ մուրացկաններ» եւ «Ընկեր Փանջունի» գիրք-ալբոմները: Ունի նաեւ զավեշտական մի քանի պիեսներ, որոնցից ամենաշատ բեմադրվածը «Մենք հայերէն չենք գիտեր»-ն է (1968 թ.): Մյուսների թվում են «Այրէ ինչ որ պաշտեցիր» (1971), «Ուրբաթ կհասնիմՙ թաղումս պատրաստեցէք» (1971) եւ «Ես քեզ գովեմ, դունՙ զիս» (1974) թատերախաղերը, որոնցում արծարծվում են արեւմտահայության խարազանելի բարքերը:
Սարուխանը փնտրված հասարակական գործիչ էր, Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից, եւ իր գործուն մասնակցությունն էր բերում ազգային, բարեգործական եւ մշակութային միությունների ձեռնարկներին:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ