«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2009-12-29 | #1, 2010-01-12 | #2, 2010-01-13


«ՕՍԵՓ ՍՏՈՒԴԻԱՅԻ» ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Տասը տարիների ուսումնասիրություններից հետո սոցիոլոգ Թայֆուն Սերթթասը թուրքերեն եւ անգլերեն լեզուներով լույս է ընծայել «Օսեփ ստուդիան» («Արաս» հրատարակչատուն) հատորը, որտեղ բացահայտում է Թուրքիայի մոռացության մատնված ականավոր լուսանկարիչներիցՙ հայազգի Հովսեփ Մինասյանի (Օսեփ Մինասօղլու) կյանքի պատմությունը, որպես այդ ասպարեզում առաջամարտիկներից մեկի: Այս մասին է գրում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 14-ի համարը, հենվելով «Հյուրիեթ դեյլի նյուսի» լրատվության վրա:

Մինասյանը իր եղբոր նվիրած «Ագֆա» մակնիշի լուսանկարչական ապարատով սկսել է նկարել փոքր տարիքից: 1950-ականներին լուսանկարչության տեխնիկային ավելի մոտիկից է ծանոթանում ամերիկյան «Կոդակ» ընկերության մասնագետների հետ ազատ ժամերին շփվելով: Նա հարուստ ընտանիքից է սերում եւ ուսումը ստացել է Բեյօղլուի Սեն Բենուա ֆրանսիական դպրոցում, որտեղ միայն առանձնաշնորհյալներն են հաճախել: Բայց երկրորդ աշխարհամարտի (1942-ին) սահմանված «հարստության հարկը» ինչպես շատ ուրիշ հարուստների, հարվածել է նաեւ նրա ընտանիքին: Ըստ թերթի հաղորդագրության, ովքեր չեն կարողացել վճարել այդ հարկը, ուղարկվել են աշխատանքային գաղութներ Էրզրումի նահանգի «Կալե» քաղաքում: Ոչ մահմեդական տարրերի ֆինանսական անկախությանը խփող այս շարժումը հետագայումՙ 1955 թվի սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների ժամանակ էլ ավելի է սրվել, ամոթալի հետք թողնելով Թուրքիայի պատմության վրա: Լարվածությունը ուժեղացել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւՙ Կիպրոսի հարցի առնչությամբ: Մի փոքր կայծ եւ պայթյուն կառաջանար հասարակության շրջանակներում: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, երբ «Իսթանբուլ էքսպրես» թերթի հաղորդագրությունից պարզվել է, որ Թեսալոնիկեում ռմբակոծվել է Աթաթուրքի տունը: Ժողովուրդը դուրս գալովՙ փողոցներում հարձակման է ենթարկել հույներին, հայերին եւ հրեաներին: Մինասօղլուի ընտանիքը նույնպես մեծապես տուժել է: Հովսեփը ստիպված է եղել դուրս գալ դպրոցից: «Կոդակը» փակել է իր մասնաճյուղը Թուրքիայում: Բայց համապատասխան բնութագրեր ձեռք բերած լինելով Օսեփը կարողացել է նախ Բեյրութ մեկնել, ապա անցնել Փարիզ:

Իր այս ոդիսական պատմության վկայություններն են մոտ 6.500 լուսանկարները, որոնց Թայֆուն Սերթթասը հայտնաբերել է Թարլաբայում գտնվող նրա մեկսենյականոց տնից: Այդ բոլորը նա տեղադրել է իր գրքում: Միաժամանակ դրանց ցուցահանդեսն է կազմակերպել «Նոն» պատկերասրահում:

«Հյուրիեթ դեյլի նյուսին» տված հարցազրույցում Թայֆունն ասել է. «Վերջին հինգ տարիների ընթացքում ես հասկացա, որ գործ ունեմ լեգենդի հետ: Նրա լուսանկարները Թուրքիայի ժամանակակից պատմության լուռ վկաներն են»:

Մինասօղլուի փարիզյան արկածախնդրությունը վերջ է գտնում Ալժիրի հետ 1956-ին բռնկված պատերազմի հետեւանքով: Նա ստիպված է լինում Ստամբուլ վերադառնալ, որտեղ «Սիրքեջի» թաղամասում իր ստուդիան է բացում: Հետո տեղափոխվում է «Թաքսիմ», որտեղ ավելի մեծ ու հարմար լուսանկարչատուն է հիմնում: Այդ վայրը մինչեւ օրս էլ հիշվում է որպես «ռետուշ անող» առաջին լուսանկարչատունը: Նրա մոտ նկարված դերասան-դերասանուհիները շուտով համբավավոր են դարձել, շնորհիվ իր «վարպետության»: Բայց նա լուսանկարել է նաեւ քաղաքագետների եւ դեսպանների, որոնց նկարները տպագրվել են թուրքական առաջատար ամսագրերում: Թուրքիայի Հոլիվուդըՙ Եիլչամը նոր կինոաստղերով է հարստացել:

«Ես պրոֆեսիոնալ էի եւ Թուրքիան էլ այդ ժամանակ ավելի ազատամիտ վերաբերմունք ուներ կանանց նկատմամբ, քան հիմա», ասել է թղթակցին Հովսեփ Մինասյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4