«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


«ԽԱՂԵՐ ՏԱԼՈՒ» ՏԵՂ ՉԿԱ

Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցի արագ լուծումը անակնկալի բերեց շատ վերլուծաբանների: Վերջիններս ակնկալում էին, որ հայկական կողմը, նկատի ունենալով թուրքական կողմի ձգձգման քաղաքականությունը, իր հերթին հարցը կդնի «դանդաղ կրակի» վրաՙ սպասելով հակառակ կողմի կոնկրետ քայլերին: Ոմանք նույնիսկ կարծում էին, որ Սահմանադրական դատարանը կդառնա յուրօրինակ թատերավայր, ներսով ու դրսով, եւ երկարատեւ քննարկումներն ու բանավեճերը կզուգակցվեն ֆոլկլորային բողոքի անվերջանալի ցույցերով ու միտինգներով: Նման բան տեղի չունեցավ. Սահմանադրական դատարանը ռեկորդային արագությամբ վավերացրեց Արձանագրությունների սահմանադրականությունը եւ հրապարակեց իր որոշումը:

Անկասկած է, որ այս արագությունը մեկնաբանվելու է Մոսկվայում օրերս տեղի ունեցող իրադարձություններովՙ վարչապետ Էրդողանի բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ, արտգործնախարար Լավրովի երեկ գիշեր ժամանումը Երեւան եւ այսօր տեղի ունենալիք խորհրդակցությունները Հայաստանի ղեկավարության հետ: Նման մեկնաբանությունների ճշգրտության մեջ համոզվելու առիթ թերեւս տրվի մեզ, եթե Ռուսաստանի արտգործնախարարի երեւանյան խորհրդակցություններին հաջորդի որեւէ մամլո ասուլիս կամ «մարդավարի» որեւէ հայտարարություն: Սակայն մինչ այդ արդեն Մոսկվայից հասնող սուղ տեղեկություններից հասկանալի է դառնում, որ էներգետիկ հսկայական համատեղ ծրագրերի արանքում զանց չի առնվել մեր տարածաշրջանիՙ մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը եւ Ղարաբաղյան կնճիռը, ընդհուպՙ Հայաստանի վրայով դեպի Թուրքիա գազամուղ կառուցելուՙ առայժմ ցնորական թվացող ծրագիրը:

Ի դիմաց նման զարգացումների, պաշտոնական Երեւանն անշուշտ Արձանագրությունների հարցում շտապողականություն պիտի դրսեւորեր, եւ դրսեւորեց: Սակայն այդ շտապողականությունը պետք չէ բացատրել միայն, ինչպես ոմանք են բացատրում տարօրինակ սովորամոլությամբ կամ մազոխիստական մոտեցմամբ, հզոր երկրների թելադրանքով, այլեւՙ հայկական կողմի «խաղեր տալու» հնարավորությունների բացակայությամբ: Նման շռայլություն հայկական կողմը չունի եւ չէր կարող ունենալ: Հոխորտանքների համար նույնպես տեղ չկա: Փոխարենը պաշտոնական Երեւանը որդեգրեց իրատեսական ու գործնապաշտ քաղաքականություն, Սահմանադրական դատարանի որշմամբ իրեն վերապահելով (որոշման հատկապես 5-րդ եւ 6-րդ կետեր) հետքայլ կատարելու իրավունքի գործադրումըՙ թուրքական համապատասխան դրական քայլերի բացակայության եւ/կամ հայ պաշտոնյաների շեղումների պարագայում:

Այսպիսով, մեր երկիրը եւս մեկ անգամ ապացույց տվեց այս հարցում իր մտադրությունների լրջության վերաբերյալ եւ այժմ փորձում է ստիպել Անկարային դիմելու համապատասխան քայլերի:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4