«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


«16-ԱՄՅԱ ԵՂԲՈՐՍ ԴԻՆ ԳՏԱՆՔ ԲԱՔՎԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ»

Բաքվի ջարդերից անցել է 20 տարի

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Սումգայիթից հետո ոչ ոք չէր սպասում, որ նման բան կլինի նաեւ Բաքվում: Այդ ժամանակ Ադրբեջանի մայրաքաղաքում ապրում էր ավելի քան 200.000 հայ: Երբ կոտորածները սկսվեցին, վախենում էինք դուրս գալ փողոց, դեմքերս շալով ծածկում էինք, որ հանկարծ չիմանայինՙ հայ ենք: Դա ավելի սարսափելի էր, քան պատերազմը: Ամեն ինչ սկսվեց Ալիեւի նախագահությունից: Հայերի նկատմամբ ակտիվ հետապնդումն ու զանգվածային սպանությունները սկսվեցին ղարաբաղյան հարցի բարձրացումից հետո: Մինչ այդ այդպիսի գազանություն անելու որեւէ պատճառ չունեին: Հարազատները, որ միասին սեղան էին նստել, հաց կիսել, ուրախացել, հանկարծ դարձան թշնամիներ», պատմում է Էդիտա Հարությունովան : Նա աշխատում էր Բաքվի ակադեմիայում: 77 հոգանոց աշխատակազմում միակ հայ ներկայացուցիչը նա էր: «Բոլորը զարմացել էին, որ ես աշխատում էի ակադեմիայում: Ինձ լավ էին վերաբերվում, թեպետ որոշակի խտրականություն կար: Հոդվածների տակ ուրիշի ստորագրությունն էր, իսկ ինձ ներկայացնում էին որպես օգնականի», հիշում է նա: Բարեբախտաբար նրա ընտանիքը կարողացավ մինչ ջարդերը գալ Սպիտակ, բայց դժբախտությունից խուսափել չստացվեց: 1988-ի դեկտեմբերի 2-ին եկավ Սպիտակ, իսկ մի քանի օր անց ականատես դարձավ եւս մեկ ողբերգության: Սպիտակի ավերիչ երկրաշարժը հողին հավասարացրեց նաեւ այն դպրոցը, որտեղ պետք է աշխատեր Էդիտան:

«Ես ու մայրս Բաքվից փախանք, իսկ եղբայրս մնաց: 1989-ի հունվարին հազիվ կարողացավ տանիքների վրայով փախչել: Ամեն ինչ թողեցինք ու եկանք Հայաստան: Կայարանում սարսափելի բան էր կատարվում, շուրջբոլորը խարույկներ էին վառել, լաց, բղավոց, միմյանց հրմշտում էին, չափազանց դժվար է այդ ամենը հիշել առանց զայրույթի, վիրավորանքի ու արտասուքի»:

  Էլեոնորա Ավանեսովան էլ «սեւ հունվարի» ականատեսներից է: «Կորցրեցի 16-ամյա եղբորս, որին գազանաբար սպանեցին: Երեկոյան բակից առեւանգեցին, մի քանի ժամ հետո զանգեցին ու հսկայական գումար պահանջեցին: Ժամ առ ժամ գումարն ավելանում էր: Առավոտյան եղբորս դիակը գտանք Բաքվի զբոսայգիներից մեկում: Նրան հասցրել էին դանակի 7 հարված: Ստիպված փախանք Հայաստան. դեկտեմբերի 25-ն էր»:

Էլեոնորան պատմում է, որ ժամանակ առ ժամանակ լինում էին զանգվածային սպանություններ, ծեծեր, սակայն հիմնական վայրագությունները տեղի ունեցան հունվարի 13-19: «Եթե հունվարին ձյուն չգար, նրանք կշարունակեին հայերին զանգվածաբար սպանել»:

Էլեոնորան պատմում է, որ հայրը մահացել է Հայաստանում. սիրտը չդիմացավ որդու կորստին: Այսօր փախստականների հիմնական խնդիրը Հայաստանի քաղաքացիություն ստանալն է: Անցել է 20 տարի, բայց այդ առումով կառավարությունը ոչինչ չի անում:

«Բաքվեցի համերկրացիների միության նախագահ» Ռոբերտ Խաչատրյանն էլ պատմում է, որ մթնոլորտն ավելի էին թեժացնում Հայաստանից եկած ադրբեջանցիները: Նրանք կանգնում էին խանութների դիմաց ու ասում, որ նրանք հայեր են, չպետք է նրանց որեւէ բան վաճառել, եւ ժողովուրդը լսում էր նրանց: «Մի անգամ կանանցից մեկը հավաքված բազմությանը պատմում էր, թե Հայաստանում տղամարդիկ ադրբեջանցի կանանց նկատմամբ վատ են վարվում, մինչդեռ Բաքվում հայերի նկատմամբ ոչինչ չեն անում: Դա ավելի էր կատաղեցնում նրանց»: Այս խոսքերի արդյունքը եղավ այն, որ բազմությունը հավաքվեց ու Խաչատրյանի բարեկամ Վրեժին սկսեց ծեծել մինչեւ արյունաքամ լինելը: Ռոբերտն այսօր էլ զարմանում է, որ Վրեժը կարողացավ ողջ մնալ:

«Հիշելը դժվար է, սարսափելի էր: Այս կյանքում պատահական ոչինչ չի լինում, սա էլ նախօրոք ծրագրված գործողություն էր: Դա պետությունն էր կազմակերպել, վերնախավը, մինդեռ կային հասարակ ադրբեջանցիներ, որ դեմ էին այդ ամենին: Կային ադրբեջանցի հարեւաններ, որ ջարդի օրերին փակել էին դուռ ու լուսամուտ, կային ադրբեջանցիներ, որ օգնել են, ցերեկը մնում էի իմ տանը, գիշերը` ադրբեջանցի հարեւանիս: Նրանք ինձ փրկեցին, մինչեւ կայարան ուղեկցեցին: Բայց դա չի նշանակում, որ այս ամենը պետք է մնա անպատիժ», պատմում է Նորա Բաբախանովան :

Ռոբերտ Խաչատրյանը պատմում է, որ թեպետ անցել է 20 տարի, սակայն Հայաստանում փախտականների խնդրով ոչ ոք չի զբավում:

«Մինչեւ այսօր ՀՀ քաղաքացիություն չենք ստացել, կան 20-22 տարեկան երիտասարդներ, որ անձնագիր չունեն: Հայրս մահացավ 86 տարեկան հասակում: Հաշմանդամ էր ու կյանքի 18 տարին անցկացրել է հիվանդանոցում, բայց որեւէ օգնություն նրան չտվեցին, որովհետեւ փաստաթուղթ չունեինք: Չինական պատ են կառուցել մեր եւ ձեր միջեւ»:

«Եղբորս անհնար է վերադարձնել, ես դա հասկանում եմ, բայց կառավարությունը կարող էր ինչ-որ կերպ աջակցել նրա մորը: Եթե նա կարողանար գալ Հայաստան, հաստատ կգնար ու կպայքարեր Ղարաբաղի համար: Ու եթե նա զոհվեր` կառավարությունը նրան կհիշեր, կասեինՙ պատերազմի զոհ է ու ինչ-որ կերպ կաջակցեին նրա ընտանիքին», ասում է Էլեոնորան:

Բաքվի ջարդերից անցել է 20 տարի, սակայն միջազգային հանրությունը չի դատապարտել դրանք: Ճանաչման համար մի շարք հասարակական կազմակերպություններ աշխատանքներ են տանում, բայց դա բավարար չէ: Այդ հարցը կառավարությունը պետք է դնի բարձր մակարդակի վրա, դրանով պետք է զբաղվի արտաքին գործերի նախարարությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4