Թուրքիայի արտգործնախարարությունը Իսրայելից պահանջել է ներողություն խնդրել թուրք դեսպանի հանդեպ «անհարգալից վերաբերմունքի» համար: Այդ մասին նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որը մեջբերում է BBC-ն: Երեքշաբթի երեկոյան Անկարան որոշել էր իր դեսպանին հետ կանչել Իսրայելից:
Ներկայիս լարվածությունն սկսվել էր նրանից, որ Իսրայելի ԱԳՆ-ն թուրք դեսպանին կանչել եւ մտահոգություն էր արտահայտել թուրքական հեռուստատեսությամբ «Գայլերի հովիտը» սերիալի ցուցադրման կապակցությամբ, որտեղ Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցները պատկերվում են որպես մանկիկներ առեւանգողներ: Սցենարի համաձայն, իսրայելցի գործակալները այդ երեխաներին դարձնում են հուդայականներ:
Իսրայելի փոխարտգործնախարար Դաննի Այալոնը Թուրքիայի դեսպան Ահմդե Օղուզ Չելիկքոլին ընդունելուց առաջ սպասեցրել էր, հանդիպման ժամանակ նստեցրել ցածր բազմոցին, մինչդեռ իսրայելցիները նստած էին ավելի բարձր աթոռների վրա: Սեղանին դրված էր եղել միայն իսրայելական դրոշ: Այալոնը լրագրողներին կոչ էր արել ուշադրություն դարձնել թուրք դեսպանի ցածր բազմոցի եւ իսրայելցի դիվանագետների բարձր աթոռների վրա:
Ի պատասխանՙ Թուրքիան սպառնացել էր հետ կանչել իր դեսպանին, ԱԳՆ հայտարարության մեջ նշելով, որ «բացատրություններ եւ ներողություն է» ակնկալում Այալոնի գործողությունների առնչությամբ:
Վերլուծաբանները նշում են, որ ներկայիս դիվանագիտական սկանդալը ծագեց Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի կիրակի օրը Անկարա կատարելիք այցից ընդամենը մի քանի օր առաջ: Թուրքիան Իսրայելի դաշնակիցն է, բայց վերջերս երկկողմ հարաբերությունները լարված են: Մասնավորապես վերջին ամիսներին Թուրքիայի ղեկավարությունը քանիցս դատապարտել է 2009-ի սկզբին իսրայելական բանակի Գազա կատարած ներխուժումը: