Երեկ Մոսկվայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են գործընթացՙ վիզային ռեժիմի դադարեցման ուղղությամբ: «Մենք հույս ունենք, որ այդ գործընթացը երկարատեւ չի լինի», նշել է Պուտինը: Կողմերը նաեւ ստորագրել են պայմանագիր Թուրքիայում ռուս-թուրքական համատեղ ատոմակայանի կառուցման վերաբերյալ (այս մասին «Ազգ»-ը տեղեկացրել էր երեկվա համարում): Ռուսական կողմից ստորագրել է փոխվարչապետ Իգոր Սեչինը, Թուրքիայի կողմիցՙ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Ռուս-թուրքական բանակցությունների մաս է կազմել նաեւ Ռուսաստանի կողմից առաջարկվող «Հարավային հոսք» գազամուղի կառուցումը, որին Թուրքիան տվել է իր համաձայնությունը, սակայն կողմերը որոշել են սպասել մինչեւ Ուկրաինայում նախագահական ընտրությունների ավարտը, քանի որ եթե Ուկրաինայում հաղթի Մոսկվայի նկատմամբ հանդուրժողական տրամադրված թեկնածու, ապա անիմաստ կլինի ծախսել հսկայական գումարներ գազամուղը կառուցելու համար: Ի դեպ, «Հարավային հոսքի» ճանապարհն անցնում է նաեւ Հայաստանով:
Պուտին-Էրդողան հանդիպման կարեւոր հարցերից են եղել հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերն ընդհանրապես: Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում անհնար է լիարժեք խաղաղություն ու անվտանգություն ապահովել առանց Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման, եւ խնդրել է Պուտինինՙ էլ ավելի մեծ դեր խաղալ այս հարցում: Վերջինս ասել է, որ իր կառավարությունը դեմ է այդ հարցերի շաղկապմանը: Պուտինը դա կրկնել է նաեւ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում:
Հ. ԱՖՅԱՆ