Հայկական եւ ադրբեջանական տեղեկատվական որակվող պատերազմում ավելի հաճախ նախաձեռնություններն են կարեւորվում, քան որեւէ մեկնաբանությամբ ու արձագանքով պատասխանները:
Որքան էլ հույս հայտնենք, թե տեղեկատվական պատերազմում հայկական կողմն իր բարձրության վրա է, միեւնույնն է, ժամանակ առ ժամանակ հարկ է լինում ընդունել, որ ադրբեջանական կողմն առավել հաջողությամբ է օգտվում այդ պատերազմի լծակներից, ընդ որում, այնպիսի համառությամբ, որ «կրկնությունը գիտության մայրն է» արտահայտությունը բնավ էլ չի մոտենում «կրկնությունը բթության հայրն է» հակադարձող ձեւակերպմանը:
Օրինակների համար հեռու գնալ պետք չէ: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն ու դրանց նմանվող այլ լծակները հաճախակի ու բազմակողմ անդրադառնում են «Երբ խոսքերն արդեն հատել են» վավերագրական ֆիլմին ու այդ առնչությամբ արձագանքներին: «Թրենդ» գործակալության նկարահանած ֆիլմը, ըստ ադրբեջանական աղբյուրների, պատմում է ղարաբաղյան հակամարտության ու ադրբեջանցիների հանդեպ, այսպես կոչված, «հայկական վանդալիզմի» մասին:
Այն, որ ադրբեջանցիները նման ֆիլմ են նկարահանում ու դրա մասին թմբկահարում, բնավ էլ նորություն չէ ու զարմանալու կամ տխրելու առիթ չէ ինքնին: Սակայն այն թափն ու ուշադրությունը, որ դարձվում է ֆիլմին, սպասելի է դարձնում նաեւ այն, որ որոշ ժամանակ անց այս «ճշմարիտ» արտադրանքը կշրջի որտեղ ասես, եւ ում ասես իրեն ականատես ու ունկնդիր չի դարձնի:
Բնական է, որ ադրբեջանական կողմը ֆիլմը մեկնաբանություններով է ներկայացնում: Սակայն հաշվի առնելով, թե Ադրբեջանի պարագայում ինչ է նշանակում «հայկական օկուպացիայի եւ վանդալիզմի մասին փաստերով վավերագրական ֆիլմ» ներկայացվող տեսաժապավենը, ապա կարելի է ենթադրել, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանը դիվանագիտական ինչ-ինչ խողովակներով էլի մի բանաձեւ «կսղացնի», ասենք, ՄԱԿ-ում:
Հասկանալի է, որ նման թղթերը, բանաձեւերն ու առաջարկություններն իրավական ուժ չեն ունենա, սակայն պետք չէ մոռանալ, որ նման բանաձեւերին հղում կարող են կատարել արդեն այնպիսի փաստաթղթերում, որոնք կարող են պարտադրանքի ուժ ունենալ:
Ադրբեջանական ֆիլմն, ըստ հեղինակների, «փաստերի բավարար քանակով» է հագեցած, ինչը նշանակում է, որ կրկին ադրբեջանական քարոզչամեքենան արդեն վավերագրական որակվող ֆիլմի օգնությամբ իր ուզած տեղում ու պահին կարող է «խոսել փաստերով», ու հետո էլ հայկական կողմը ստիպված կլինի նույն տեղերում ավելի մեծ ռեսուրս ծախսելով տարհամոզել:
Իսկ որ վատագույնն է, հայկական կողմն ավելի շուտ ոչինչ չի փորձի անել, այլ «մեծահոգաբար ու վերեւից» կնայի իրականության ադրբեջանական աղավաղումներին` ոչինչ չփոխելու հաստատուն մտադրությամբ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ